Եկեք լուսավոր հրաժեշտ տանք

Եկեք լուսավոր հրաժեշտ տանք

Նոր սերունդը հազիվ թե հասկանա՝ մեզ համար ո՞վ էր Մարկ Զախարովը: Ազատության այն ձգտումը, որ մենք զգում էինք նրա ներկայացումներից հետո, ոչնչի հետ չի համեմատվի: Ոնց որ քաղցես, քաղցես ու մեկ էլ՝ լավագույն, օդային կարկանդակը: Հետո էլի մեկը, նորից ու նորից: նա հայտնվեց Սովետական Միությունում թատերական բումի ժամանակ, և չես ասի, որ նա միակ տաղանդավորն ու համարձակն էր: Կար Տովստանոգովը, Լյուբիմովը, Եֆրեմովը: Բայց Լենկոմը 70-ին մայրաքաղաքային թատերական տարածքում դարձավ այն, ինչ 50-ականներին Սովրեմեննիկն էր:

Հիմա բառեր էլ չկան, որ նկարագրես հոգուդ ու ուղեղից պայթյունը նրա «Թիլից» հետո: «Խոակին Մուրիետայի աստղն ու մահից». «Յունոնա ու Ավոսից». «Դաժան խաղերից» հետո: Այս աղմկոտ՝ ամենաուղղակի իմաստով, երաժշտությամբ, դղրդոցով, ներկայացումները բացում էին բոլորովին այլ, անծանոթ աշխարհի դռները: Զախարովի աշխարհում այնպիսի էներգիա էր դղրդում, որ ներկյացումից հետո ամեն հանդիսատես տանում էր իր հետ ու պահպանում մինչև հաջորդ ներկայացումը, իսկ Լենկոմում անում էին ավելին ու ավելին: «Իսկ կարելի՞ է»՝ զարմանում էինք մենք՝ նայելով, թվում է, պարզ ճշմարտությունները սիրո ու ազատության մասին՝ լուսավորված այնպիսի վառ գույներով, այնքան կտրուկ, երբեմն հանդուգն երգերով, այնպիսի անամոթ մանկական վստահությամբ՝ գորշության ու առօրյայի նկատմամբ սեփական գերազանցության, որ ապշում էին անգամ ամենադիմացկունները: Զախարովը մեզ տանում էր այլ իրականություն, որ անհրաժեշտ էր մեզ՝ ճղճիմ դժոխքի մեջ ապրողներիս: Մենք գնում էինք Լենկոմ, ԲԴՏ, Տագանկա, ինչպես անապատում դեգերողները՝ օազիս:

Թատերական նրբությունների մեջ ոչ այնքան հմուտներիս համար բացահայտում էր, որ, պարզվում է, կարելի է կարևորի մասին խոսել ոչ միայն մռայլ մարգարեի դեմքով: Զախարովի ներկայացումների հերոսները կյանքի ծանր խնդիրները լուծում էին կամ գլխիվայր կախված, կամ հեգնանքով, կամ պարելով ու ճչալով: Դա արդեն ինքնին անհնար ազատամտություն էր, որի համար մենք միշտ երախտապարտ ենք լինելու Մարկ Անատոլևիչին: Յանկովսկու համար: Կարաչենցովի: Աբդուլովի: Լեոնովի: Պելտցերի: Զբրուևի: Չուրիկովայի: Գրիգորի Գորինի համար՝ հատկապես: Դա ասես Աստծո օրհնած տանդեմն էր, որ իրար հետևից լույս աշխարհ էր բերում անթերի գրական, հետո բեմական ստեղծագործություններ: Գորինի մահից հետո Լենկոմում ու Մարկ Անատոլևիչի մեջ ինչ-որ բան կոտրվեց: Թատրոնի ու Զախարովի համար դա ողբերգություն էր: Հետո իրար հետևից գնացին լավագույններն ու դեռ երիտասարդները՝ Աբդուլովը, Յանկովսկին, Կարաչենցովը: Դա թատրոնի դանդաղ մահվան սկիզբն էր, որ Զախարովը հասկանում էր, բայց որի հետ չէր հաշտվում: Նա շարունակում էր թատրոնն առաջ տանել՝ ինչպես վիրավոր կապիտանը վարում է նավը՝ հողմ ու փոթորիկի մեջ: Հիմա նրան շատերը չեն ուզում ներել, որ վերակառուցման ժամանակ ցուցադրաբար այրեց կուստոմսը, իսկ վերջին տարիներին դարձել էր գործող իշխանությունների պաշտպանը: Զախարովը իշխանությունների պաշտպանը չէր, թեպետ անհրաժեշտ էր համարում աջակցել՝ ոչ ցուցադրաբար, ոչ աղմկոտ, շոգեքարշի առաջից չվազելով: Նա կենդանի մարդ էր և անում էր սխալներ, բայց նա առաջին աշակերտը չէր: Հիշու՞մ եք «Սովորական հրաշքի» ավարտական երգը, որ Անդրեյ Միրոնովն էր երգում: «Եկեք ցածրաձայն եկեք կիսաձայն, եկեք լուսավոր հրաժեշտ տանք իրար»:
Եկատերինա Բարաբաշ, RFI

Հ.Գ. Երեկ վախճանվել է Մարկ Զախարովը՝ բարոն Մյունհաուզենը նորից հեռացավ… Նրա ֆիլմերը հանճարեղ էին ու հանճարեղ էին նրա ֆիլմերում բոլոր դերասանները: Նա ամեն ինչ դարձնում էր հանճարեղ, որովհետև կյանքը կարճ է՝ չարժի միջակությանը ժամանակ ու տեղ տալ: Լույս իջնի նրա հոգուն, որ այդքան լույս ու ջերմություն պարգևեց իր ժամանակին ու իրեն անծանոթ մարդկանց:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում