Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Արվեստ և ժամանց» խորագրով

Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Արվեստ և ժամանց» խորագրով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը անցկացվում են «Արվեստ և ժամանց» խորագրով սեպտեմբերի 28-29-ին: Ծրագրի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 28-ին ժամը 11:00-ին, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Հայաստանում և Արցախում այս երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություն, ինչպես նաև զանգվածային հաճախումների համար փակ մի շարք պատմամշակութային հուշարձաններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակու­թային միջոցառումներ. համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, աստղադիտումներ, պեղումներ և այլն:

Միջոցառումների կազմակերպման գործընթացում հատկապես կարևորվել է մշակութային և բնության ժառանգության պահպանության բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացումը և երիտասարդության ներգրավվածությունը:

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգու­թյան օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռ­նու­թյունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսի ներքո: Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում