Աղոթքի մոբիլիզացիա

Աղոթքի մոբիլիզացիա

– Պատերազմ կլինի՞, հա՛յր:

– Դուք աղոթո՞ւմ եք: Ես գարնանից աշուն աղոթքի մոբիլիզացիա եմ անցկացնում անաղմուկ, աղոթում եմ, որպեսզի Աստված ողորմի մեզ, և խուսափենք պատերազմից ու մոբիլիզացիայից: Մի այսպիսի ծանուցում ստացա. «Թախանձագին աղոթե՛ք, որպեսզի թուրքերին խանգարեն, որովհետև կիրակի օրը՝ հոկտեմբերի 16-ին, նրանք պատրաստվում են հարձակում գործել»(1): Փա՜ռք Աստծու, Աստվածածինն առայժմ պահպանում է մեզ, հուսանք, որ հետագայում էլ կպահպանի:

– Հա՛յր, իսկ այժմ, երբ վտանգն անցել է, կարիք կա՞ դրա համար աղոթելու:

– Իսկ ի՞նչ է, այլ տեղերում պատերազմ չկա՞: Ի՞նչ է նշանակում «մեզ մոտ» և «նրանց մոտ»: Այնտեղ, ուր այժմ պատերազմ կա, նույնպես մեր եղբայրներն են: Մի՞թե բոլորս Ադամից ու Եվայից չենք սերում: Սակայն մեր ընտանիքը մասնատվել է՝ ոմանք այստեղ են, մյուսներն՝ այնտեղ: Մյուս ուղղափառների հետ մենք և՛ մարմնավոր եղբայրներ ենք, և՛ հոգևոր, իսկ մնացյալ մարդկանց հետ միայն մարմնավոր եղբայրներ ենք: Նշանակում է ևս մի առիթ կա՝ նրանց համար ավելի շատ աղոթելու, քանի որ նրանք մեզնից դժբախտ են:

– Այժմ, երբ Հունաստանի համար ծանր ժամանակներ են, ես ավելի շատ եմ աղոթում, հա՛յր, սակայն միևնույն ժամանակ մտածում եմ, որ Հունաստանի փրկությունն իմ աղոթքից կախված չէ:

– Բանն այն չէ, որ Հունաստանի փրկությունը քո աղոթքից է կախված, այլ այն, որ եթե դու մտածում ես այն դժվարությունների մասին, որոնց միջով Հունաստանն անցնում է, նշանակում է սրտացավ ես հայրենիքիդ նկատմամբ և Աստծուց օգնություն ես խնդրում, և միայն Նա կարող է օգնել:

Աղոթեցե՛ք, որպեսզի Աստված ի հայտ բերի հոգևոր մարդկանց, Մակաբայեցիների(2), որովհետև նրանց կարիքը շատ կա: Հասել է չարի դեմ բարու պայքարի ժամանակը, որովհետև անօրինությունը օրենք է դարձել, իսկ մեղքը՝ նորաձև: Սակայն, երբ վշտեր տեսնեք Հունաստանում՝ կառավարությունը սկսի խելահեղ օրենքներ ընդունել և համատարած անկայություն լինի, մի՛ վախեցեք, քանի որ Աստված կօգնի(3):

– Դատելով նրանից, թե ինչ եք ասում, հա՛յր, մենք պիտի ամեն ինչ մի կողմ թողնենք և բոլոր ուժերն ուղղենք աղոթքի:

– Իհա՛րկե, բա էլ ի՞նչ: Ողջ աշխարհը մեծ կաթսայի պես եռ է գալիս: Եկեղեցին, պետությունը, ազգերը՝ ամեն ինչ շրջվել է գլխիվայր: Եվ ոչ մեկը չգիտի, թե այդ ամենն ուր է տանում: Հույսներս Աստծու օգնությանը դնենք: Վանականները պետք է թախանձագին աղոթեն: Պետք է մի կողմ դնեն իրենց բոլոր, նույնիսկ շտապ գործերն ու աղոթքով զբաղվեն:

Որքան ուժերը ներում են խոնարհությամբ աղոթե՛ք աշխարհի համար, որը բանսարկուին մեծ իրավունք է տվել իր վրա և տառապում է: Մի՛ մոռացեք, որ մենք վանական ենք դարձել և՛ հանուն մեր հոգու փրկության, և՛ որպեսզի աղոթքով օգնենք աշխարհին: Ջանանք, որպեսզի բարի վանականներ լինենք, աղոթե՛նք, ծնրադրություննե՛ր կատարենք մեզ համար և աշխարհի, որովհետև վանականն այդ կերպ օգնում է մարդկանց:

1. Ասվել է 1983թ.-ի նոյեմբերին: Այդ ծանուցումը մարդկային չէր, այլ՝ աստվածային:

2. «Մակաբէ» մականունը տրվել էր Հուդային՝ հուդայական ապստամբության առաջնորդին, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 166 թվականին, Անտիոքոս IV Եպիփանոսի և նրա ժառանգների դեմ: Մակաբայեցիները աչքի ընկան հայրենական հավատի և ազատության համար մղվող պայքարում (տե՛ս՝ 1 Մակ., 2 Մակ. և 3 Մակ.):

3. Ասվել է 1981 թվականին:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում