Կարեն Ջանիբեկյանի մասնակցությամբ վերջին ֆիլմը նոյեմբերին պատրաստ կլինի

Կարեն Ջանիբեկյանի մասնակցությամբ վերջին ֆիլմը նոյեմբերին պատրաստ կլինի

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Թողություն» ֆիլմը նոյեմբերին պատրաստ կլինի։ Այդ ֆիլմի նկարահանումները սկսվել են տարիներ առաջ, սակայն չեն շարունակվել դերասան Կարեն Ջանիբելյանի մահվան պատճառով, որը ֆիլմում գլխավոր հերոսի հոր կերպարն էր մարմնավորում։

Panorama.am-ի հետ զրույցում Հ. Գալստյանն ասաց, որ ֆիլմը դեռ նկարահանումների ընթացքում էր, երբ մահացավ Կարեն Ջանիբեկյանը։ Նա ասաց, որ ֆիլմում որևէ այլ դերասան չի նկարահանվել այն կերպարում, որը մարմնավորում էր Ջանիբեկյանը։

««Հանրային հեռուստաընկերությունն» էր պատվիրատուն: Պահանջն էր, որպեսզի Կարեն Ջանիբեկյանի մասնակցությամբ բոլոր տեսարանները պահպանենք, նոր դերասան չհրավիրենք այդ կերպարը մարմնավորելու համար։ Բավականին բարդ տեխնիկական հնարքների միջոցով Կարեն Ջանիբեկյանի մասնակցությամբ նկարահանած բոլոր էպիզոդները պահպանել ենք, նոր պերսոնաժ ենք ստեղծել՝ հերոսի մայրը, նրա վրա են դրվել մնացած դիալոգները, որոնք պետք է լիներ հոր հետ։ Կարեն Ջանիբեկյանի մասնակցությամբ վերջին ֆիլմն է»,- ասաց ռեժիսորը։

«Թողությունը» ռեժիսորի և «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության միակ կիսատ մնացած ֆիլմը չէր։ Նաև «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանումներն են կանգնեցված։ Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանն ամիսներ առաջ հացադուլ էր հայտարարել, պահանջում էր վերսկսել «Տատիկիս վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ Ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների, վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները։ Նա նշեց, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ Մատենադարանի մոտ պայմանավորվածության էին եկել, որ այս հարցը պետք է լուծվի դատական գործընթացի արդյունքում. «Ես համաձայնվել էի, որովհետև վստահ եմ մեր ճշմարտության վրա։ Սակայն Ազգային կինոկենտրոնն ամեն ինչ անում է, որպեսզի խափանի դատական պրոցեսը»։

Հ. Գալստյանն ասաց, որ դատավարության ավարտից հետո իրենք կվերսկսեն նկարահանումները, կարծում է, որ իրենք հաղթելու են, այսինքն պետությունը իր պարտավորությունը կկատարի «Տատիկիս վարսերի» հանդեպ։

«Միակ հիմնավորումը, որ չէին կատարում իրենց պարտավարությունը «Տատիկիս վարսերի» հանդեպ, այն էր, որ նախկինում «Թողությունը» չենք վերջացրել։ Հիմա վերջացրել ենք, էլ ի՞նչ խնդիր կա»,- ասաց ռեժիսորը։

Խոսելով դատավարության մասին, Հ. Գալստյանն ասաց, որ իրենք հայտ էին ներկայացրել Ազգային կինոկենտրոնի դեմ, պահանջելով կատարի «Տատիկիս վարսերի» հանդեպ իր պարտավորությունը։ Դրանից հետո Ազգային կինոկենտրոնը միջնորդություն էր ներկայացրել, որ կասեցնեն գործի քննությունը, քանի որ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության դեմ քրեական գործեր կա հարուցված։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր այդ միջնորդությունը՝ գտնելով, որ դրանք չհիմնավորված մեղադրանքներ են։ Ազգային կինոկենտրոնը բողոքարկել էր այդ որոշումը։ Նոր որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 30-ին։

«Կարծում եմ դատավարությունը շարունակվելու է, քանի որ հարուցված քրեական գործերը հիմնավորումներ չունեն, կասեցվելու են մոտ ապագայում, որովհետև, ինչպես նշեցի, «Թողություն» ֆիլմի նկարահանումները մենք ավարտում են, բացի այդ՝ 9-10 ամիս է ոչ տուժող, ոչ մեղադրյալ, ոչ էլ անգամ կասկածյալ կա, մեր հանդեպ մեղադրանքներն անհիմն են»,- ասաց Հ. Գալստյանը։

Նա նշեց, որ այս գործը եզակի հնարավորություն է հասկանալու համար՝ ի վերջո ՀՀ քաղաքացին կարո՞ղ է իր իրավունքները պաշտպանել դատական համակարգի միջոցով։

«Ազգային կինոկենտրոնը կասեցել է մեր ֆիլմի արտադրությունը, մեր գործունեությունը երկու տարով սահմանափակվել է, մեր գործընկերները տուժել են։ Մեզ հետաքրքիր է մի բան՝ կարո՞ղ ենք մեր հայաստանյան դատարաններում վերականգնել մեր իրավունքները, ո՞վ է փոխհատուցելու մեր կորուստների համար, ո՞վ է մեր դեմ զրպարատանքի համար պատասխան տալու»,- ասաց Հովհաննես Գալստյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում