Խաչվերաց. ժողովրդական սովորությունները

Խաչվերաց. ժողովրդական սովորությունները

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տաղավար տոներից Խաչվերացը նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած կիրակի օրը: Ակունքներով այս տոնը պատմական է և վերաբերում է Հիսուս Քրիստոսի խաչափայտի ազատագրման հիշատակին:

Մինչև XX դ. սկզբները, Խաչվերաց տոնը, որը կենցաղում տարածված էր Սփխեչ կամ Սըբխեչ անվամբ, ուներ նաև այլ անվանաձևեր. Խչվերաց, Ուլոց (Ուլնոց), Խրով, Խաչեյն Զադագ և այլն:

Սեբաստացիները սեպտեմբեր ամիսը անվանում էին Խաչ-Խաչին, քանի որ տոնը հաճախ ընդգրկում էր ողջ սեպտեմբերը:

Ամենուր նախապատրաստվում էին՝ տոնը հանդիսավորությամբ նշելու: Տանտիրուհիները կարգի էին բերում բնակարանները, տնտեսությունը և սպասում ուխտավոր հյուրերին: Հարքում Սուրբ Խաչի պասը կոչվում էր Նան ու Տրի, որ քրդերեն նշանակում է հաց և խաղող, կամ հաց ու խաղողի տոն: Տոնին այցելում էին գերեզման և աղքատներին անվճար հաց, խաղող և այլ մրգեր էին բաժանում:

Խաչվերացի տոնին կազմակերպվում էին ուխտագնացություններ: Յուրաքանչյուր բնակավայր ուներ տոնին նվիրված իր ուխտավայրը: Մինչև այժմ էլ Խաչվերաց տոնի նշանավոր ուխտավայրերից է Վայոց Ձորում գտնվող Արկազի Սուրբ Խաչ եկեղեցին: Զանգեզուրում Սըփ խաչի կապակցությամբ կազմակերպվում էր զանգվածային ուխտագնացություն Ծիծեռնավանք, որին մասնակցում էին շրջակա գրեթե բոլոր գյուղերի բնակիչները: Զնաբերդցիների բարբառով Խաչվերացի տոնը Խրով է կոչվում՝ տոնի ծիսական գլխավոր ուտեստի՝ թոնրի մեջ ամբողջական խորոված ուլի անվամբ: Ուլ մատաղ անելու սովորույթով էր պայմանավորված տոնը բնութագրող նաև Ուլոց (Ուլնոց) անվանումը: Տոնի կապակցությամբ եկեղեցիներին մատուցում էին նվերներ (ուլեր, գորգեր, տարբեր գործվածքներ և այլն):

Ուխտավայրերում կազմակերպվում էին նաև տոնավաճառներ, խաղային-երաժշտական հանդիսություններ:

Ուխտավորները մեծ թիվ էր կազմում, ուխտի էին գնում գրեթե ողջ համայնքը, մասնավորապես հիվանդները, որոնք տասնյակ կիլոմետրեր էին ոտքով անցնում բաղձալի ուխտավայրը հասնելու համար:

Սուրբ Խաչի օրը Շիրակում թե՛ քաղաքում և թե՛ գյուղերում ուլ էին մորթում, ամբողջությամբ կախում թոնրում ու խորովում: Այնուհետև, որպես մատաղ, այն բաժանում էին դրացիներին, իսկ ննջեցյալների բաժինը տանում դնում էին գերեզմանատան քարերի վրա: Զանգեզուրում նոր հանգուցյալ ունեցող ընտանիքներում Սբ. Խաչի ուրբաթ օրը ոսպով շորվա էին եփում և բաժանում որպես հոգեբաժին: Տարոնում և Մուշում առավոտյան, ժամերգությունից հետո, կանայք խաղող, ձմերուկ և հաց էին տանում գերեզմանատուն, օրհնել էին տալիս մերձավորների գերեզմանները և ուտելիքներից բաժին հանում քահանային ու աղքատներին: Մնացածը տանում էին տուն և բաժանում ընտանիքի անդամներին:

Վասպուրականում տարածված էր այդ օրվա կապակցությամբ փայնաքեոշ (համեմով հաց) թխելու և այն աղքատներին բաժանելու սովորույթը:

Մուսալեռցիներն այդ տոնին (Խաչեյն Զադագ) ուխտի էին գնում Թոմվաս առաքյալի վանքը: Սբ. Պատարագից հետո պատրաստում էին հարիսա: Մերձակա գյուղերից եկածներն իրենց հետ ուխտավայր էին տանում մատաղացու կենդանիներ և ցորեն:

Տոնին առնչվող ժողովրդական ավանդույթներից էր նոր հանգուցյալներ ունեցող ընտանիքներին՝ հարազատների կողմից ուլ կամ գառ նվիրելու սովորույթը: Դրանք թոնրի մեջ խորովելով, բլղուր ձավարով ու փլավի վրա դրված, բաժանում էին սգավոր ընտանիքներին:

Տոնի հաջորդ՝ երկուշաբթի օրը, մեռելոց է, այդ օրը գրեթե բոլորն այցելում են իրենց հարազատների շիրիմներին:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում