Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդին և թեմական ժողովի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդին և թեմական ժողովի անդամներին

Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանին և Կահիրեի թեմական ժողովի անդամներին:

Աշոտ Սրբազանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրեց, որ Կահիրեի թեմական ժողովի անդամները ժամանել են Հայաստան` մասնակցելու Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Կահիրեի ազգային առաջնորդարանի ջանքերով ամբողջականորեն վերանորոգված և բուժսարքավորումներով ապահովված Արցախի Հադրութ քաղաքի գլխավոր հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի բացման արարողությանը: Սրբազանն ուրախությամբ փաստեց, որ սա Կահիրեի ազգային առաջնորդարանի առաջին մեծ նախաձեռնությունն է ի նպաստ հայրենիքի և հայրենաբնակ ժողովրդի, որը շարունակական բնույթ է ունենալու` ընդգրկելով նաև սահմանամերձ բնակավայրերը:

Ողջույնի և շնորհակալության խոսք ասաց նաև թեմական ժողովի անդամ Մարտիրոս Բալայանը:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդին, թեմական ժողովի անդամներին և հայ համայնքին` ազգային կյանքում դրսևորած նախանձախնդրության, հայի ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի, ինչպես նաև նման օգտաշատ նախաձեռնության կազմակերպման համար: Հայոց Հովվապետը նշեց, որ հայոց պատմության ընթացքում Հայ Եկեղեցու թեմերի և նրանց կողքին կանգնած բարերար հայորդիների շնորհիվ է, որ կյանքի են կոչվել բազում նմանօրինակ ծրագրեր՝ ի նպաստ հայ ժողովրդի և ի պայծառություն Ազգային Եկեղեցու: Իր հայրական օրհնությունը փոխանցելով ներկաներին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ նրանց այս քայլը կարևոր զորակցություն է արցախահայությանը:

Խոսելով Եգիպտոսի հայ համայնքի փառավոր պատմության մասին՝ Նորին Սրբությունն ուրախությամբ արձանագրեց, որ այսօր ևս հայ համայնքը շարունակում է նույն նախանձախնդրությամբ և աշխույժ ազգային-եկեղեցական կյանքով պահպանել այն բոլոր ավանդույթները, որոնք ժամանակի ընթացքում ստեղծվել և փոխանցվել են սերնդեսերունդ:

Հանդիպման ավարտին Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հայցեց Տիրոջ զորակցությունն այս հայանպաստ նախաձեռնության իրականացման համար և հորդորեց Կահիրեի թեմական ժողովի անդամներին իրենց ակտիվ ներգրավվածությամբ շարունակել ծաղկեցնել իրենց համայնքն ու տիրախնամ թեմը:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում