Կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի նոր ֆիլմը ցուցադրվելու է հայրենիքում

Կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի նոր ֆիլմը ցուցադրվելու է հայրենիքում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Նրա մասին կամ թե ինչպե՞ս նա չվախեցավ արջից» նոր գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում, սեպտեմբերի 27-ից կցուցադրվի Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցադրությունները տեղի են ունենալու Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Քաջարանում և Ստեփանակերտում։

Ֆիլմի հիմքում ռուս զինվոր Վալերի Պերմյակովի 2015 թվականին Գյումրիում կատարած սահմռկեցուցիչ ոճրագործությունն է, որի զոհը դարձավ մի ողջ ընտանիք։ Հենվելով իրական դեպքերի վրա՝ ֆիլմի հեղինակները ստեղծել են գեղարվեստական մի պատում, որտեղ առաջնային է դառնում արժանապատվության և անձնազոհության գաղափարը։

Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացվելուց հետո այն գրավել է միջազգային հանրության և պրոֆեսիոնալների ուշադրությունը` ստանալով հրավերներ մի շարք այլ առաջնակարգ կինոփառատոններից։

Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի գլխավոր համակարգող Էդվին Կարելսը, ժապավենը դիտելով, ասել է, որ հիանում է ռեժիսորների աշխատանքով, նրանց ուրույն մոտեցմամբ և ոճով, ինչը հնարավոր չէ գտնել այլ ռեժիսորների մոտ։ «Սա մի ոճ է, որն անընդհատ ստիպում է քեզ մտածել. դու չես ստանում միայն պատումը, այլ ընկալում ես փիլիսոփայությունը։ Ֆիլմում արտացոլված է կրոնի, բռնության, քաղաքականության ու վախի էությունը: Չնայած ֆիլմը շատ անձնական է, քանի որ հիմնված է իրական դեպքերի վրա, այն շատ համամարդկային է։ Սա ընկալումից է կախված, այն կարող է համեմատվել Դոստոևսկու վեպի հետ, լինելով նույնքան խորը»,-ընդգծել է Կարելսը:

Կինոգիտության դոկտոր, Շանհայի և Պեկինի միջազգային կինոփառատոնների համակարգող Յաո Վանգի խոսքով` սա շատ գեղեցիկ ֆիլմ է և ունի հրաշալի կառուցվածք։ «Ֆիլմում կան երեք-չորս տարբեր խմբերի հերոսներ, ինչպես նաև զուգահեռ ընթացող մանկապարտեզի տեսարան, որն ուղղորդվում է Արամ Խաչատրյանի «Իվանի արկածները» երաժշտությամբ։ Այս պարագայում՝ Իվանը այլաբանորեն ասոցացվում է մարդասպանի հետ, որի անունը նույնպես Իվան է։ Ինձ համար սա շատ գրավիչ և հետաքրքիր ֆիլմ է, և հաճելի բացահայտում էր դիտել այն մեծ էկրանին»,-նշել է դոկտորը:

«Ես շատ հավանեցի ֆիլմը, քանի որ այստեղ առկա է մարդկային ոգին, այլաբանությունը։ Կինոխցիկն աշխատում է հրաշալի։ Թեև ֆիլմը սարսափելի պատում ունի, բայց այստեղ անչափ մեծ է մարդկայինը»,-կինոնկարի մասին այսպես է արտահայտվել կինոռեժիսոր Վիկտոր Վան Դեր Վալկը:

Նարինե Մկրտչյանը և Արսեն Ազատյանը հեղինակ են մեկ տասնյակից ավելի ֆիլմերի, մասնակցել են ավելի քան 60 միջազգային առաջնակարգ կինոփառատոնների (Բեռլին, Ռոտերդամ, Լոկառնո, Բուսան, Մոսկվա, Մոնրեալ, Սիդնեյ եւ այլն)։ Նրանց կինոնկարներն արժանացել են մրցանակների և լայն արձագանքի մամուլում։

Նրանք հայ հասարակությանը հայտնի են «Բոբո», «Ռադիո Երևան», «Անդրեյ», «Ճամփեզրին», «Անառակ որդու վերադարձը», «Ապակե կախազարդը» և այլ կինոնկարներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում