Հայտնի են «Դեպի Լույս» ցուցահանդեսում լավագույնը ճանաչված լուսանկարները

Հայտնի են «Դեպի Լույս» ցուցահանդեսում լավագույնը ճանաչված լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում հոկտեմբերի 1-ին մեկնարկեց «Աստվածամոր տուն» հիմնադրամի կազմակերպած «Դեպի Լույս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, նաև հայտարարվեցին լուսանկարչական մրցույթի առաջատար հորիզոնականները զբաղեցրած մասնակիցների անունները:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Տիգրանուհի Էկմեքչյանի խոսքով՝ ստացել են 151 հայտ, որոնցից ժյուրին ընտրել է լավագույն 40 լուսանկարը։

««Դեպի Լույս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը հիմնադրամի առաջին ծրագիրն է, իրականացվում է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման աջակցությամբ։ Պատվավոր ժյուրին շատ դժվար ընտրություն կատարեց, որովհետև յուրաքանչյուր մասնակից յուրովին էր ներկայացրել աղոթքը: Մրցույթի հայտերի ընդունման մեկնարկը տրվել էր օգոստոսի 18-ին՝ Աստվածամոր Վերափոխման տոնին, իսկ ավարտը սեպտեմբերի 8-ին՝ Աստվածամոր ծննդյան օրը»,– ասաց Տիգրանուհի էկմեքչյանը։

Երրորդ տեղը զբաղեցրած Զարան լուսանկարն արել է մրցույթի ժամկետի ավարտից 2 օր առաջ, լուսանկարն առանց մշակման է, հերոսը պատարագի անծանոթ մասնակիցը: Առաջատար հորիզոնական զբաղեցրած մասնակիցները նշում են, որ լուսանկարներն ունեն նախապատմություն և արվել են հենց աղոթքի ժամանակ՝ փոխանցելով հերոսների իրական հույզերը: Առաջին տեղը զբաղեցրած Կարպիս Կետիկյանը լրագրողներին պատմեց, որ նկարն ուղարկելուց հաղթանակի մասին չի էլ մտածել.

«Լուսանկարն արվել է Գյումրիում: Այնտեղ հանդիպեցի բակում խաղացող երեխաների, իմ լուսանկարի երեխան յուրօրինակ արտաքին ուներ և տարբերվում էր բոլորից։ Նվիրեցի փոքրիկ խաչ, որը նրան շատ հուզական էմոցիաներ հաղորդեց, նա վազելով գնաց թաղամասում գտնվող սրբապատկերի մոտ և սկսեց աղոթել»,- ասել է Կարպիս Կետիկյանը:

«Աղոթք» խորագրով լուսանկարների մրցույթի ժյուրիի անդամ Տեր Եսայի քահանա Արթենյանը նախագիծը համարում է ստացված: Ըստ նրա՝ մասնակիցներն արել են առավելագույնը իրենց պատկերացրածը լուսանկարի տեսքով ներկայացնելու համար.

«Ունեցանք հրաշալի նկարներ, որոնք, կարծում եմ, խորհուրդ ունեն և յուրաքանչյուր դիտողի ինչ-որ բան կսովորեցնեն և հատկապես ցույց կտան դեպի լույսը տանող ճանապարհը», – ասել է քահանա Արթենյանը։

Լուսանկարների մրցույթի պատվավոր ժյուրիի անդամներն էին նաև լուսանկարիչ Հրայր Բազե Ավետիքյանը, «ՊիքսԱրտ» ընկերության տնօրեն Միքայել Վարդանյանը, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: Լրագրողների հետ զրույցում հաղորդավարուհին նշեց, որ ընտրություն կատարելիս լուսանկարների մասին ինֆորմացիա չեն ունեցել, ընտրել են զգալով փոխանցվող հույզերը:

«Շատ էին գեղեցիկ և թեմատիկ էությունը տիպիկ ներկայացնող լուսանկարները: Դժվար ընտրությանը զուգահեռ միևնույն ժամանակ հեշտ էր, որովհետև արագորեն նայելով լուսանկարները ես միանգամից ստացել եմ այն էմոցիան ու հաղորդագրությունը, որը տալիս է այդ լուսանկարը: Այստեղ ամփոփվել է մի ամբողջ ժողովրդի պատմություն»,- ասել է հաղորդավարուհին:

«Դեպի Լույս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 8-ը, իսկ նմանօրինակ մրցույթները կրելու են ամենամյա բնույթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում