ՀՀ նախագահի տիկին. «Ես երկու Արմեն Սարգսյան ունեմ»

ՀՀ նախագահի տիկին. «Ես երկու Արմեն Սարգսյան ունեմ»

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aravot.am: «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ ՀՀ նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանի և նրա թոռնիկ Սավաննա Սարգսյանի «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի շնորհանդեսը: Նունե Սարգսյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը և ընթերցեց հատվածներ գրքից: Երբ տիկին Սարգսյանը պատմում էր, այդ ընթացքում անընդհատ միջամտում էին ունկնդիր երեխաները: «Սավաննան ուր է»,- հարցրեց մի բալիկ: «Ինքն այսօր այստեղ չէ, բայց ձեզ ուղարկում է իր սերը, պաչիկները եւ ափսոսանքը, որ այստեղ չէ»,-ասաց տիկին Սարգսյանը: Այնուհետեւ փորձեցին տեսահոլովակ ցուցադրել հեքիաթի անգլերեն տարբերակի շնորհանդեսի մասին:

Երբ էկրանին երեւացին առաջին կադրերը, տիկին Սարգսյանը ցույց տվեց Սավաննային, ասաց, որ կողքի փոքրիկ տղան էլ Արմեն Սարգսյանն է:

«Ես ունեմ մեծ Արմեն Սարգսյան եւ կրտսեր Արմեն Սարգսյան, նա իմ թոռնիկն է»,-ասաց Նունե Սարգսյանը: Ապա հավելեց. «Կրտսեր Արմեն Սարգսյանը սիրում է նկարել եւ սիրում է ֆուտբոլ խաղալ, երկու ոտքով հավասարաչափ խփում է գնդակին»: Երեխաները տարբեր հարցեր էին ուղղում նախագահի տիկնոջը:

Օրինակ՝ Կառլոս անունով բալիկին հետաքրքրում էր, թե ինչպես էին հեքիաթի հերոսները հայերեն սովորել: «Հեքիաթ գրողը ինչ ուզի՝ կանի, ես եմ գրել այս հեքիաթը, ես ուզեցի, որ իրենք հայերեն խոսեն, դու էլ կարող ես հեքիաթ գրել ու ստիպել, որ կենդանիները քո գրքում խոսեն»,-ասաց Նունե Սարգսյանը: Միջոցառմանը ներկա էր նաեւ հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը: Նա ասաց, որ տպավորված է Նունե Սարգսյանի գրքով. «Այս գրքում չկա ոչ մի բան, որ բոլոր մայրիկների հետ եղած չլինի… բոլորն ուզում են պատերին ու պաստառներին նկարել… Բոլորիս երեխաները պատերին նկարում են, բայց բոլորս չէ, որ սա նկատում ենք: Տիկին Սարգսյան, դուք սա խնամքով փոխանցել եք: Ես խնդրում եմ բոլոր ծնողներին՝ մի արգելեք ձեր երեխաներին պատերին նկարել… Իմ աղջիկը, որ ժամանակին նկարում էր մեր պատերին, հիմա սովորում է նորաձեւության ակադեմիայում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում