Մեզ հետ անարդարացիորեն վարվողը լավություն է անում մեզ

Մեզ հետ անարդարացիորեն վարվողը լավություն է անում մեզ

– Հա՛յր, մեզ հետ անարդարացիորեն վարվող մարդուն ինչպե՞ս պետք է վերաբերվենք:

– Ինչպե՞ս պետք է վերաբերվենք: Որպես մեր մեծ բարերարի, ով մեր անունով ներդրումներ է կատարում Աստծո Խնայողական Դրամարկղում: Այդպիսի մարդը մեզ հավիտյանս հարուստ է դարձնում: Մի՞թե դա քիչ է: Մի՞թե մենք չենք սիրում մեր բարերարներին, նրանց հանդեպ ունեցած երախտագիտությունը չենք արտահայտում: Ճիշտ նույն կերպ պետք է սիրենք ու շնորհակալ լինենք մեզ հետ անարդարացիորեն վարվողին, որովհետև նա մեզ հավիտյանս լավություն է անում: Ինչպես անարդար մարդիկ են հավիտյանս զրկվում արդարացումից, այդպես էլ հավիտենական արդարացում են գտնում անարդարությունն ուրախությամբ ընդունողները:

Մի առաքինի մարդ բազմաթիվ անարդարությունների էր հանդիպում իր աշխատավայրում: Նա շատ բարի էր և բոլոր անարդարություններին համբերում էր առանց տրտունջի: Մի անգամ Աթոս եկավ՝ ինձ մոտ, և իր փորձությունների մասին պատմելով՝ հարցրեց. «Ինձ ի՞նչ խորհուրդ կտաս, Հա՛յր»: «Շարունակիր այնպես, ինչպես սկսել ես,- պատասխանեցի,- հույսդ աստվածային արդարության ու հատուցման վրա դիր և համբերիր, (Աստծո մոտ) ոչինչ չի կորչում: Այսպես վարվելով՝ ունեցվածքդ Աստծո Խնայողական Դրամարկղում ես ներդնում: Անկասկած հաջորդ կյանքում կվարձատրվես այն փորձությունների համար, որոնց միջով այժմ անցնում ես: Սակայն, բացի այդ, իմացիր, որ Բարեգութ Աստված նաև այս կյանքում է հատուցում անարդարության մեջ հայտնված մարդուն և եթե նույնիսկ անձամբ իրեն չի հատուցում, ապա իր երեխաներին՝ անպայման: Աստված հոգ է տանում Իր արարածի մասին, գիտի (ինչպես հատուցել նրան)»:

Ամեն ինչ իր տեղն է ընկնում, եթե մարդ համբերում է: Աստված կարգավորում է ամեն ինչ: Սակայն համբերություն է պետք, համբերություն, որում դատողություն չկա: Եթե Աստված ամեն ինչ տեսնում է ու հետևում ամեն ինչին՝ ուրեմն մարդը պետք է անմնացորդ կերպով վստահի Աստծուն: Նայեք Հովսեփին*, նա լռում էր, երբ եղբայրներն իրեն գերության էին վաճառում: Նա կարող էր ասել. «Ես նրանց եղբայրն եմ», սակայն բառ անգամ չասաց, փոխարենն Աստված Իր խոսքն ասաց ու թագավոր դարձրեց նրան հետագայում: Իսկ եթե մարդը համբերություն չունի, ապա նրա կյանքը տառապանքի է վերածվում, նա ցանկանում է, որպեսզի ամեն ինչ այնպես լինի, ինչպես իրեն է հարմար, որպեսզի լավ զգա իրեն: Սակայն, բնականաբար, և՛ հանգիստ չի գտնում, և՛ ամեն ինչ իր ուզածի պես չի լինում:

Եթե մարդն այս կյանքում մարդկանց կամ դևերի կողմից անարդարության է ենթարկվել, ապա Աստված չի մտահոգվում այդ պատճառով, որովհետև այդպիսի մարդու հոգին շահում է: Սակայն մենք հաճախ ենք ասում, որ ինչ-որ մեկն անարդարացիորեն է մեզ հետ վարվում, այն դեպքում, երբ ինքներս ենք անարդարացի գտնվում ուրիշների նկատմամբ: Նման դեպքերում պետք է ուշադիր լինել ու գիտակցել, որ ինքներս ենք մեղավոր:

* Ծննդ. 37:20 և շարունակություն:

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում