«Հավատն առանց բարի գործերի կյանքի պատրանքն է միայն»

«Հավատն առանց բարի գործերի կյանքի պատրանքն է միայն»

Փրկությունն աստվածային մեծագույն պարգև է, իսկ ժամանակակից մարդը հակված է այն ընդունելու որպես իր արժանիքին հատուկ ինչ-որ բան: Վերջնական և միաժամանակ անվերջանալի նպատակը մարդու աստվածացումն է: «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»,- ասել է Ս. Աթանաս Ալեքսանդրացին: Աստվածացումն իրականացվում է Աստծո օգնությամբ՝ եկեղեցում: Եկեղեցին որպես հիմք ունի Քրիստոսի փրկարար զոհաբերությունը, Նրա անարատ արյունը:

Միայն բարի գործերով հնարավոր չէ փրկվել, բարի գործերը հավատի և սիրո արտահայտման պայման են: Եկեղեցու հայրերից մեկը նշում է, որ փրկության արժանանալու հույս ունեցող մարդը, միայն բարի գործեր կատարելով, նման է այն աղքատին, որը, մի քանի արծաթ դրամ հավաքելով՝ երևակայում է, որ դրանով կարող է արքայական պալատ գնել: Միայն Աստծո օգնությամբ մարդ կարող է հասնել իր իրական կոչմանը: Ամենողորմ Աստված մարդուն փրկում է ուղղափառ հավատքի, բարի գործերի և Իր օրհնության միջոցով: Բարի գործերն ավետարանական պատվիրաններն են, առանց որոնց իրագործման և առանց հավատքի հնարավոր չէ փրկվել: Ուղղափառ հավատքն առանց գործերի, և բարի գործերն առանց հավատքի մեռած է (Հակոբ. 2:26): Փրկության տենչացողները պետք է ունենան թե՛ հավատ և թե՛ բարի գործեր:

Փրկվելու համար բավական չէ միայն հավատալը, և Քրիստոսի հետևյալ խոսքերը որպես արդարացում մատնացույց անելը, թե՝ ով որ հավատա և մկրտվի, կփրկվի, իսկ ով որ չհավատա, կդատապարտվի (Մարկ. 16:16): Քրիստոնյան պետք է արժանի լինի իր՝ քրիստոնյա անվանը և ապրի իր կոչմանը համապատասխան. «Եղբայրնե՛ր իմ, ի՞նչ օգուտ այն մարդուն, որ ասում է, թե հավատ ունի, երբ հավատն արտահայտող գործեր չունի: Մի՞թե այսպիսի հավատը կարող է փրկել նրան» (Հակոբ. 2:14): Մեր Տերն էլ Իր հերթին ասաց. «Չկարծեք, թե ով որ Ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, Երկնքի Արքայություն է մտնելու, այլ մտնելու է միայն նա, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ. 7:21): Նույնը և ուսուցանում է Պողոս առաքյալը. «Հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են Նրան, քանի որ պիղծ են, անհնազանդ և որևէ բարի գործի համար՝ անպիտան» (Տիտոս 1:16):

Եթե մարդը միայն հավատով փրկվի, ապա բոլոր մարդիկ կփրկվեն, քանի որ բոլորն էլ հավատում են, որ Աստված կա: Անգամ չար դևերն են հավատում, որ Աստված կա: Մինչ պիղծ ոգով մարդուն բժշկելը, դևերը Քրիստոսին ասում են. «Հիսո՛ւս Նազովրեցի, թո՛ղ, ի՞նչ ես ուզում մեզանից. մեզ ոչնչացնելո՞ւ եկար. գիտենք, թե ո՛վ ես դու. դու Աստծո սուրբն ես» (Մարկ. 1:24): Նոր Կտակարանի Գործք Առաքելոց գրքում նկարագրված է, թե ինչ էր աղաղակում հարցուկ ոգին Պողոս առաքյալի հետևից. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծո ծառաներն են, որոնք փրկության ճանապարհն են քարոզում» (16:17): Բարի է հավատը, եթե միատեղված է գործերին: Ս. Կյուրեղ Երուսաղեմացին ասում է, թե ի՞նչ օգուտ, երբ մարդն Աստծո խոսքը գիտի և ամոթալի է ապրում, նաև՝ ի՞նչ օգուտ, երբ մարդը զուսպ է, բայց Աստծո խոսքն է անարգում:

Ս. Հովհան Ոսկեբերանը խնդրում է և հորդորում, որ մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի ճշմարիտ հավատի մեջ մնանք և առաքինի կյանք վարենք, քանի որ եթե մեր հավատը միավորված չէ աստվածահաճո կյանքին, ապա կենթարկվենք առավել դաժան պատժի: «Քրիստոսի պատմած առակները՝ կույսերի, ուռկանի, փշերի, ծառի մասին, որոնք պտուղ չեն բերում, պահանջում են առաքինի լինել գործերի մեջ: Հավատն առանց բարի գործերի կյանքի պատրանքն է միայն: Ասենք, որ բարի գործերի մեջ ծուլացողը կրելու է անասելի և անտանելի տանջանքներ և լսելու է սարսափելի դատի դատավճիռը. «Այս անպիտան ծառային հանեցեք դո՛ւրս, խավարի մեջ: Թող լաց լինի այնտեղ և կրճտի ատամները» (Մատթ. 25:30): Տեսնո՞ւմ ես, որ ոչ միայն կողոպտիչը և չարիք գործողը կենթարկվի սարսափելի տանջանքների, այլ նաև նա, ով չի գործում բարին: Այսպիսով, ուշադրություն դարձնենք այս խոսքերին: Քանի դեռ ժամանակ ունենք, ջանք թափենք մեր փրկության համար, ձեթ պաշարենք ճրագի համար, ձեռք բերենք քանքար: Եթե այստեղ ծուլանանք և անհոգ ապրենք, ապա այնտեղ մեզ ոչ ոք չի գթա, եթե անգամ մեզանից արցունքի գետեր հորդեն: Մեկ քանքար ունեցողը վերադարձրեց իրեն վստահվածը և դատապարտվեց: Համառորեն խնդրում էին և թակում կույսերը, բայց զուր և անտեղի: Այսպիսով, իմանալով սա, գործածենք և՛ մեր գումարը, և՛ մեր ջանքերը և ամեն ինչ՝ ի օգուտ մերձավորի: Քանքար ասելով՝ նկատի է առնվում այն, ինչ գտնվում է մարդու իշխանության ներքո, լինի դա ունեցվածքը, ուսումը և նման բաներ: Այդ պատճառով ոչ-ոք չպետք է ասի՝ ես մեկ քանքար ունեմ և չեմ կարող ոչինչ անել: Կարող ես մեկ քանքարով էլ խրախուսանքի արժանանալ»:

Անկեղծ սրտով և հավատով բարին գործողը նմանվում է Աստծուն՝ ինչպես պատկերը նախապատկերին: Ինչպես բույսի աճի համար կարևոր են արևը, անձրևը և օդը, այնպես էլ մարդու հոգևոր աճի համար՝ հավատն ու բարի գործերը, անտրտունջ ու խոնարհ ներքին աշխատանքը:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում