Հայկական պարարվեստի երախտավորներն արժանացան «Նաիրյան» մրցանակների

Հայկական պարարվեստի երախտավորներն արժանացան «Նաիրյան» մրցանակների

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարարվեստի բնագավառում երկար տարիներ ստեղծագործող մարդկանց ու կոլեկտիվներին գնահատելու, նրանց կատարած աշխատանքն արժևորելու նպատակով հոկտեմբերի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն-շնորհանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանն ասաց, որ այս տարի պարարվեստի մասնագիտական հանձնախումբը որոշել է մրցանակներ հանձնել միայն պետական և վաստակավոր այն կոլեկտիվներին, որոնք գրեթե մեկ դար բնականոն ապահովել են պարարվեստի օրինաչափ զարգացման ընթացքը, իսկ հաջորդ տարի կանցկացվի մրցանակաբաշխություն, որը տեղի կունենա Պարի միջազգային օրը` ապրիլի 29-ին: Մասնակցության հայտը կարող են լրացնել աշխարհում գործող բոլոր պարային համույթները, որոնք համապատասխանում են մասնագիտական հանձնախմբի հաստատած չափանիշներին:

Մրցանակների արժանացան Երևանի պարարվեստի պետական քոլեջը, վաստակավոր կոլեկտիվ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբը, վաստակավոր կոլեկտիվներ Հայաստանի պարի պետական, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլները, Բորիս Գևորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային, ՀՀ զինված ուժերի երգի-պարի «Սարդարապատ» պարի պետական, Արցախի պարի պետական անսամբլները, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը, որը մրցանակ հանձնեց Երևանի պարարվեստի պետական քոլեջին, ասաց, որ պարը լեզու է առանց խոսքերի: «Դարեր շարունակ մենք` հայերս, պարել ենք` փորձելով արտահայտել մեր հույզերը, զգացմունքները»,-նշեց Նունե Սարգսյանն ու պատմեց, որ, երբ առաջին անգամ դիտել է «Կարապի լիճը» բալետը, այնքան է տպավորվել, որ ծնողներին խնդրել է թույլ տալ ընդունվել Պարարվեստի ուսումնարան: «Ինձ ընդունեցին: Վեց ամիս հետո ես կրկին դիմեցի ծնողներիս` խնդրելով հանել ինձ ուսումնարանից, քանի որ պարելու համար պետք էր համառություն և ծանր աշխատանք, որին ես պատրաստ չէի»,-ներկայացրեց նախագահի տիկինը`շեշտելով, որ շատ բարձր է գնահատում պարողներին:

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանի խոսքով` օպերային թատրոնում իրական տոն է, որովհետև ինը պրոֆեսիոնալ պարախումբ է ելույթ ունենում թատրոնի բեմում: Անդրադառնալով պարարվեստի զարգացումներին` նա ընդգծեց, որ այն մեր երկրում բավականին լավ վիճակում է, իսկ խնդիրները պայմանավորված են ֆինանսական միջոցների սղությամբ: «Մեր անսամբլը նոր է վերադարձել Թբիլիսիից, որտեղ Հայաստանի անկախության տոնին նվիրված համերգով է հանդես եկել: Այն անցավ բարձր մակարդակով. ներկա էին քառասունից ավելի երկրների դեսպաններ»,-ասաց Չանչուրյանը:

Վաստակավոր կոլեկտիվ Թ.Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյանը խոսեց ոլորտի բացթողումների մասին` նշելով, որ մեր ազգային, ժողովրդական, աշուղական, գուսանական արվեստի նվիրյալները պետք է մեծ վարպետներ լինեն, որ կարողանան էթնոգրաֆիկ պարն օգտագործել համերգային ծրագրերում: «Միայն հնարած պարը երկար կյանք չի ունենում, իսկ այն պարը, որն ունենում է տարրեր մեր ազգային պարային ձևերից, ավելի լավ է ընդունվում ու երկար ապրում: Հիմա շատ բաներ փոխվել են. կանայք պարում են «Քոչարի», «Յարխուշտա», ինչը ժամանակին ընդունված չէր հայ կնոջ համար, բայց խումբը, որում կա չորս տղա, 18 աղջիկ, այլընտրանք չունի»,- ասաց Ալթունյանը:

Մրցանակաբաշխությանը կարճ հոլովակներով ներկայացվում էր համույթների անցած ճանապարհը, այնուհետև պարախմբերը ելույթ էին ունենում` ներկաներին հուզելով գեղեցիկ ու բարձրաճաշակ բեմադրություններով:

«Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունը հիմնադրել է «ՆԱԻՐԻ» համահայկական հիմնադրամը Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ համատեղ: Մրցանակաբաշխությանն աջակցում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում