Միշտ սպասում եմ Երևան իմ այցելություններին. Ալեքսեյ Շոր

Միշտ սպասում եմ Երևան իմ այցելություններին. Ալեքսեյ Շոր

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն երրորդ տարին Երևանում անցկացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Մի քանի օր շարունակ բարձրարժեք երաժշտության սիրահարները հնարավորություն են ստանում ունկնդրելու դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ մեր ժամանակների լավագույն մենակատարների ներկայացմամբ։

Սեպտեմբերի 22-26-ն անցկացվող «Արմենիա» փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Այս տարի նույնպես փառատոնը ներկայացնում է հարուստ երկացանկ՝ Չայկովսկու, Պրոկոֆևի, Շոպենի, Լիստի, Մենդելսոնի, Կոկժաևի, Ռոսսինիի, բազում այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Փառատոնի շրջանակներում կհնչեն նաև ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի գործերը։ Ալեքսեյ Շորը փառատոնի հյուրն է և ինչպես ինքն է ասում՝ ուրախ է, որ իր երաժշտությունը կրկին հնչում է հայկական բեմում։

«Ես միշտ սպասում եմ Երևան իմ այցելություններին։ Այստեղ կայացել են իմ շատ ստեղծագործությունների պրեմիերաներ։ Այս փառատոնի շրջանակներում նույնպես կներկայացվի երկու պրեմիերա՝ դաշնամուրային սյուիտը, որը կկատարի դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, և սյուիտ «Բյուրեղապակյա դղյակը» բալետից։

Կհնչեն նաև այլ գործեր։ Երևանում հանդիսատեսը ջերմ է։ Հաճելի է համագործակցել նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասում է Ալեքսեյ Շորը։

Կոմպոզիտորը նկատում է, որ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը պատրաստվում է ներկայացնել իր «Բյուրեղապակյա դղյակը» բալետը, պարտիտուրում կատարվել են որոշ փոփոխություններ, և վերջին շրջանում կոմպոզիտորը զբաղված է եղել այս աշխատանքով։ Այժմ մաեստրոն աշխատում է ջութակի կոնցերտի վրա։

«Արմենիա» միջազգային փառատոնից Ալեքսեյ Շորը հաճելի սպասելիքներ ունի, մասնակցելու է փառատոնային երեկոներին, և ասում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միշտ լավ պատրաստված է, մեծահամբավ մենակատարներ են ներգրավված, դահլիճում հիանալի հանդիսատես է. և այս ամենը ստեղծում է իսկապես երաժշտական տոն, որին սպասում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում