Վեհարանում տեղադրված նկարն արվել է լուսանկարներից՝ անակնկալի համար

Վեհարանում տեղադրված նկարն արվել է լուսանկարներից՝ անակնկալի համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվել է Վեհարանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրը։ Այն հիմնանորոգվել է գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի միջոցներով։ Վեհարանում տեղադրված Ս. Կարապետյանի և նրա կնոջ մեծադիր կտավը համարյա մի կողմ թողեց քաղաքական անցուդարձը ու դարձավ քննարկումների առարկա:

Panorama.am-ը Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանից տեղեկացավ, որ նկարի հեղինակն է երիտասարդ նկարիչ Միքայել Հարությունյանը, որը նաև հայրապետների դիմանկարներն է արել։

«Յուրաքանչյուր նկարիչ իր արվեստն ունի, ներկայացնում է իր պատկերացմամբ, կանոններն ինքն է սահմանում որպես արվեստագետ։ Ռեալիստական դիմանկար է, չէի ասի որևէ ձևով խախտել է դասական կամ ռեալիստական արվեստի կանոնները։ Փայլուն մի ստեղծագործություն է, այսօր շատ քչերը կգտվեն, որ ակադեմիական ոճի նման կտավ կարող են ստեղծել՝ այսպես խիստ արտահայտիչ ու տպավորիչ։ Հակառակ իր երիտասարդ տարիքին՝ փայլուն գեղանկարիչ է»,- ասաց Տեր Ասողիկը։

Նա նշեց նկարների տեղադրման ավանդույթի մասին. «Միշտ ավանդույթ է եղել Մայր Աթոռում և ոչ միայն Մայր Աթոռում, նաև տարբեր հաստատություններում ի հարգանս և ի պատիվ այն անձի, որ միշտ կարևորում ներդրումն է բերել տվյալ շինության կառուցման, պայծառության գործում, որպեսզի մարդիկ այցելելով տեսնեն, ճանաչեն և օրինակ վերցնեն»։

Տեր Ասողիկի խոսքով, թանգարանն է պատվիրել Միքայել Հարությունյանին ստեղծել բարերարի կտավը։

«Մտահղացումը նկարչինն է՝ տրամադրված լուսանկարների հիման վրա։ Մեր կողմից անակնկալ էր»,-բացատրեց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը՝ նկարը լուսանկարներից անելու փաստը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում