Հոբ երանելի. պայքարող, մարտնչող և միաժամանակ խոնարհ քրիստոնյա

Հոբ երանելի. պայքարող, մարտնչող և միաժամանակ խոնարհ քրիստոնյա

Հոբի գիրքը հատկապես կարևոր է պահք պահող հավատացյալների համար: Այս թեմային անդրադառնալիս ես հատկապես կարևորել եմ Հոբի հոգևոր պայքարը, որի նպատակը ոչ թե սեփական անձն արդարացնելն է, այլ Աստծուն տեսնելը: Հոբը հավատացյալների շրջանում հայտնի է որպես մեծ համբերություն ունեցող մարդ, սակայն այդ համբերությունը հաճախ ներկայացվում է սխալ` որպես պասիվ մի վիճակ, երբ մարդը ոչինչ չի անում և ինչ էլ իր հետ կատարվի, պարզապես ասում է. «Աստծո կամքն է»:Իրականում Հոբն այսպիսի «համբերող» չէր, այլ` պայքարող: Նրա համբերությունը ենթադրում է հանուն առողջ ու բանական հավատքի դինամիկ ընթացք, որով միայն հնարավոր է տեսնել Աստծուն: Յուրաքանչյուր քրիստոնայի համար կարևոր է Հոբի օրինակը, հատկապես երբ մեր կյանքում հաճախ ենք հանդիպում փորձությունների և դժվարությունների:

Հոբի գրքի գրության ժամանակի և հեղինակի հարցի շուրջ տարակարծությունները մնում են չլուծված: Տարածված կարծիքներից է, որ Հոբի գիրքը Աստվածաշնչի ամենաուշ գրված գրքերից է, մոտավորապես Ք. ա. 4-րդ դար: Այս տեսակետի կողմնակիցները պատճառաբանում են, որ այդ ժամանակաշրջանից են հրեաներն ավելի հստակ խոսում մեռելների հարության մասին, իսկ Հոբի գրքում մեռելների հարության թեման հաճախ է քննարկվում: Գրքի հեղինակն անհայտ է:

Հին աշխարհում նմանատիպ` բաբելական, շումերական ավանդապատումներ կան, որոնք գրեթե նույնությամբ ներկայացնում են Հոբի պատմությունը. արդար մի մարդ փորձությունների է ենթարկվում, դժբախտությունների հանդիպում և սկսում խորհել Աստծո կամքի և արարչության մասին, իսկ ավարտը, նրանց փնտրտուքի ու դժբախտությունների, ինչպես Հոբի պարագային, մխիթարող է` հաղթում է բարին ու Աստծո նկատմամբ ամուր հավատքը:

Ըստ երևույթին Հոբը պատմական անձ է, ոչ հրեա: Չգիտեր օրենքը, պատվիրանները, ճանաչում էր մեկ Աստծո: Բարի և արդար մարդ էր: Արդար էր իր, մարդկանց և Աստծո առաջ: Մի օր Աստված սատանային ցույց տալով Հոբին, ասում է. «նրա նման անարատ, ճշմարտախոս, աստվածապաշտ… մարդ չկա երկրի վրա»: Իսկ սատանան հակադարձում է. «Հոբը ձրի՞ է պաշտում Տիրոջը, չէ՞ որ դու ես պաշտպանել նրան…օրհնել…: Բայց դէ փորձիր մեկնել ու գցել քո ձեռքը նրա ամբողջ ունեցվածքին, ու կտեսնես, որ նա դեմառդեմ կանիծի քեզ » (Հոբ 1:6-12): Չարը Հոբի մեջ տեսնում էր ծառայի, ստրուկի, ով հավատարիմ է Աստծուն, քանի որ Աստված նրան պահպանում և օրհնում է, հարստություն ու երջանկություն տալիս, որին ի պատասխան, Հոբը հավատարիմ է մնում Տիրոջը: Այսպիսով չարն իբրև փորձիչ, փորձում է քանդել Աստված և մարդ հարաբերությունը, որը իմաստ ու արժեք ունի, եթե այն կառուցված է ազատության, սիրո և հավատարմության վրա: Աստված թույլ է տալիս սատանային փորձելու Հոբին, որպեսզի համոզվի, որ Հոբը ազատ է, ստրուկ չէ:

Հոբը կորցնում է զավակներին, հարստությունը, ապա` անտանելի ցավերով տառապում, սակայն երբեք չի բողոքում Աստծո դեմ, երբեք Աստծո արդարությունն ու բարությունը կասկածի տակ չի դնում: Թեև ինքը` Հոբը հաճախ չէր հասկանում, թե ինչու են այսքան ցավեր ու դժբախտություններ պատահում իրեն, սակայն բողոքելու փոխարեն փորձում էր հասկանալ այդ ամենի իմաստը: Այս հարցում նրան փորձեցին օգնել բարեկամները` Եղիփազը, Բաղդատը և Սոփարը: Այս մարդիկ եկել էին մխիթարելու Հոբին, և նրանց զրույցը Հոբի գրքի հիմնական մասն է: Եթե նրանց ամբողջ զրույցը փորձենք ամփոփել մի քանի կետերի մեջ, ապա այսպիսի պատկեր կունենանք.

Հոբի ժամանակ տիրապետող էր ճակատագրի գաղափարը: Ճակատագիրը չի ներում, ճակատագրի մեջ բարոյականություն չկա: Այսպիսի տեսակետ էին առաջ քաշում Հոբի բարեկամները, որին վերջինս համաձայն չէր: Հոբը հավատում էր Աստծո ողորմածությանը, ինչն էլ ավելի զգալի էր դարձնում նրա տառապանքները:

Հոբն անիծում է իր ծնունդը (Հոբ 3:1): Իրեն անհանգստացնում է ոչ միայն իր ցավերը, այլև աշխարհին տիրող չարիքը: Բարեկամները պնդում են, որ Աստված արդարին չի կարող պատժել և առաջարկում էին Հոբին հաշտվել իրականության հետ, համակերպվել:

Թեև այս մարդիկ շատ իմաստուն խոսքեր էին ասում, սակայն նրանց սխալն այն էր, որ բավարարվում էին միայն եղած ճշմարտություններով, մարդկային մտքով ապացուցված տեսակետներով, չէին ակնկալում նոր հայտնություններ: Իսկ Հոբը հույս ուներ նոր հայտնությունների, որոնք լույս կսփռեյին իրականությանը և կիմաստավորեին մարդկային կյանքն իր բոլոր դրական ու բացասական դրսևորումներով: Հոբը չի դադարում ակնկալել Աստծո ողորմությունը և անընդհատ խնդրում է որ Աստված բացահայտի մարդկային ողբերգության գաղտնիքը:

Հոբն ակնկալում էր ընկերների ողորմածությունը, թեև տառապում է, բայց հույսը չի կորցնում: Իսկ ընկերները մխիթարելու ոչ ճիշտ տարբերակ են ընտրում. եթե պատժվում ես, ապա մեղավոր ես, չես կարող անմեղ լինել: Թեև Հոբը երբեք չի պնդում, որ անմեղ է, այլ` որ ինքը չի արել այնպիսի արարք, որ արժանի լիներ այսպիսի պատիժների:

Ընկերները պնդում են, որ Հոբն ընդունի իր մեղավոր լինելը և զղջա, իսկ Հոբն առարկում է ասելով, եթե ես մեղքերիս համար եմ տառապում, ապա ինչպես է, որ մյուս չարագործներն ապրում են երջանիկ ու գոհ, առողջ ու ապահով:

Այս հարցերի պատասխաններն է փնտրում Հոբը` հասկանալով, որ դա հնարավոր է միայն Աստծո հայտնությամբ ու ողորմությամբ: Հոբի այս հավատքն իզուր չի անցնում: Աստված հայտնվում է Հոբին ու զրուցում նրա հետ: Աստծո ներկայությամբ արդեն բոլոր հարցերն անիմաստ են դառնում, կամ` ստանում են սպառիչ պատասխաններ: Իրականում Հոբը Ճշմարտությունը փնտրում էր ոչ թե մարդկանց, այլ Աստծո մեջ և այդ Ճշմարտությունն ի վերջո գտավ Աստծո ներկայությամբ:

Հոբի գիրքը պատմում է, թե ինչպես է Աստված պաշտպանում մարդու ազատությունը: Աստված պնդում է, որ մարդը ստրուկ կամ վարձկան չէ, ազատ է: Թույլ տվեց սատանային փորձելու, իմանալով որ Հոբն Իր զավակն է և հաղթանակած դուրս կգա այդ փորձությունից: Աստված «պայքարի» մեջ մտավ սատանայի հետ, որպեսզի հաստատի մարդու ազատությունը, որին ի պատասխան մարդն է պայքարում չարի դեմ` հաստատելով Աստծո ճշմարտությունն ու սերն իր կայնքում: Հոբը ցույց տվեց, որ մարդը մարդ է ոչ թե իր հարստությամբ, պաշտոնով, այլ` աստվածային իր պատկերով: Հոբի ընկերները ցանկանում էին ապացուցել, որ ինքը մեղավոր է և դրա համար է այսպես տառապում, իսկ Հոբը չհերքելով իր մեղավոր լինելը, փորձում է ապացուցել, որ ինքը Աստծո զավակ է:Այս դիրքերից է հանդես գալիս երանելին, ով ցանկանում էր հասկանալ Աստծուն, աշխարհը, մարդուն: Հոբը բողոքական չէր, բայց բողոքում է չարի ու անարդարության դեմ, խոնարհաբար ու անկեղծորեն փնտրում ճշմարտություն, հավատքով ու համառությամբ պայքարում Աստծո լռության դեմ: Այս պայքարով է պայմանավորված մեր հոգևոր աճը և Հոբը մեզ համար լավագույն օրինակն է: Նա այնպիսին էր, ինչպես սովորական բարի, ազնիվ, հավատացյալ մարդը: Հավատում էր Աստծուն, բարի գործեր անում, հոգ տանում իր ընտանիքին: Սակայն այս ամենով հանդերձ, ինչպես ինքն է ասում, Աստծուն լսել է իր ականջով, բայց երբեք չէր տեսել, չէր հանդիպել Տիրոջը: Աստծուն հանդիպելու, տեսնելու համար պետք էր պայքար:

Մեր կյանքն էլ հեռու չէ այս օրինակից: Գալիս ենք եկեղեցի, մոմ վառում, աղոթում, բայց այդպես էլ Աստծուն չենք հանդիպում: Պահում ենք տեսական կողմը, բայց գործնականում չենք արդարանում, անհատապես չենք հանդիպում Աստծուն… շատ հաճախ վախենում ենք: Միշտ էլ հեշտ է եղել տեսական, արտաքին կողմը պահել, քան` ներքին, գործնական հարաբերություններ կառուցել, սա ենթադրում է պատասխանատվություն: Այլ կերպ` նոր հայտնություններ չենք փնտրում: Մեր կյանքում ավելի շատ է «ինչո՞ւ» հարցը, իսկ հոգևոր կյանքում այս հարցը գոյություն չունի, կա «ինչպե՞ս» հարցը: Եվ հոգևոր աճի համար անհրաժեշտ է «ինչպե՞ս» հարցը, կարևոր է «ինչո՞ւ»-ից անցումը «ինչպե՞ս»-ի, ոչ թե նրա համար, որ խուսափենք հարցերից, այլ որ ապրենք իրական կյանքով:

Օրինակ` տառապանքը մեզ համար մնում է գաղտնիք, խորհուրդ` բացառելով «ինչո՞ւ» հարցը: Քանի որ մայն «ինչպե՞ս» հարցը կարող է մեզ առաջնորդել գիտակցաբար ապրելու և հաղթանակի ելքը գտնելու: Հոբն անընդհատ տալիս է «ինչպե՞ս» հարցը` ձգտելով արդարության, իսկ մեզ լինելով օրինակ պայքարող, մարտնչող ու քաջ քրիստոնյայի:

Ուստի, հավատալ Աստծուն չի նշանակում ասել, թե Աստված գոյություն ունի: Հավատքը ենթադրում է աճ, պայքար, ստեղծագործ միտք և ճշմարտության փնտրտուք: Կարծես թե յուրաքանչյուր քրիստոնյա հենց այդ ճանապարհով էլ անցնում է, կամ փորձում է անցնել, սակայն ինչ-որ բան ի վերջո այնպես չի ստացվում: Չմոռանա’նք այս ամենի հետ անհրաժեշտ է նաև քաջություն, որի օրինակը Հոբն է:

Տ. Եսայի քհն. Արթենյան

Աղբյուր՝ Holytrinity.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում