Ժամանակը զոհաբերել հանուն ժամանակի

Ժամանակը զոհաբերել հանուն ժամանակի

Ժամանակակից հասարակության մեջ ինչպես կրտսեր, այնպես էլ ավագ սերնդի կողմից շատ հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունը՝ ես ժամանակ չունեմ: Ի՞նչ է թաքնված այս արտահայտության ներքո, ինչո՞ւ է այնպիսի տպավորություն ստեղծվում, որ ժամանակը մեզ չի բավարարում և առավել ևս չի բավարարում աղոթքի համար:

Այս հարցերի վերաբերյալ կարևոր վերլուծություններ է արել փիլիսոփայական գիտությունների թեկնածու Պիտեր Կրիֆտը, ով կարծում է, որ Աստծո հետ հաղորդակցության բացակայության միակ խոչընդոտը ժամանակի սղությունն է: «Եթե ես իմ երեխաներին այնքան ժամանակ տրամադրեի, որքան տրամադրում եմ Աստծուն, ինձ կմեղադրեին իմ ծնողական պարտականությունների թերացման մեջ: Եթե ես իմ կնոջ հետ այնքան կարճ ժամանակ անցկացնեի, որքան Աստծո հետ, նա լիիրավ կլիներ ապահարզան պահանջելու՝ իմ ամուսնական պարտականությունները չկատարելու համար: Յուրաքանչյուրին իր անձնական փորձից է հայտնի, թե որքան երջանիկ է նա, ով հաղորդակցվում է Աստծո հետ, իսկ Աստծուց թաքնվողը փակուղու մեջ է հայտնվում: Գուցե շատ անգամներ է մարդն այդ ապրումներն ունեցել, բայց, միևնույն է, խուսափում է Տիրոջ հետ հաղորդակցությունից: Մարդն այնքան է վախենում լռությունից, առանձնացումից՝ անձնական աղոթքի անհրաժեշտ պայմանից, որ այն որակում է որպես պատիժ»:

«Այդ պատճառով մարդիկ,- ինչպես նշում է ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և գրող Բլեզ Պասկալը «Մտքեր» գրքում,- սիրում են աղմուկ և շարժում: Վաղ մանկությունից մարդկանց պարտավորեցնում են հոգալ իրենց պատվի, բարօրության, ինչպես նաև ընկերների և նրանց պատվի ու բարօրության մասին: Վաղ մանկությունից նրանք հալումաշ են լինում տարբեր գործերի ու լեզուների ուսուցման մեջ: Նրանց ներշնչում են, որ երջանիկ կլինեն, եթե նրանց, ինչպես նաև ընկերների պատիվն ու ունեցվածքը լավ վիճակում լինեն և այդ ամենից որևէ մեկի բացակայությունը նրանց կդժբախտացնի: Մարդկանց երջանկացնելու տարօրինակ միջոց է: Այս ամենից ավելի լավ ի՞նչ կարելի է մտածել մարդկանց դժբախտացնելու համար: Պետք է ուղղակի նրանցից վերցնել բոլոր հոգսերը, և այդ դեպքում նրանք կնայեն իրենց, կմտածեն, թե ովքեր են իրենք, որտեղից են եկել և ուր են գնում»:

Ինչո՞ւ է մեզ թվում, որ ավելի քիչ ժամանակ ունենք, քան մեր նախնիները: Ըստ էության՝ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել. նույն քսանչորս ժամ պարունակող օրերն են: Այսօր մի շարք սարքավորումներ կան, որ նախատեսված են ժամանակը խնայելու համար, տեխնոլոգիան պետք էր, որ շատ ժամանակ նվիրեր մեզ, բայց արդյունքը բոլորովին հակառակն է: Որքան շատ ենք նմանատիպ սարքավորումներից օգտվում, այնքան ավելի քիչ ժամանակ ենք ունենում: Մեր նախատատերին մի քանի ժամ էր հարկավոր, որպեսզի լվացքի տախտակի վրա հագուստ լվանային, իսկ մենք ուղղակի սեղմում ենք լվացքի մեքենայի կոճակը: Մեր նախապապերն արտ էին ցանում և որսորդությամբ զբաղվում, որպեսզի սովից չմահանային, իսկ մենք սուպերմարկետից սնունդը գնում ենք, դնում միկրոալիքային վառարանի մեջ և ուղղակի սեղմում կոճակը: Բայց միևնույն է, մենք ավելի ուժասպառ ենք լինում ժամանակի պակասից, քան նրանք:

Ո՞րն է մեր սխալը. պետք է սկսել մտածել ժամանակի մասին: Մեզ ժամանակը չի բավարարում աղոթքի համար, քանի որ ճիշտ չենք մտածում ժամանակի և աղոթքի մասին, ժամանակը և աղոթքը մեզ մոտ հակադարձ կախվածության մեջ են. մեզ թվում է, թե ժամանակն է որոշում աղոթքի պահը, թեև իրականում աղոթքն է որոշում ժամանակը: Մեզ թվում է, որ ժամանակի սղությունն է համարվում աղոթքի բացակայության պատճառը, բայց իրականում աղոթքի բացակայությունն է համարվում ժամանակի սղության պատճառը: Հացի բազմացման հրաշքից առաջ Անդրեաս առաքյալը Քրիստոսի մոտ է բերում մի պատանու, որը հինգ հաց և երկու ձուկ ուներ, և Քրիստոս հրաշալի կերպով բազմացնում է դրանք: Նույնը և Տերն անում է մեր ժամանակի հետ, բայց միայն այն դեպքում, եթե մեր ժամանակն ենք բերում մեր աղոթքով: Այստեղ չափազանցություն չկա, քանի որ ինքս եմ բազմիցս զգացել դա իմ անձնական փորձով: Ամեն անգամ, երբ ասում եմ՝ շատ զբաղված եմ, որպեսզի աղոթեմ, ոչինչ չեմ հասցնում, սաստիկ հոգնում եմ և զգում եմ ինձ՝ որպես ժամանակի ստրուկ: Եվ ամեն անգամ, երբ ժամանակ (հաց և ձուկ) եմ բերում Քրիստոսին, Նա հրաշալի կերպով բազմացնում է այն, և ես Նրա հետ միասին տոնում եմ Նրա հաղթանակը ժամանակի հանդեպ: Ես չգիտեմ, թե Նա ինչպես է այդ անում, միայն գիտեմ, որ անում է դա պարբերաբար: Եվ միևնույն է, հրաժարվում եմ իմ զոհաբերությունը՝ հացն ու ձուկը, Աստծուն նվիրաբերել: Այսինքն՝ մարդը նախընտրում է դժբախտությունը երջանկության, դժոխքի փշուրը դրախտի փշուրի փոխարեն: Պետք է վերականգնենք մեր հոգևոր ողջամտությունը, այդ ուղղությամբ արված ճիշտ քայլը կփոխի մեր վերաբերմունքը ժամանակի հանդեպ: Ժամանակը կարծես թատերական բեմադրության դեկորացիա լինի, որ պիեսի իրական և անբաժանելի մասն է: Բայց մենք շատ հաճախ այլ կերպ ենք մտածում, կարծում ենք, որ պիեսն է դեկորացիայի անբաժանելի մասը, որ պիեսի թեման, իմաստն ու ոգին սահմանափակված է դեկորացիայի մեջ, թեև իրականում ամեն ինչ հակառակ է: Նույնն է, թե մտածենք, որ հոգին է բանտարկված մարմնում: Եթե ժամանակը չափում է նյութական մարմինների շարժումը, ապա աղոթքը չափում է հոգու շարժումը, հետևաբար ժամանակն է ամփոփված աղոթքի, և ոչ թե աղոթքը՝ ժամանակի մեջ: Աղոթքը որոշում է, փոփոխում և հրաշալի կերպով բազմացնում է ժամանակը (հաց և ձուկ): Աղոթքն այն դեպքում մեր ժամանակը կբազմացնի, եթե մենք մեր ժամանակը զոհաբերենք: Հնարավոր է ինչ-որ իմաստով այն դժվար իրականանալի համարվի, բայց և ամենապարզ իմաստով դա նշանակում է, որ պետք է Աստծուն զոհաբերենք մեր ժամանակը, քանի որ ժամանակը կյանք է, կյանք՝ իր բոլոր արտահայտություններով: Իմաստն ակնհայտ է. որպեսզի աղոթքի ժամանակ ունենանք, պետք է ժամանակն օգտագործենք և այն չվատնենք, պետք է մերժենք, «սպանենք» ինչ-որ մի բան՝ մեր որոշիչ «ոչ»-ը ասելով: Շատ անգամ է Քրիստոս ասել՝ եթե չվերցնեք ձեր խաչը և չգաք Իմ հետևից, չեք կարող Իմ աշակերտները կոչվել:

Երկընտրանք-հոգեբանական կախվածություն, որ դեպի մեզ է գալիս տարբեր կողմերից, անհանգստություն, շտապողականություն և մշտական անբավարարություն, քանի որ այն, ինչ փնտրում ենք, ժամանակի մեջ չէ, այլ հավիտենության: Աշխարհն այսօր դժբախտ է, քանի որ չի զգում հավիտենությունը: Իրական երջանկությունը հավիտենության կանխավայելումն է: Հավիտենությունը ապագայում չէ, այլ ներկայում: Չարի անհեթեթ, բայց և հաջող թակարդներից է մարդուն ներշնչել, որ նա իր կյանքը պետք է ամբողջովին նվիրի փնտրտուքին և բարիքների ձեռքբերմանը՝ փոխարենը վայելելու այն, ինչ ունի: Այն մարդուն դարձնում է ժամանակի և անիրական ապագայի գերին, քանի որ «վաղը կգա մեկ օր հետո»: Աղոթքի առաջին և կարևոր կանոնը ուղղակի աղոթելն է՝ չփնտրելով կատարյալ աղոթքներ, այլ ուղղակի սկսել աղոթել: Շարժվող մեքենան կարող է ամեն ուղղությամբ էլ ընթանալ, բայց դժվարությամբ տեղից կշարժվի, եթե շարժիչը կանգ առնի: Չպետք է թույլ տալ, որ աղոթքը կանգ առնի մեր աշխարհում:

Իսկ հայրաբանության մեջ կարդում ենք, որ ժամանակի գործածման առաջին և գլխավոր կանոնն է, որպեսզի այն զուր՝ առանց բարի և օգտաշատ գործերի չթռչի: «Ամեն բանի ժամանակ կա, և աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը» (Ժող. 3:1),- գրված է Սուրբ Գրքում: Հետևաբար, ամեն ժամանակի համար կա և պետք է լինի իր գործը, և ամեն գործի համար կա և պետք է լինի իր ժամանակը: Յուրաքանչյուր զբաղմունք պետք է թարմացնի մարդու ուժերը և ոչ թե հյուծի, պետք է ամրացնի մարդու հոգին և ոչ թե դառնացնի: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն ասել է. «Եթե մարդը գիտենար իր ժամանակը դասավորել և իր անելիքները ճշտորեն ուղղեր, ապա ժամանակն իր իշխանությանը կենթարկեր: Ժամանակ վատնողն է, որ ժամանակ չունի և պետք չէ մոռանալ, որ ժամանակը վատնողն է, որ կվատնվի ժամանակից…»: Իսկ ըստ եռամեծար վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու. «Ոչինչ ավելի պատվական չէ, քան ժամանակը… այդ պատճառով կյանքի ժամանակը պետք է բարիքով լցնել, որովհետև անցնող ժամանակը ոչ ոք չի կարող վերստին ստանալ»:

Պատրաստեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում