«Միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ»

«Միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ»

«Միաբան լերուք, խաղաղութիւն արարէք և Աստուած խաղաղութեան և սիրոյ եղիցի ընդ ձեզ»:

«Միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթացիներ 13:11):

Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

Աստծո թագավորությունը սեր է ու միություն: Գիտենք, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչը խաչաձևել է մեր բոլորի ճանապարհները, մեր միջև սիրո կապեր է ստեղծել, շղթայել է մեզ Իր հավիտենական սիրո շղթաներով: Խաչը ոչ միայն կապ է հաստատում վերից վար՝ Երկնավոր Դատավորի ու երկրաբնակներիս միջև, այլև կապ է ստեղծում հենց երկրավորների միջև: Այն անտեսանելի ու անքակտելի կերպով միավորում է մարդկանց Աստծո հետ և մարդկանց՝ իրար հետ: Աստծո Միածին Որդին խաչվել է բոլորի համար և ոչ թե միայն մեր անձի համար: Իսկ դա նշանակում է, որ մենք բոլո՛րս ենք սիրված Աստծո կողմից: Աստված տարբերություն չի դնում մեր միջև, և մենք էլ իրավունք չունենք տարբերություն դնելու մարդկանց միջև, որովհետև ինչպես մենք, այնպես էլ մյուսները հավասարապես Աստծո զավակներն են: Քրիստոնյան երբեք միայնակ չէ, այլ Աստծո և իր հավատակիցների հետ է: Եթե քրիստոնյան միայնակ է, ուրեմն նա մտածելու տեղ ունի իր հավատքի առումով:

Մի վանական է լինում, որը որոշում է վանքից հեռանալ՝ միայնակ ճգնելու, քանի որ չէր կարողանում հաշտ ապրել իր վանական եղբայրների հետ: Մտածում է, որ ավելի ճիշտ կլինի իր համար միայնակ ճգնելը: Սակայն մի օր նստած է լինում գետնին ու կուժով ջուր է դնում կողքին: Կուժն անընդհատ թեքվում ու շուռ է գալիս, և ջուրը թափվում է: Վանականը մի քանի անգամ ուղղում է կուժը, հետո բարկանալով՝ կուժը հենում է մի քարի ու հենց այդ ժամանակ գիտակցում է, որ այդ կուժի միջոցով Տերն իրեն հասկացնում է, որ բարկությունն իր ներսում է, խնդիրն իր մեջ է և ոչ թե վանական եղբայրների կամ նրանց ներկայության: Դրանից հետո վանականը հետ է վերադառնում վանք՝ իր եղբայրների մոտ:

Իհարկե, ասելիքն այն չէ, որ մենակեցությունը առհասարակ քրիստոնեության մեջ մերժվում է, ո՛չ, քավ լիցի: Այլ հավատացյալ մարդը պետք է մտածի, թե իր միայնակությունը ինչից է բխում. արդյո՞ք ինքը ճիշտ քրիստոնյա է և իր մեղավորությունը զգում է, թե՞ անընդհատ սխալների ու մեղքերի պատճառն իր շրջապատին է վերագրում և ոչ իրեն, արդյո՞ք ինքը մարդկային փոխհարաբերությունների ժամանակ հիշում է իր քրիստոնյա լինելն ու իր հավատքը, արդյո՞ք իր հոգում խաղաղություն ունի և հակված է խաղաղության, և արդյո՞ք իր համար կարևոր է Աստծո կամքը կատարելը և ոչ իր սեփական համոզմունքներին հետևելը: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Լեռան քարոզում ասում է. «Լսել եք, թե ինչ ասվեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետև, ով որ սպանի, ենթակա կլինի դատաստանի: Իսկ ես ձեզ ասում եմ, թե՝ ամեն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի, և ով որ իր եղբորն ասի՝ հիմար, ենթակա կլինի դատաստանի, և ով որ իր եղբորն ասի՝ ապուշ, ենթակա կլինի գեհենի կրակին: Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թող սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվիր քո եղբոր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր: Եթե մեկը քեզ հետ խնդիր ունի և քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրավախոհ կանխավ. գուցե նա քեզ դատավորին հանձնի, և դատավորը դահճին, ու դու բանտ նետվես: Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին դահեկանը» (Մատթեոս 5:21-26):

Սիրելինե՛ր, Լեռան քարոզը երկնային ճանապարհը ցույց տվող սանդուղք է: Եթե մենք դա ընդունում ենք, ուրեմն պետք է ընդունենք, որ այս տողերը Տիրոջ կողմից մատնանշվել են իբրև մեր և մեր շրջապատի հարաբերությունների կարգավորման սկզբունք, սիրո օրենք: Այս խոսքերը հաշտության միջնորդ են և դրդում են խաղաղություն պահպանել եղբայրների ու քույրերի հետ, որովհետև, անկախ նրանից, թե նրանք գիտակցո՞ւմ են սիրո և փոխըմբռնման, հաշտության, համերաշխության և խաղաղության արժեքը, թե՞ ոչ, Աստծո առաջ պատասխանատու ենք հենց մենք՝ իբրև քրիստոնյաներ: Չկա յուրօրինակ քրիստոնեություն, զանազանվող և ինքնարդարացվող հավատք: Չի կարող մարդը քրիստոնեությունը հարմարեցնել իրեն և հայտարարել իրեն Քրիստոսի հետևորդ: Եվ մարդը չի կարող ինչ-որ տեղ գործադրել պատվիրանները, ինչ-որ տեղ՝ ոչ: Մարդու հոգին պետք է լիովին ներծծվի քրիստոնեական հավատքի մեջ:

Մենք կարող ենք կիրակի օրերը եկեղեցի գալ, պատարագներին մասնակցել, բայց ուշադրություն չդարձնենք մեր բնավորության և հոգեկերտվածքի փոփոխության վրա: Քրիստոնեական հավատքը պետք է օրեցօր փոփոխություն բերի մեր մեջ, օրեցօր պետք է շտկվեն և քաղցրանան մեր շփումներն ու հարաբերությունները, սիրով շաղախվեն մեր դիմելաձևերը, առօրյա խոսակցությունները մաքրվեն ու զտվեն բամբասանքներից ու դատելուց: Մարդիկ պետք է մեր ծաղկից անպայման Քրիստոսի բույրը շնչեն: Հպարտությունը պիտի լքի մեզ, որպեսզի խոնարհաբար կառուցվի այն շենքը, որտեղ պիտի բնակվի քրիստոնեական մեծ ընտանիքը:

Աստված հաշտություն է սերմանում մեր հոգիների միջև և սպասում, որ այդ սերմերը ծլարձակեն: Բաժանությունը, խռովությունը, հիշաչարությունն ու աններողամտությունը, անհնազանդությունը, հպարտությունը, նախանձն ու բարկությունը մեղքեր են, որոնց հեղինակը միմիայն չարն է: Շատ հեշտ ու դյուրին է անծանոթ մարդուն բարեգործություն անել և հեռանալ, բայց ծանոթ և բարեկամ մարդկանց հետ լինել խաղաղ, համերաշխ ու հանդուրժող, փոխզիջող ու ներողամիտ, անչափ դժվար է, բայց քրիստոնեական հավատքի կյանքում՝ էական ու նշանակալից: Որքան Աստված մեզանից ողորմություններ է ակնկալում, նույնքան էլ սիրո և զոհաբերության գործեր է սպասում քրիստոնյաներից: Սուրբ Պողոս առաքյալը եփեսացիներին ուղղված նամակում ասում է. «Թե բարկանաք էլ, մեղք մի՛ գործեք. արեգակը ձեր բարկության վրա թող մայր չմտնի. և սատանային տեղի մի՛ տվեք» (Եփեսացիներ 4:26,27): Նույնիսկ եկեղեցու սրբերից մեկն ասում է, որ գուցե ավելի հեշտ է մեկ անգամ մարտիրոսվել կամ նահատակվել, քան ամենօրյա կյանքում ու կենցաղավարության մեջ ապրել մեղքերի ճիրաններում։ Չի կարող քրիստոնեական մեծ շղթան պոկված, բաց տեղեր ունենալ, որովհետև նրա էությունը հենց իրար կապված լինելն է: Արհամարհանքը, անտեսումն ու անտարբերությունը, մեծամտությունն ու անձնասիրությունը, անձնազոհության պակասն ու ճշմարիտ խոնարհության բացակայությունը, որոնք պատճառ են դառնում բաժանության և վեճերի, այդ շղթան քայքայողներն են: Սերը հենց միություն է ենթադրում և ոչ բաժանություն:

Հետևենք Սուրբ Պողոս Առաքյալին և ի կատար ածենք նրա հորդորներն ու բարեմաղթանքները. «Եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվեցե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ: Ողջո՛ւյն տվեք միմյանց սուրբ համբույրով. բոլոր սուրբերը ողջունում են ձեզ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն. Ամեն» (Բ Կորնթացիներ 13:11-13):

Տեր Վահան քհն. Առաքելյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում