Թովմա քահանա Անդրեասյան․ Սովորական հայկական օր

Թովմա քահանա Անդրեասյան․ Սովորական հայկական օր

Ուշ երեկո էր: Մահամերձ հիվանդին հաղորդություն տալուց հետո մխիթարական խոսք ասացի հարազատներին, հրաժեշտ տվեցի ու չսպասելով, որ ինձ` քահանայիս համար տաքսի կանչեն, շտապեցի դուրս ելնել փողոց: Ավելի ճիշտ` հարազատներն այնքան կոտրված էին իրենց քաղցկեղով հիվանդ երիտասարդ տղայի ծանր վիճակից, որ ինձ համարյա մոռացան: Ես աննկատ ելա միջանցք, լռության մեջ խոր շունչ քաշեցի և աստիճաններով իջա… խավարի մեջ, որովհետև միջանցքում անասելի մութ էր:

«Բիբլիական խավար». անցավ մտքովս: Դանդաղ, առանց շտապելու իջա հինգերորդ հարկից, հասա շենքի մուտքի դռանը և դուրս եկա Ամիրյան փողոց:

Գլուխս և աչքերս անասելի հոգնածությունից ցավում էին: Աջ ու ձախ նայեցի և ձեռքով արեցի մոտեցող տաքսիին: Տաքսին կանգնելու ազդանշանային լույսով երթը դանդաղեցրեց, բայց երբ ես մոտեցա, կտրուկ պոկվեց տեղից և սլացավ: Ես զարմացա, բայց երբ նա չքացավ՝ հատելով Մաշտոցի պողոտան, անմիջապես իմ տեսադաշտի առջև հայտնվեց ցուցարարների մեծ ամբոխ, որ իջնում էր պողոտայի վերևի մասից` գոռալով և վանկարկելով.

– Ելք կա՛, ելք կա՛, ելք կա՛, ելք կա՛…

Ինչպես հասկացավ վարորդը, որ վերևից ամբոխ է իջնում՝ անհասկանալի էր, որովհետև ոչ մի ձայն չէր լսվում մինչ այդ: «Այս ժողովուրդն արդեն հոտառությամբ է զգում ամեն ինչ»,- անցավ մտքովս: Նայեցի` ինչպես են իջնում ցուցարարները` աղմկելով և գոռգոռալով: Վերջապես անհետացան:

– Չէ՛, դո՛ւ ես Վանոն:

Շուռ եկա: Մի մարդ, ըստ երևույթին` հարբած, կանգնել էր ինձնից ոչ հեռու և վիճում էր ինքն իր հետ:

– Ես Լևոն եմ, դու Վանո ես:

Հետո գլուխը թափահարեց, որովհետև չհամաձայնեց այդ դերաբաշխման հետ և պնդեց` հաստատելով.

– Ե՛ս եմ Վանոն, դու Լևո՛նն ես:

Հետո նորից տարակուսանքի մեջ ընկավ: Ապակե աչքերով նայում էր գետնին, կարծես այնտեղ փնտրեր իր խնդրի պատասխանը: Նա օրորվելով հեռացավ` շարունակելով փորձել հասկանալ` ով է Լևոնը, ով՝ Վանոն:

Վերջապես տաքսի բռնեցի: Երբ Ամիրյանից թեքվեցինք պողոտա, Լևոնի և Վանոյի հարցը լուծող մարդն անկյունում էր արդեն և դեռևս վիճում էր ինքն իր հետ: Չորս կողմում փողոցային լույսերի լուսավորությունն էր: Խորենացու փողոցը և Սարի թաղը հեռու էին իրենց իրարանցումով, ծեծկռտուքով և արնահեղությամբ: Ոստիկանական մեքենաներն այս ու այն կողմ էին սլանում՝ երբեմն լարված շչակներով, երբեմն պարզապես իրենց ներկայությունը ցուցադրելով: Տաքսիի ռադիոն ինտենսիվ լուրեր էր հաղորդում Խորենացի փողոցի վիճակից: Ստեպ-ստեպ լսվում էին «ոստիկաններ», «քարեր», «շտապ օգնություն», «Սասնա ծռեր» և այլ բառեր: Վարորդը, միջահասակ մի մարդ, հառաչեց, ապա, մեքենան վարելու հետ, մի պահ ինձ նայեց և հարցրեց.

– Տե՛ր հայր, ի՞նչ է լինելու մեր վերջը:

Ես հոգնած ժպտացի նրան:

– Լա՛վ կլինի, – ասացի, – մեր կաշին հաստ է, այս փորձությունն էլ կտանենք:

– Ախր, ինչի՞ պիտի տանենք: Մենք լավ ապրելու իրավունք չունե՞նք:

Ճանապարհը մինչև Նորքի 5-րդ զանգված երկար էր: Քահանայական պարտականությունն, առանց գլխացավի և աչքերիս ցավի հետ հաշվի նստելու, սկսեց խոսել իմ միջից՝ դանդաղ, հանդարտ, անշտապ, միաժամանակ փորձելով նաև հանգստանալ ծանրաբեռնված օրվա տպավորություններից և զգացողություններից:

Փակեցի աչքերս: «Գոնե մի քիչ հանգստանամ», – շշնջացի անլսելի ձայնով:

– Մեր ազգի խաչը ծանր է… Դու Աստվածաշունչ կարդացե՞լ ես:

Ձայն չկա: Լսո՞ւմ է արդյոք:

– Ծննդոց գրքի 2-րդ գլխում պատմվում է այն մասին, որ Աստված ստեղծեց երկրային դրախտը և Ադամին՝ առաջին մարդուն, բնակեցրեց դրախտի մեջտեղում՝ կենաց ծառի դիմաց: Այդ դրախտի տարածքը ոռոգում էին չորս գետեր՝ Գեհոնը, Փիսոնը, Տիգրիսը և Եփրատը: Տիգրիսը և Եփրատը մենք գիտենք՝ որտեղ են գտնվում: Փիսոնը Փասիս գետն է, որ Աջարիայի վերևում է և թափվում է Սև ծովը, իսկ Գեհոնը Արաքս գետն է: Մի խոսքով՝ Ադամի դրախտը պատմական Հայաստանի տարածքն է… Հայաստանը…

Աչքերիս փակ վիճակն իր գործն արեց. ննջեցի: Գուցեև քնեցի, որովհետև աչքերիս առաջ քաղցկեղով հիվանդ, տանջված դեմքով երիտասարդն էր, հետո հանկարծ ցուցարարներ հայտնվեցին, հարձակվում էին ոստիկանների վրա, խփում էին իրար, ծեծկռտոց էր, խառնաշփոթ, ինչ-որ մեկը գոռաց` Ռոբերտ, ես քո… մարտի 1-ը դու չես մարսի…

Արթնացա: Մեքենայի մեջ եմ: Մեքենաների հսկա շարան է: Հասել ենք արդեն «Բելլաջիո» ռեստորանի մոտ, բայց առաջ ընթանալը դժվար էր. ինչ-որ տեղ խցանում էր: Աչքերս մի քիչ հանգստացել են. ցավը մեղմացել է:

Նայում եմ վարորդին: Դեմքը մթության մեջ չի երևում: Չեմ հասկանում՝ ինչի մասին է մտածում:

– Ի՞նչ ասաց Քոչարյանը, մարտի 1-ը ո՞վ էր սարքել, – հարցրի: Ինձ թվաց` նա ինչ-որ բան է լսել ռադիոյով:

– Ի՞նչ Քոչարյան:

– Մեր նախագահը, – զարմացա ես:

– Մեր նախագահը վաղուց Սերժ Սար­գսյանն է, – լուրջ պատասխանեց:

Ախ, հա՜, ես քնած էի, հիմա 2016 թվականն է: Մարտի 1-ը վաղուց պատմություն է դարձել: Հիմա «Սասնա ծռերի» ժամանակն է:

– Տե՛ր հայր, լավ էիր խոսում, ինչո՞ւ լռեցիր:

– Ի՞նչի մասին էի խոսում,- հարցրի:

– Ադամի դրախտի մասին:

Այո՛, Ադամի դրախտը: Լավ էր այն ժամանակ, ո՛չ մեղք կար, ո՛չ վերք: Շարունակեմ խոսել. քահանայի պարտականություն է:

– Առաջին մարդն իր մեղքերի պատճառով զրկվեց դրախտից և արտաքսվեց: Աստված կենաց ծառի մոտ կանգնեցրեց իր հրեշտակներին և հրամայեց շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները, որպեսզի ապականված մարդն այդ ծառի պտղից է՛լ չուտի և անմահ չդառնա իր ապականությամբ: Ադամից առաջացավ աշխարհի բնակեցումը մարդկանցով: Բոլոր քաղաքակրթությունների սկիզբը և վերջը եղել է այստեղ: Ադամի քաղաքակրթությունը կործանվեց ջրհեղեղով, իսկ Նոյից, որը Արարատից իր ընտանիքով իջավ Արարատյան դաշտավայր և բնակեցրեց այդ տարածքը, սկսվեց նոր` երկրորդ քաղաքակրթությունը: Ի՞նչ ես կարծում՝ երրորդ քաղաքակրթության սկիզբը, որը Քրիստոսի գալստյան հետ է կապված, որտե՞ղ պետք է լինի:

Լուռ է: Դանդաղ շարժվում ենք: Կարգին խցանում է:

– Քանի դեռ մենք քրիստոնեություն չէինք ընդունել, վատ չէին կարծես մեր ազգի երկրային գործերը: Բարգավաճում էինք, մեծ տարածքներ ունեինք, հանգիստ ապրում էինք, հզոր թագավորություն ունեինք: Բայց Աստծո կամքով ներքաշվեցինք սատանայի դեմ պատերազմի մեջ՝ ընդունելով քրիստոնեություն: Ավելի կոնկրետ՝ այն պահից, երբ Գրիգոր Լուսավորիչը տեսավ Միածին Որդու տեսիլքը, որը ոսկե մուրճով հարվածեց Վաղարշապատի որոշակի տարածքի գետնին և ասաց. «Այստեղ կկառուցես իմ աթոռը, իմ գահը», և կառուցվեց Էջմիածինը, ահա այդ պահից էլ սատանան հասկացավ, որ իր վերջը, որ նկարագրված է Հովհաննու հայտնության մեջ, Հայաստանից է գալու:

Ահա և խցանման պատճառը` մի մարմին է պառկած՝ սպիտակ սավանով ծածկված:

Ոստիկանական մեքենան կանգնել է հենց փողոցի մեջտեղում: Ոստիկանը մարմնի մոտ է գտնվում և գոռգոռում է նրանց վրա, ովքեր, հետաքրքրասիրությունից դրդված, ուզում են կանգնել և հայացքներով զննել զոհին: Կի՞ն է, թե՞ տղամարդ: Ջահե՞լ է, թե՞ տարեց: Փողո՞ցն է փորձել անցնել այս ուշ ժամին, թե՞ մեքենայից է դուրս ընկել: Լավ, հերիք է ուղեղս լարեմ:

Սովորական հայկական օր: Սովորական հայկական երեկո: Սովորական հայի բախտ:

Անհեթեթ բախտ:

– Մեր ազգի վրա Աստված առաքելություն դրեց՝ մենք սատանայի դեմ Քրիստոսի պատերազմի կրողն ենք: Եվ սկսվեց մեր ազգի խաչը, որը օրեցօր, տարեցտարի, դարեդար ավելի էր ծանրանում: Մի պատմաբանի խոսքով՝ Հայաստանի վրայով, Լուսավորչի ժամանակներից սկսած, անցել է 2400-ից ավելի պատերազմ և ասպատակություն: Ոչ մի ազգ չէր դիմանա այդ ամենին, բայց մենք կանք և կրում ենք դեռ մեր խաչը: Պատերազմն ավելի թեժացավ 19-րդ դարի վերջից: Եղեռնի և խորհրդային առաջին տարիների շնորհիվ սատանան կարողացավ հայաթափել պատմական Հայաստանի մեծ մասը: Նա պատրաստվում էր Քրիստոսի դեմ վերջին ճակատամարտին: Դրա համար նա կուտակել էր իր կատարյալ ուժերը՝ թուրքերին և ազերիներին: Բայց նրան չհաջողվեց ոչնչացնել բոլոր հայերին և գրավել այն տարածքը, որտեղ գտնվում է Գառան գահը՝ Էջմիածինը: 1988 թվականից պատերազմը նոր փուլով գնաց, և Աստված զգալի հաղթանակներ տարավ: Հիմա սատանան գազազած է, նա ամեն ինչ անում է, որ ոչնչացնի մի բուռ ժողովրդին, ոչնչացնի Գառան գահը և կասեցնի Աստծո դատաստանը, որը նկարագրված է Հովհաննու հայտնությունում: Դրա համար նա օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները՝ շրջափակում, տնտեսական և սոցիալական նեղություններ, պատերազմ, արտագաղթ, աղանդներ, անբարոյականություն, անօրինականություն, տարբեր կարգի ծանր հիվանդություններ, ներքին խժդժություններ և այլն: Նա ատամները ջարդում է աներևույթ պատնեշներին ու չի կարողանում հասնել իր նպատակին: Եվ Քրիստոս, միևնույն է, հաղթելու է:

Վերջ: Պարտականությունս կատարեցի: Բայց… բան հասկացա՞վ: Փոխանակ պարզ բառերով բացատրես… Դու էլ իբր քահանա ես: Պարտականություն ես կատարում, փոխանակ սրտացավությամբ խոսես: Ու ինքս ինձ հետ սկսեցի մտքերով վիճել: «Ի՞նչ ես վրա տալիս: Հոգնած եմ, ես էլ կարիք ունեմ սրտացավության»: «Բողոքիր, բողոքիր, ողջ կյանքում բողոքել ես: Քո բողոքող, դժգոհ, անհավատ ազգի արժանի զավակն ես»: «Բավական է, լռիր, դու ո՞վ ես, որ ինձ խելք ես սովորեցնում»:

Համ էլ ո՞ւմ բողոքեմ: Գնամ, միանամ այն ինքն իր հետ խոսող մարդո՞ւն: Ես էլ եմ Լևոն-Վանո, գուցե Քոչարյան-Սերժ, գուցե… Մենք՝ բոլորս լևոններ ենք, վանոներ, քոչարյաններ, սերժեր… Ուրիշ ծնունդ չենք տալիս: Մի տականքն ուտում է մյուս տականքին (ո՞վ է այդ ասել): Սա է անվերջ: Մեղա քեզ, Տե՛ր… Մեղա՜…

– Ախր, մեղք ենք, կոտորվում ենք,- բողոքեց վարորդը:

Հետաքրքիր է, որ չի հարցնում, թե այդ ամենը ես որտեղից գիտեմ: Ախ, հա՛, չէ՞ որ ես խելոք եմ, ամեն ինչ գիտեմ իր կարծիքով, քահանա եմ:

Զարմանալի է, որ խցանումը դեռևս կա: Բայց ի՞նչն է զարմանալի: Սովորական հայկական օր:

Ահա երևաց խցանման նոր պատճառ՝ երկու մեքենա խփել են իրար և փակել ճանապարհը: Շուրջը՝ մարդիկ, ոստիկաններ… Ռադիոն խոսում է Սարի թաղի երթից ու հիվանդանոց տեղափոխված վիրավորներից:

– Մենք չենք ընտրել մեր խաչը: Մեր պապերն են ընտրել, և մենք այլևս չենք կարող հրաժարվել դրանից: Հրաժարումը մահ է, և՛ մարմնական, և՛ հոգևոր մահ: Այս կյանքը մի ակնթարթ է, թարթում ես, և վերջ: Բա հետո՞: Մահվամբ է իրական կյանքը սկսվում:

Սակայն այդ չի նշանակում, որ մենք՝ բոլորս, զոհվելու ենք: Մեր ազգին մեծ ապագա է սպասում: Ինչպես Քրիստոս խաչվեց և հարություն առավ, այդպես և մենք ենք հարություն առնելու: Մեր ազգին երանի են տալու մյուս ազգերը: Հովհաննու հայտնությունը կատարվում է, քիչ է մնացել: Սատանան պարտվելու է և փակվելու է դժոխքում: Պատմական Հայաստանը մեզ կվերադառնա: Երկրի և երկնքի արանքում տեղավորվելու է Նոր Երուսաղեմը` Աստծու քաղաքը, որ նկարագրված է Հովհաննու հայտնության 21-րդ գլխում: Այնտեղ նույնիսկ Նոր Երուսաղեմի չափերն են գրված:

Ուրեմն լսիր՝ երկարությունը 2500 կմ է, այսինքն՝ ձգվում է Ադրբեջանի տարածքից մինչև Հունաստան ներառյալ, և Թուրքիա այնտեղ չի լինելու: Լայնությունը 2500 կմ է, այսինքն՝ Փասիս գետից մինչև Սինայի թերակղզուց ներքև: Բարձրությունն էլ է 2500 կմ: Նոր Երուսաղեմը խորանարդի տեսք ունի: Այնտեղ խառնվելու են երկրային և երկնային արարածները, երկնային դրախտի սկիզբը հողի վրա պետք է լինի: Եվ այնտեղ լինելու են նաև Հայաստանը և Գառան գահը՝ Էջմիածինը: Հովհաննու հայտնության 22-րդ գլուխը նկարագրում է. «Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև սառնորակ կենդանի ջրի մաքուր մի գետ, որ բխում էր Աստծու և Գառան գահից ու գնում էր քաղաքի հրապարակների միջով:

Գետի եզերքին, մեկ և մյուս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու անգամ պտուղ. ամեն ամիս՝ իր պտուղը, և ծառի տերևը ազգերի բուժման համար էր»: Մարդը նորից տեսնելու է կենաց ծառը, ճաշակելու է նրա պտղից, և այլևս ցավ չի լինելու:

Հավատա, չի լինելու անարդարություն և տառապանք: Մարդը մարդուն գայլ չի լինի, ինչպես հիմա: Հայ ժողովուրդը հաղթելու է իր թշնամիներին: Նորից եմ ասում՝ մեզ երանի են տալու, որ մենք հայ ենք, քրիստոնյա ենք և պատվով տարանք Քրիստոսի խաչը:

Հավատա, այլևս ցավ չի լինելու, այլևս ցավ… չի… լինելու…

Քաղցկեղից մեռնող երիտասարդը ժպտում է ինձ, ես մեկնում եմ ձեռքս, որ շոյեմ նրա ճակատը, իսկ նրա ետևից հայտնվում են ճերմակ շորերով մարդիկ, որ ժպտալով մոտենում են ինձ: Նրանք շատ են, նրանք հսկայական զանգված են, նրանց ծայրը չի երևում: Հանկարծ նկատում եմ, որ նրանց բոլորի կրծքներին արյուն կա` վերքի հետքը:

Բայց այդ արյունը հանկարծ վարդ է դառնում, և վարդերի հսկայական մի պարս պոկվում է նրանց կրծքներից, բարձրանում երկինք, բարձրանում ավելի ու ավելի և ինչ-որ տեղ՝ շատ վերևում, դառնում մի հսկայական կարմիր վարդ` վառվռուն, փայլփլուն, պսպղուն…

– Բա ինչի՞ էդ ամենը մեր երկրի նախագահը չգիտի: Մեր վիճակը վիճա՞կ է: Ես Ռուսաստանում եմ աշխատում, նոր եմ եկել: Հանգիստ ապրում էի, կնոջս ու աղջկաս էստեղ կարողանում էի պահել: Ո՞նց են էստեղ մարդիկ ապրում ու դիմանում՝ չեմ հասկանում:

Ես քնած էի: Դարձյալ քնել էի: Այդ ամենը երազ էր:

Նոր էինք խցանումից դուրս եկել, հիմա էլ՝ նոր խցանում 1-ին զանգվածում: Ռադիոյով կրակոցներ լսվեցին: Խոսում են ինչ-որ մեկին վիրավորելու մասին:

– Քեզ թվում է՝ այսպիսի երկրի նախագահ լինելը հե՞շտ բան է: Մենք մեզնից տնտեսապես և քաղաքականապես ոչինչ չներկայացնող երկիր ենք: Ադրբեջանն ու Թուրքիան պետք են և՛ Ամերիկային, և՛ Եվրոպային, և՛ Ռուսաստանին: Մենք, ըստ էության, ոչ ոքի պետք չենք:

Մենք փուշ ենք բոլորի մարմիններում, ոսկոր ենք նրանց կոկորդներում: Եթե Աստված մեզ չպաշտպաներ, մեզ վաղուց ոչնչացրել էին: Մենք բացի Աստծուց ոչ ոքի պետք չենք, ոչ ոքի, լսո՞ւմ ես: Գիտե՞ս՝ ով կկարողանա միայն մեր երկիրը ղեկավարել: Նա, ով չի ասի՝ տեսնեմ, թե ինչ է կարգադրում Ամերիկան կամ Եվրախորհուրդը, կամ Ռուսաստանը, այլ կասի՝ տեսնեմ, թե ինչ է կարգադրում Աստված: Մեր երկիրը կարող է ղեկավարել միայն նա, ով Մովսեսի, Հեսուի, Դավիթ թագավորի կամ Գայլ Վահանի նման լսում է Աստծո ձայնը: Մեծ ճակատամարտ մղող ժողովրդին ուրիշ ոչ ոք չի կարող ղեկավարել: Եթե այդպիսի մեկը լիներ, մենք մեծ հաղթանակներ կտանեինք: Դու գիտե՞ս այդպիսի մեկին:

– Չէ՛:

– Ես էլ չգիտեմ:

Դարձյալ կրակոցներ ռադիոյով: Մի կին բղավում է՝ մարդասպաննե՜ր, ազգի դավաճաննե՜ր, թուրքե՜ր… Ահա խցանման պատճառը՝ դիմացից ամբոխ հայտնվեց՝ գոռալով.

– Ելք կա՛, ելք կա՛, ելք կա՛, ելք կա՛:

«Էս Ամիրյանի վրա տեսած ամբոխը չէ՞ր: Էս ինչպե՞ս հայտնվեցին այստեղ: Բան չեմ հասկանում»: Այս մտքերից հետո գլուխս շփեցի՝ կարծես փորձելով խելքս տեղը բերել:

Սովորական հայկական օր:

– Ուզում եմ, որ էրեխեքս լավ ապրեն, կյանքից բան հասկանան:

Ասում ու դարձյալ հառաչում է իմ վարորդը: Հիշեցի, որ Ռուսաստանից է վերադարձել:

– Ռուսաստանում լավ չէ՞ր, ինչի՞ ես վերադարձել:

– Լավ էր, շատ լավ էր: Էնտեղ հանգիստ է, աշխատանք կա, պատերազմի մասին չես մտածում: Տղայիս հետ էի գնացել: Տղայիս պավեստկա եկավ: Երևանից կինս զանգեց, ասաց: Տղաս էլ թե՝ ես պիտի մեր հայկական բանակում ծառայեմ, ամոթ է, որ չծառայեմ:

Փորձեցի համոզել, որ լավ գործի վրա ենք, մերոնց օգնում ենք Երևանում: Չկարողացա:

Իրերը հավաքեց ու… Ես էլ հո մենակ չէի՞ մնա: Սիրտս կկանգներ՝ նա մեր վտանգավոր սահմանների վրա, ես էլ առոք-փառոք ապրում եմ Նիժնի Նովգորոդում: Հետը եկա ու հիմա մոլորած-շվարած տաքսի եմ քշում:

– Որտե՞ղ է ծառայում:

– Առայժմ ուչեբկայում ա՝ Ղափանում, հետո՝ չգիտեմ:

Մենք տեղ էինք հասել: Ես իջա մեքենայից:

– Լավ կլինի,- ասում եմ,- հանգիստ եղիր: Աստված քո տղային ու ընտանիքին պահապան լինի:

Նա շնորհակալություն հայտնեց ու մեկնեց:

Ես տուն եմ գնում: Չեմ սիրում տաքսիով մինչև տուն գնալ: Սիրում եմ մի քիչ ոտքով քայլել: Հիմա էլ քայլում եմ ու… հանկարծ ինչ-որ տեղից կրակոցներ լսվեցին: Կրակո՞ց է, թե՞ հրավառություն: Չէ՛, այնուամենայնիվ, ավտոմատի կրակահերթ է, հրավառությունն այսպես չի լինում: Մարդիկ այլևս չեն վախենում, չեն կենտրոնանում դրա վրա, որովհետև շատերը չեն տարբերում կրակոցը հրավառությունից: Իսկ թե տարբերեն էլ՝ ի՞նչ փույթ:

Սովորական բան է:

– Ես Ռոբերտն եմ, դու՝ Սերժը:

Ո՞վ էր: Շրջվեցի: Ոչ ոք չկա: Նայեցի չորս կողմը: Շենքեր և լույսեր: Ոչ ոք: Գլուխս պտտվեց: Շնչառությունս հերիք չէր անում: Ես բռնվեցի մայթի կողքի ծառից: «Տե՛ր Աստված, կարծես խելագարվում եմ: Մեղա քեզ, Տե՛ր»: Չէ՛, խելագարվել չի կարելի: Ես քահանա եմ, ես օրինակ եմ շատերի համար: Չի կարելի թուլանալ: Չի կարելի…

Շնչառությունս կարգավորվեց: Գլխապտույտն անցավ: Հասնում եմ իմ շենքին: Քիչ մնաց:
Սովորական օր: Սովորական 1700 տարուց ավելի ձգվող հայկական օր: Միայն թե, Տե՛ր Աստված, զոհեր չլինեն, ատելություն չլինի, խելագարություն չլինի: Մեղկ են մարդիկ:

Աղբուր՝ Grakantert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում