Նարե Արղամանյան. «Ինձ համար մեծ պատիվ է՝ Շորի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտի համաշխարհային պրեմիերան Հայաստանում ներկայացնելը»

Նարե Արղամանյան. «Ինձ համար մեծ պատիվ է՝ Շորի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտի համաշխարհային պրեմիերան Հայաստանում ներկայացնելը»

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Irates.am: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնն ամփոփվեց գեղեցիկ համերգով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան մեծ ճանաչում ունեցող դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, ջութակահար Դանիել Լոզակովիչը։ Համերգը ղեկավարում էին դիրիժորներ Ֆելիքս Կորոբովը և Սերգեյ Սմբատյանը։

Նարե Արղամանյանը կատարեց Շորի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, որն ի դեպ համաշխարհային պրեմիերա էր։ «Միշտ շատ հուզված եմ լինում Հայաստան գալիս և ուրախ եմ, որ հերթական անգամ կարող եմ ներկայանալ հայ հանդիսատեսին։ Ամեն անգամ այստեղ ելույթ ունենալով՝ կարծես հայ հանդիսատեսի համար իմ անցած ամիսների աշխատանքն եմ ամփոփում, ներկայացնում և ցույց տալիս, թե ուր եմ հասել»,- ասում է դաշնակահարուհին՝ շեշտելով, որ իրեն հաճելի է հանդես գալ «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակներում։

Անցած մեկ տարվա աշխատանքներն ամփոփելով՝ Նարե Արղամանյանը նշում է, որ համերգներով հանդես է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ասիայում, Եվրոպայում, 5 համերգային շրջագայություն է ունեցել տարբեր նվագախմբերի հետ։

Խոսելով Ալեքսեյ Շորի ստեղծագործությունների մասին՝ Նարե Արղամանյանը նկատում է. «Շորն ինձ հոգեհարազատ կոմպոզիտոր է։ Ես բազմիցս կատարել եմ նրա ստեղծագործություններից՝ թե՜ սոլո ցիկլերը, թե՜ դաշնամուրային կոնցերտը։ Այս անգամ համաշխարհային պրեմիերա ենք ներկայացնելու՝ Շորի Դաշնամուրային երկրորդ կոնցերտը։ Ինձ համար շատ մեծ պատիվ ու մեծ ուրախություն է, որ կարող եմ համաշխարհային պրեմիերան հենց Հայաստանում կատարել»։

Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Նարե Արղամանյանը կատարել է մեծ բեմերում՝ Վիեննայի Մյուզիքվերեյնում, Բեռլինի ֆիլհարմոնիայում և այլուր, ու ամեն տեղ, ըստ նրա, հանդիսատեսը մեծ խանդավառությամբ է ընդունում նրա երաժշտությունը, և շատ էին զարմանում, որ մեր օրերում ապրում ու ստեղծագործում է նման կոմպոզիտոր, ով հենվում է հին կոմպոզիտորական դպրոցի վրա, որտեղ գերիշխում է մելոդիան, հարմոնիան։

Ջութակահար Դանիել Լոզակովիչը սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց Պյոտր Չայկովսկու և Ալեքսեյ Շորի ջութակի կոնցերտները։ Նշենք, որ Դանիել Լոզակովիչը մեր ժամանակների ամենապահանջված ջութակահարներից է միջազգային երաժշտական տարբեր հարթակներում։ Կատարողական արվեստում ջութակահարը հասել է բացառիկ նրբագեղության և հղկվածության։

Հիշեցնենք, որ «Արմենիա» փառատոնը կազմակերպել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում