Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարութեան համար

Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարութեան համար

Մատթեոս 5: 10

Արդարությունը մարդկային կյանքի հիմքն է: Արդարությունը նաև խաղաղության պատվանդանն է: Առանց արդարության չկա իրական խաղաղություն: «Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում» (Հակոբ Գ 18), քանզի Աստված Ինքն է Գերագույն Արդարն ու Արդարությունը, և առանց աստվածային միջամտության դժվար է պատկերացնել արդարությունը: Երանելի են ոչ միայն արդարության քաղցն ու ծարավն ունեցողները, այլ նաև նրանք, ովքեր հալածվում են արդարության համար:

Արդարությունը կյանքի այն վիճակն է, երբ մարդ արարածը հաշտ է Աստծո հետ, իր և իր նմանի հետ: Աստված միշտ թելադրում է ապրել և գործել արդարությամբ: «Դատ դատաստանի ժամանակ անիրաւութիւն մի՛ արա, աղքատի հանդէպ աչառութիւն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթի՛ր: Արդա՛ր դատիր քո ընկերոջը» (Ղևտացոց ԺԸ 15): Հին կտակարանի աստվածադիր օրենքների մեջ մեծ տեղ է գրավում արդարության պահպանումը: «Արդար դատ կանէք, որպէսզի ապրէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է ձեզ» (Բ Օրենք ԺԶ 20):

Նոր կտակարանի մեջ բազմաթիվ են արդարության և արդարություն գործողների մասին օրինակները: Քրիստոսով վերածնված մարդու կոչումն արդարությամբ և ճշմարտության սրբությամբ իր կյանքն ապրելն է: Իբրև լույսի որդիներ` Քրիստոսի հետևորդները պարտավոր են իրենց գոտեպնդել ճշմարտությամբ և արդարության զրահով, որպեսզի կարողանան չարի մխացող բոլոր նետերը մարել: Քրիստոս Ինքը ենթարկվեց հալածանքների, նեղության և, ի վերջո, կրեց Իր խաչը: Հիսուսի հետևորդները դարերով հանձն առան հալածանքն ու տառապանքը` հանուն արդարության, քանզի վստահ էին, որ արդարության համար հալածվողը մնայուն բնակիչն է Երկնքի արքայության:

Ավետարանի աշակերտների կյանքը հարատև պայքար է` արդարության իրագործման և պաշտպանության համար: Հալածանքն ու տառապանքը քուրա են, որոնց մեջ մենք կորցնում ենք եսասիրությունը, ագահությունը, փառամոլությունը: Սուրբ Ներսես Շնորհալին հիշեցնում է, որ արդարության համար հալածվողները երջանիկ են, որովհետև չարչարակից են Քրիստոսին:

«Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է Երկնքի Արքայությունը». սա մարտահրավեր է յուրաքանչյուր հավատավոր քրիստոնյայի: Երանի նրան, ով պատրաստ է ընդառաջելու այս մարտահրավերին:

Պատրաստեց` Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում