Կրքերը խափանումներ են Աստծու հետ հաղորդակցության մեջ

Կրքերը խափանումներ են Աստծու հետ հաղորդակցության մեջ

– Հա՛յր, եթե ես կրքեր ունեմ, ապա սիրտս կարո՞ղ է աղոթքի մեջ վարժվել:

– Սիրտդ ինչպե՞ս պիտի աղոթքի մեջ վարժվի, եթե կրքեր ունես: Հապա վերցրու ժանգոտած լարն ու միացրու հեռախոսին: Կկարողանա՞ս դրանով խոսել: Կապն անընդհատ կընդհատվի, և միայն աղմուկ կլսես խոսափողի մեջ: Այդպես էլ մարդն է. եթե ներքուստ ժանգոտած է, կրքերով լի, ապա նրա հոգևոր կյանքում կարճ միացումներ են լինում՝ իր իսկ մեղքով: Պետք է հեռու մնալ հպարտությունից, եսասիրությունից, ինքնակամությունից, անպատկառությունից: Որովհետև երբ կրքերը տիրում են մարդուն, Աստծու շնորհը չի կարողանում նրան այցելել, և նա ի վիճակի չի լինում աղոթելու: Նա պետք է իր «լարերը» ժանգից մաքրի, որպեսզի դրանք հոսանքը լավ անցկացնեն, և նա կարողա շփվել Աստծու հետ: Իսկ որքան մարդը սրբվի կրքերից, այնքան կառաջադիմի աղոթքում:

Կրքերը խափանումներ են, որ խանգարում են Աստծու հետ շփմանը: Եթե խափանումները չանհետանան, ապա ինչպե՞ս կարող ես Աստծու հետ շփվել: Երբ ռազմաճակատում ռադիստը խափանումներ էր լսում, իրեն կանչողին ասում էր. «Ձեզ չեմ լսում, լսելիությունը «զրո» է» կամ «Լսելիությունը «մեկ» է, ստուգեք կապն ու կրկնեք փորձը»: Խափանումների պատճառով հնարավոր չէր մարդուն լսել: Լսելիությունը «երեքից» բարձր պիտի լիներ: «Հինգը» շատ լավն էր համարվում: Այլապես ռադիստը բղավում էր, սակայն, խափանումների պատճառով ոչ ոք նրան չէր լսում: Նախ նա պետք է կարգավորեր իր ռադիոսարքի հաղորդիչն ու ընդունիչը, իսկ այնուհետև կենտրոնի հետ նույն հաճախության վրա դներ: Աստծու հետ ևս նույն հաճախության վրա գտնվելու համար հաղորդիչը պետք է սիրո հաճախության վրա դնենք, իսկ ընդունիչը՝ խոնարհության, որպեսզի Աստված մեզ լսի, մենք էլ՝ Իրեն, քանի որ Նրա հաճախությունը սեր-խոնարհությունն է: Մարդը, որքան կարող է, պիտի ջանա այդ հաճախությունը որսալու համար: Այնժամ նա Աստծու հետ հաղորդակցության մեջ կմտնի, և նրա միտքը մշտապես Աստծու մեջ կլինի: Մաղթում եմ, որ այդ հաղորդակցության մեջ մտնեք: Ամեն:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում