Նունե Սարգսյանը դիտել է Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի ցուցանմուշները

Նունե Սարգսյանը դիտել է Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի ցուցանմուշները

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը, նշանավորելով արվեստի մեծ դերը հասարակության զարգացման գործում, սեպտեմբերի 23-ին շրջեց Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակում կազմակերպված մի շարք ցուցահանդեսներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տիկին Սարգսյանը փառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանի ուղեկցությամբ դիտեց նախագահական նստավայրի հարակից տարածքում բացված «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրների, Անտուան Սևրուգինի, Յուսուֆ Քարշի, Իդա Քարի, Արա Գյուլերի և այլոց գործերը, այնուհետև շրջեց Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ» կայարաններում` ծանոթանալով այնտեղ ֆոտոփառատոնի շրջանակում կազմակերպված ցուցադրություններին:

«Մեր մետրոպոլիտենը լավ հիշողություններ է արթնացնում: Ութսունականներին, երբ իմ տղաները փոքր էին, բազմիցս գնացքով ճանապարհորդում էինք մեր նոր մետրոյի առաջին կայարանից մինչև վերջինը: Հիշում եմ նույնիսկ մետրոյի սպեցիֆիկ հոտը: Այսօրվա իմ պտույտը մետրոյում վերադարձրեց այդ քաղցր հուշերը, և ես համոզվեցի, որ Կարեն Դեմիրճյանի ջանքերով ստեղծված Երևանի մետրոն ապահով ձեռքերում է: Լավ կլինի, որ ապագայում նոր ցուցահանդեսներ կազմակերպվեն կայարաններում, քանի որ դա գեղագիտական կրթություն է երեխաների, դպրոցականների համար և գեղագիտական հաճույք՝ մեծահասակների համար»,-նշեց Նունե Սարգսյանը:

Անդրադառնալով լուսանկարչությանը` նախագահի տիկինը շեշտեց, որ այն արվեստի իր սիրած ճյուղերից է: «Լուսանկարչությունն առաջ է եկել 19-րդ դարի սկզբին: Մինչ այդ մարդիկ դիմում էին գեղանկարիչներին` պատվիրելով իրենց դիմանկարները: Հայաստանի ազգային պատկերասրահում իմ մեծ տատի և պապի դիմանկարը կա, որը թիֆլիսահայ նկարչի գործ է: Դիտում եմ կտավն ու զարմանում, որ այնտեղ պատկերված մարդիկ իմ հարազատներն են:

Երբ առաջ եկավ լուսանկարչությունը, մարդիկ առաջնահերթությունը տվեցին դրան: Լուսանկարչությունը ժամանակին արհեստ էր համարվում, իսկ այժմ՝ 21-րդ դարում, լուսանկարչությունը կարելի է լիարժեք ձևով կոչել արվեստ»,-ընդգծեց Նունե Սարգսյանը:

Նա շեշտեց, որ կան լուսանկարիչներ, որոնք արվեստաբան են, ունեն «աչք», նրանք տեսնում են այն, ինչը չեն տեսնում սովորական մարդիկ, և նրանք լուսանկարչությունը վերածում են հատուկ արվեստի:

«Իմ կարևոր սկզբունքներից է մշակույթի միջոցով մարդկանց մերձեցնելը: Փառատոնի շրջանակում իրականացված ցուցահանդեսներն այսօր ինձ բավականություն պատճառեցին, որովհետև տեսա, թե ինչպես են լուսանկարչության միջոցով համագործակցել տարբեր երկրները: Տեսա լուսանկարներ Իրանից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Չինաստանից, Բելառուսից: Ցուցանմուշներում այդ երկրների մշակույթն է, որը մոտեցնում է ոչ միայն անհատներին, այլև ազգերին, երկրներին և կրոնները»,-նշեց նախագահի կինը:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, որը Նունե Սարգսյանին ուղեկցեց բելառուսական «Բելտա» պետական լրատվական գործակալության հետ համատեղ իրականացրած «Ավանդույթ և ծես» խորագրով ցուցահանդեսին, ընդգծեց, որ «Արմենպրես»-ը Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակում հանդես է եկել մի քանի նախաձեռնությամբ:

«Իրականացրել ենք ցուցահանդես` նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին, Բելառուսի մեր գործընկերների հետ կազմակերպած ցուցահանդեսում ներկայացրել ենք Բելառուսի լուսանկարչության ուշագրավ, ինքնատիպ նմուշներ, որոնք վերաբերում են ծեսին և ավանդույթին: Ցուցանմուշները ազգագրական առումով մեծ հետաքրքրություն են ներկայացնում և, ինչպես ասաց նախագահի տիկինը, նման ցուցահանդեսները կամրջում են ազգեր, պետություններ և ժողովուրդներ»,-ասաց Անանյանն ու հավելեց, որ առաջիկայում բացվելու է ցուցահանդես` նվիրված Կոմիտասի հոբելյանին: «Սա միջազգային նախագծեր իրականացնելու մեր առաջին փորձերից է, որը հաջողված եմ համարում»,-եզրափակեց նա:

Լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը, որի աշխատանքները զարդարում են «Երիտասարդական» կայարանի պատերը, ողջունեց փառատոնի իրականացումն ու նշեց, որ լավ է, որ նման տոները հաճախ լինեն: «Սա շատ կարևոր միջոցառում է ոչ միայն լուսանկարչական արվեստը պրոպագանդելու գործում: Այն կարող է առիթ դառնալ, որ մարդիկ ավելի լուրջ վերաբերվեն լուսանկարչությանը, քանի որ այն լուրջ արվեստ է»,-շեշտեց նա:

Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնին, որը մեկնարկել է օգոստոսի 26-ին, մասնակցում են լուսանկարիչներ 20 երկրից՝ Ճապոնիայից, Դանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և այլն: Փառատոնի շրջանակում Երևանում գործում է լուսանկարների 39 տաղավար: Լուսանկարները ցուցադրվում են «Զվարթնոց» օդանավակայանից սկսած մինչև Նախագահի նստավայր, դրանք փակցված են նաև Հովհաննես Թումանյանի թանգարանում, Երևանի մետրոպոլիտենի մի քանի կայարանում և մի շարք այլ վայրերում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում