Ս. Անանիա առաքյալի հիշատակության ուխտի օրհնաբեր օրը

Ս. Անանիա առաքյալի հիշատակության ուխտի օրհնաբեր օրը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հոկտեմբերի 15-ին տոնախմբեց Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակությունը: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո։ Այդ պատճառով հոկտեմբերի 14-ի երեկոյան՝ ժամը 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, առաջին անգամ երեկոյան Սուրբ Պատարագ մատուցվեց: Պատարագչի՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ միասին ուխտավորներն արարողության ընթացքում Ս. Անանիայի շիրիմի առջև միասնական աղոթք բարձրացրին առ Տեր՝ սրբի բարեխոսությունը հայցելով:

Ուխտի օրհնաբեր օրն իր շարունակությունն ունեցավ, երբ վաղ առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց Ս. Անանիայի մասնատուփ-աջը (17 դար):

Հանդիսավոր թափորը Փարպեցի փողոցից, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, համայնքի անդամների ու բազմաթիվ ուխտավորների մասնակցությամբ, առաքյալի մասնատուփ-աջը բերելու հատուկ արարողակարգով, իր խոնարհումը բերեց Ս. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում: Այնուհետև եկեղեցում շարունակվեց արարողակարգը: Ներկաներն ունկնդրեցին սրբի մասին պատմող ավետարանական ընթերցումները և մասնակից եղան ուխտի Սուրբ Պատարագին՝ Երուսաղեմի Սբ. Հակոբյանց միաբանության անդամ Տ. Ժիրայր ծայրագույն վարդապետ Տաշչյանի մատուցմամբ:

Արարողությանը քարոզխոսեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը, որը շնորհավորեց ներկաներին օրվա կապակցությամբ և առաքյալի վարքագրությանն անդրադառնալով՝ մասնավորաբար ասաց. «Սուրբ Անանիան Տիրոջ կամոք և օրհնությամբ լույս է պարգևում Ս. Պողոս առաքյալի խավարած աչքերին, որից հետո ինքը՝ առաքյալն է պատճառ դառնում բազմաթիվ մարդկանց լուսավորության և առ Աստված դարձին: Յուրաքանչյուր քրիստոնյա Աստվածային այդ լույսի կարիքն ունի: Քրիստոնեական լույսի և սիրո կրողները պետք է լինենք և Սուրբ Անանիայի նման սեր և բժշկություն դառնանք մեզ շրջապատողների համար: Սուրբ Անանիայի նման ամեն մարդ բժշկության շնորհ կարող է չունենալ, բայց ամեն մարդ սեր ու մխիթարություն կարող է պարգևել իր նմաններին:

Սուրբ Անանիայի և մյուս բոլոր աշակերտների ու առաքյալների բարեխոսությամբ թող բացվի մեր միտքը Աստվածային ճշմարտության առջև, թող ոչ մի խոչընդոտի առջև չնահանջի մեր հաստատակամությունը՝ հավատարիմ հետևորդներն ու աշակերտները լինելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի»:

Արդեն յոթերորդ տարին է, որ առաքյալի հիշատակության օրը մեծ թվով ուխտավորներ, ուխտի Ս. Պատարագին մասնակցելով, հաղորդակից են լինում Ս. Անանիայի մասնատուփ-աջի զորությանը և իրենց խոնարհումը բերում Ս. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում: Նշենք, որ առաքյալի մասունքներն, ըստ ավանդության, Հայաստան են բերվել սրբի նահատակությունից շատ քիչ ժամանակ անց և ամփոփվել Երևանում, ուր կառուցվել է մի գեղեցկազարդ մատուռ, որ կոչել են «Անանիայի դամբարան»: Այնուհետև այդ վայրում վանք է կառուցվել և տարածքը կոչվել է «Անանիայի անապատ», իսկ ավելի ուշ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի՝ կից ունենալով Ս. Անանիայի մատուռ-դամբարանը: Իսկ եկեղեցու «Զորավոր» անվանումը կապված է թե՛ Ս. Անանիայի մասունքների և թե՛ հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանի (13-րդ դար) հետ, որ ժամանակին այս եկեղեցում է պահվել:

Եկեղեցական հեղինակ Հովհաննես Դամասկացին սրբերի մասունքների հանդեպ հարգանքի և նրանցից բխող զորության մասին ասել է, որ անհրաժեշտ է սրբերին հարգել՝ որպես Քրիստոսի բարեկամների, Աստծո որդիների ու ժառանգակիցների. «Իսկ Իրեն ընդունողներին և Իրեն հավատացողներին Նա իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու» (Հովհ. 1:12), «իսկ եթե որդիներ ենք, նշանակում է, որ նաև ժառանգորդներ ենք»,- ասել է Ս. Պողոս առաքյալը (Հռոմ. 8:17): Սրբերը դարձել էին կենդանի Աստծո տաճար, ինչպես Աստված Ինքն ասաց՝ պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ընթանամ նրանց միջով (Բ Կորնթ. 6:16): «Բայց արդարների հոգիներն Աստծո ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց» (Իմաստ. Սող. 3:1): Սրբերի մահն ավելի շուտ քուն է և ոչ թե մահ: «Հավիտյա՛ն ջանք թափի՛ր, և դու կապրես անվերջ ու ապականություն չես տեսնի»,- կարդում ենք Սաղմոսներ գրքում (Սաղմ. 48:10): Տերը մեզ պարգևել է սրբերի մասունքները՝ որպես փրկարար աղբյուրներ, որոնք իրենց շուրջը միայն բազմապիսի օրհնություններ ու բարիքներ են սփռում:

Կարինե Սուգիկյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում