Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարք` Շիրակում

Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարք` Շիրակում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շարք` Շիրակի մարզում: Ամասիայի մանկական արվեստի դպրոցը կանցկացնի «Իմ Կոմիտասը» խորագրով միջոցառումների շարք, որը խոնարհում և խնկարկում է Մեծ Վարդապետի 150-ամյա հիշատակին:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, միջոցառումների շարքը կբացվի սեպտեմբերի 24-ին` ուսումնագիտական հավաքով, որի ընթացքում Գյումրիից և Երևանից հրավիրված երաժշտագետներն ու կոմիտասագետները կկարդան դասախոսություններ, կանցկացնեն երգի ուսուցում, կծանոթանան նաև դպրոցի սաների կազմակերպած շնորհանդեսներին։

Միջոցառման հաջորդ փուլի ընթացքում` սեպտեմբերի 25-ին, կբացվի դպրոցի նկարչության բաժնի սաների աշխատանքների ցուցահանդեսը՝ կոմիտասյան թեմաներով։ Աշակերտներից յուրաքանչյուրը կներկայացնի իր Կոմիտասին, կպատմի նկարի ստեղծման պատմությունն ու իր պատկերացումները Վարդապետի մասին։ Հանձնաժողովի որոշմամբ կընտրվեն լավագույն 3 նկարները, որոնց հեղինակները կարժանան պատվոգրերի:

«Իմ Կոմիտասը» խորագրով միջոցառումը նպատակ ունի աշխուժացնել մշակութային կյանքը գյուղերում, ընձեռել հրավիրյալ մասնագետներին լսելու հնարավորություն: Այդ նպատակով սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը կկազմակերպվեն նաև ճանաչողական այցեր տարածաշրջանի խոշոր գյուղական համայնքներ՝ Ամասիա, Գտաշեն, Ողջի, Ջրաձոր, Բանդիվան՝ «Իմ Կոմիտասը» ներկայացնելու նաև արվեստի դպրոցներ չունեցող հարակից համայնքների աշակերտներին ու բնակիչներին։

Միջոցառումների շարքը կամփոփվի սեպտեմբերի 26-ին` գալա-համերգով, որի ընթացքում կոմիտասյան կատարումներով հանդես կգան դպրոցի դաշնամուրային, վոկալ, ժողովրդական նվագարանների, պարարվեստի դասարանների սաները, ինչպես նաև դպրոցի երգչախումբը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում