Բեռլինում մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը

Բեռլինում մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի ծննդյան օրը` հոկտեմբերի 8-ին, Բեռլինում մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչներն են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Գերմանիայի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը։

Այսօր առավոտյան նախարար Արայիկ Հարությունյանի, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանիո թեմի Բեռլինի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տէր Եղիշե վարդապետ Ավետիսյանի ներկայությամբ Գիտաժողով-փառատոնի մասնակիցներն ու հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Կոմիտասի հուշատախտակի մոտ։

Գիտաժողովի բացման արարողությունը, ինչպես նաև առաջին երկու նիստերը տեղի ունեցան Բեռլինի Հումբոլդտի համալսարանի հանդիսությունների սրահում։

Գիտաժողովը շարունակվելու է հոկտեմբերի 9 և 10-ին, Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանում։

Գիտաժողովն իրագործվում է Հալլեի Մարտին Լյութերի համալսարանին առընթեր «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի աջակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում