Հոգևոր ճգնաժամի պատճառները

Հոգևոր ճգնաժամի պատճառները

Մեր բոլորի ներսում ու առօրյա կյանքում մշտական պայքար կա. այն դրսևորվում է ինչպես մեղք գործելիս, այնպես էլ որևէ բարի գործ կատարելիս: Մեր մեջ կա մի բան, որ մշտապես խանգարում է մեզ, և դա, որպես կանոն, հենց մենք ենք, մեր անձը: Այն պատնեշ է դառնում մեր և Աստծո միջև, ուստի մեր նպատակն է հոգևոր արժեքների և սեփական անձը ուրանալու միջոցով հաշտվել Աստծո հետ: Աստծո հետ հաշտվելու ճանապարհին շատ կարևոր է իմանալ հետևյալ հարցերի պատասխանները. ո՞վ ենք մենք և ո՞վ է Աստված մեզ համար: Աստծո էությունը մեզ համար ամբողջովին բացահայտված չէ, բայց կարող ենք ինքներս մեզ ճանաչել՝ մեր մեջ բացահայտելով Աստծուն: Մենք կարող ենք տեսնել, թե որքանով են աստվածաշնչյան իրողությունները, խորհուրդներն ու պատգամները արժևորված մեր կյանքում, մեր գործերի մեջ, և հասկանալ, թե իրականում ինչ չափով ենք մենք «խանգարում» ինքներս մեզ:

Այն, որ մենք մեր «ես»-ի հետ պայքարելու խնդիր ունենք՝ հստակ է. մեր թշնամուն մեզնից դուրս ենք փնտրում՝ տարբեր մարդկանց մեջ, անգամ Աստծուն ենք մեղադրում, իրականում խնդիրը միայն մեզ հետ է: Մեր գերագույն նպատակն այս կյանքում փրկությունն է, որին հասնելու ճանապարհին մեզ խանգարում է մեր «ես»-ը:

Քրիստոսի մահը շատերի համար դատապարտություն դարձավ, շատերի համար էլ՝ վերածնվելու հնարավորություն: Այն զուտ պատմական իրադարձություն չէր. հավատալ Քրիստոսի մահվանը նշանակում է մահանալ նրա հետ: Ասվածը, իհարկե, չպետք է ուղիղ իմաստով հասկանալ: Մահանալ Քրիստոսի հետ նշանակում է հրաժարվել մեր անձից, անձի ցանկություններից, մեր մեղավոր իրականությունից: Սա մեր ընթացքն է դեպի Աստված, որը, ինչ-որ առումով հերոսություն է մերօրյա իրականությունում, որովհետև այսօր մեզնից չի պահանջվում նահատակվել, վատ սնվել, աղքատ և ընչազուրկ լինել, այլ պահանջվում է պարզապես ճիշտ ապրել, որը, կարծես թե, ամենադժվար բանն է դարձել: Ամեն վայրկյան մենք ընտրություն կատարելու խնդիր ունենք. ոչ միայն պարզապես ընտրություն կատարելու, այլ՝ ճիշտ ընտրություն կատարելու: Եվ մեր ճիշտ ընտրությունը պիտի փաստի, որ Աստծո անունը ոչ միայն մեր շուրթերին է, այլև մեր սրտում, կյանքում ու մեր միջոցով՝ ամենուր:

Այսօր շատ ենք խոսում հոգևոր ճգնաժամի մասին: Հստակ է, որ գեղեցիկ ձևակերպումներով չէ, որ այդ ճգնաժամը պիտի հաղթահարվի, այլ՝ դիմացինին արժևորելով և գնահատելով: Մեկս մյուսին անտեսելը, միմյանց նկատմամբ անտարբերությունը բերում է հոգևոր ճգնաժամի:
Այս ճգնաժամից դուրս գալու ճանապարհը, դրա պատճաները բացահայտելը և մեր ազատությունն արժևորելն է: Հարկ է առանձնացնել երեք հիմնական պատճառներ, որոնք ընդհանուր են բոլոր մարդկանց համար:

Առաջին. Աստված մեզ տալիս է որոշակի զորություն՝ զգալու Իր ներկայությունը մեր կյանքում: Սա մեզ ոգևորում է և մենք զգում ենք, որ հավատում ենք Աստծուն: Որոշ ժամանակ անց, երբ մենք հասունանում ենք, Աստված ոչ թե լքում է մեզ, այլ ազատություն է տալիս, ինչպես այն ծնողը, ում երեխան, երբ հասնում է չափահասության տարիքի, ինքը մի փոքր հետ է քաշվում՝ երեխային տալով ազատություն, սակայն ակնկալում, որ այդ ազատությունն երեխայի մոտ կձևավորի պատասխանատվության գիտակցում: Աստծուց տրված ազատության մեջ հաճախ չենք կողմնորոշվում, խուճապի ենք մատնվում և մեր ներսում հասունանում է հոգևոր ճգնաժամ: Թվում է, թե Աստված լքել է մեզ:

Հոգևոր ճգնաժամի առաջացման մյուս պատճառն այն է, որ մարդն ինքն է հրաժարվում Աստծուց. սա տեղի է ունենում անհատի մեղավոր ցանկությունների արդյունքում, երբ մարդը մեղանչում է, սակայն չի տեսնում հնարավորությունը մեղքերի սրբագրման. այսպես մարդը աստիճանաբար հեռանում է Աստծուց: Մեղքն ու մեղավոր իրականությունը նման են ճահճի. այստեղից դուրս գալը ժամանակի հետ ավելի բարդ և անիրագործելի է դառնում: Ամեն անգամ սխալներ գործելիս և մեղավոր իրականության մեջ հայտնվելիս մենք ընկնում ենք հուսահատության գիրկը. մեզ թվում է, որ այլևս հետ վերադառնալու, շտկվելու հնարավորություն չունենք:

Սակայն չպետք է մոռանանք, որ այս պարագայում հոգևոր ճգնաժամը, թեև մեր մեղքերի և մեր իսկ ընտրության արդյունքն է, բայց այն ընդամենը հոգեվիճակ է, որը կարող ենք համեմատել այն ժամանակների հետ, երբ ներդաշնակ և հաշտ էինք Աստծո հետ: Մենք դեռևս ունենք նոր ընտրություն անելու հնարավորություն:

Հոգևոր ճգնաժամի մյուս պատճառը մարդու սահամանափակ կարողություններն են:
Հաճախ մենք ձգտում ենք անելու ավելին, քան կարող ենք, սակայն մոռանում ենք, որ մեր կարողությունները սահմանափակ են և արդյունքում ընկնում ենք հուսահատության գիրկը: Լինում է այնպես, որ մեր պայքարը հանուն պատվիրանապահության, ձախողվում է, սակայն դա չի նշանակում, որ մենք վերջնականապես դատապարտված ենք: Մեղքերի դեմ պետք է պայքարել գիտակցորեն, հասկանալով, որ պայքարում ենք ոչ թե նրա համար, որ մեղքը սխալ է, վատ է, այլ նրա համար, որ այն խանգարում է մեզ ավելի մոտենալ Աստծուն: Մենք չենք գնում դեպի Աստված, որպեսզի մեղքերը հաղթահարենք, այլ մեր մեղքերն ենք հաղթահարում, որպեսզի հասնենք Աստծուն:

Հոգևոր ճգնաժամը և դրանից ազատվելու պայքարը բոլորիս կյանքի բաղկացուցիչ ու անբաժանելի մասն է կազմում: Այն ամենօրյա պայքար է: Մերօրյա մարդկանց մեջ արմատացած կարծիք կա, որ եթե եկավ եկեղեցի, մկրտվեց, ապաշխարեց ու հաղորդություն ստացավ՝ վերջ, դրախտի դռները նրա համար բաց են: Սակայն մոռանում ենք, որ կյանքը միշտ լի է նոր անակնկալներով: Մարդը փորձում է դրախտ մտնել առանց խաչի, ինչն անհնար է, որովհետև խաչն է դրախտի բանալին:

Մկտրությամբ մենք դառնում ենք քրիստոնյա, եկեղեցի գալով՝ փաստում ենք մեր հավատքը, բայց սրանք գործողություններ են, որոնք պիտի իմաստ ստանան, արժևորվեն մեր ամբողջ կյանքի ընթացքում:

Տեր Եսայի քհն. Արթենյան

Աղբյուր՝ Holytrinity.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում