Համեղ ուտեստներ, երգ ու պար. սահմանամերձ Խաչիկ գյուղում կանցկացվի գաթայի փառատոնը

Համեղ ուտեստներ, երգ ու պար. սահմանամերձ Խաչիկ գյուղում կանցկացվի գաթայի փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանամերձ Խաչիկ գյուղում սեպտեմբերի 21-ին անցկացվելու է գաթայի ամենամյա փառատոնը։ Արդեն 6-րդ անգամ գաթայի սիրահարները հավաքվում են Խաչիկ գյուղում: Նրանք մասնակցում են գաթայի թխման գործընթացին, համտեսում, ծանոթանում համայնքի բնակիչների ստեղծագործ աշխատանքին, ներկայացված բերք ու բարիքին, վայելում բնությունը:

«Արմենպրես»-ի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում «Արենի փառատոն» հիմնադրամի ծրագրի կառավարիչ Անի Մավյանը նշեց, որ գաթան սովորական չէ, այն իր չափերով բավական մեծ է: Նախորդ տարի կլոր գաթան ունեցել է 4 մ 30 սմ տրամագիծ, այս տարի այն 20 սմ-ով ավելին է լինելու:

«Փառատոնը միջոցառումներով հագեցած է լինելու, նախատեսված են գաթայի, լավաշի, արիշտայի պատրաստման վարպետաց դասեր: Լինելու է Խաչիկին բնորոշ ուտեստների պատրաստում, առանձին տաղավարներով ներկայացվելու է գյուղի բնակիչների բերքն ու բարիքը, ձեռքի աշխատանքը: Այդ ամենն ուղեկցվելու է երգ ու պարով»,-ասաց Անի Մավյանը:

Փառատոնի հիմնական նպատակն է սահմանամերձ Խաչիկ գյուղում բնակչության կենսամակարդակի բարձրացումը, տնտեսական ակտիվության խթանումը, ինչպես նաև զբոսաշրջության տեսանկյունից գյուղի ճանաչելիությանը նպաստելը:

Խաչիկ գյուղի վարչական շրջանի ղեկավար Հովիկ Սմբատյանը նշեց, որ տարեցտարի այդ բոլոր նպատակներն իրագործվում են:

«Այս տարիների ընթացքում Խաչիկ գյուղը մեծ ճանաչելիություն ձեռք բերեց: Ունեցանք բազմաթիվ այցելուներ, որոնք տեղում ծանոթացան մեր գյուղի զբոսաշրջային հնարավորություններին: Փառատոնը շատ կարևոր է մեզ համար, հավատացեք, մեր բնակիչները փառատոնն ավարտվելու հաջորդ օրվանից սկսում են պատրաստվել հաջորդ միջոցառմանը»,-ասաց համայնքի ղեկավարը:

Խաչիկ գյուղի քահանա տեր Հովհաննես Մաթևոսյանը նշեց, որ գաթայի փառատոնն ամեն տարի մեծ տոնի է վերածվում: Սահմանամերձ գյուղը դառնում է տոնախմբության, հաճելի ժամանակ անցկացնելու, պատմամշակութային արժեքներ բացահայտելու վայր:

«Սա մի հարթակ է, որտեղ սահմանապահ գյուղացին շփվում է զբոսաշրջիկի հետ, սփյուռքահայն է գալիս Հայաստան համտեսելու համեղ ուտեստներ, ծանոթանալու տեղի մշակութային արժեքներին, պարզապես լավ ժամանակ անցկացնելու: Այս տարի գաթայի փառատոնը համընկավ Հայաստանի անկախության տոնի հետ: Մեր անկախ երկրի սահմանները սկսվում են նաև Խաչիկից: Այնպես որ, լավ առիթ է անկախության տոնը նշել հենց սահմանամերձ Խաչիկում»,-ասաց նա:

Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անահիտ Ոսկանյանի խոսքով՝ նման փառատոնները համայնքային զարգացման լուրջ գործոն են:

«Փառատոնի հիմնական խնդիրն այն է, որ վեր հանի գյուղի ազգային, մշակութային արժեքները, նպաստի հանրաճանաչությանը: Շատ կարևոր է, որ նման փառատոնները կազմակերպվում են ոչ միայն մեծ, մարդաշատ քաղաքներում այլ հենց համայնքներում, հեռավոր գյուղերում, որպեսզի ապահովի զբոսաշրջիկների այցելուների հոսք»,-ասաց նա: Բանախոսները վստահ են, որ այցելուների թվի ավելացմամբ համայնքը քիչ-քիչ կլուծի տարբեր տնտեսական, սոցիալական խնդիրներ, կբարձրանա գյուղի կենսամակարդակը: Անահիտ Ոսկանյանը կարևորեց Հայաստանում բազմաթիվ փառատոնների անցկացումը՝ ընդգծելով, որ տարեցտարի փառատոնային ասպարեզում տարբեր հարթակներում տեսանելի ենք դառնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում