USD
EUR
RUB

Ավետիք Իսահակյան․ Հայրենի հողը

 

Եղել է հնում, պերճ արևելքում
Մի քաջ զորավար` հայրենապաշտպան,
Առանց ընկճելու երկրի թշնամուն`
Նըրա սուրը երբեք չի մտել պատյան:

Նըրա արձակած տեգը խոլական
Թշնամու հողում ցըցվել է ահեղ,
Նըրա սարսափը օրհասի նման
Թշնամու գլխին կախվել ամեն տեղ:

Եվ ժողովրդի քնարը ազնիվ
Փառաբանել է անունը նըրա,
Հաղթանակները փայլուն ու անթիվ`
Սուրբ հայրենիքի ոսոխի վըրա:

Բայց թագավորը` նենգ ու փոքրոգի,
Նախանձում էր խիստ նրա հռչակին.
Վառ լույսերի մեջ նըրա մեծ փառքի
Զգում էր իրեն նվաստ ու չնչին:

Անհուն նախանձի կրքով տոչորուն`
Մի օր խնջույքում արքայական տան,
Մի զորականի` անհայտ, անանուն,
Ժպտաց սիրալիր, դրվատեց նըրան:

Եվ նա փոխարեն զորավարին մեծ`
Տեղ տվեց նըրան առընթեր գահի,
Հյուրերին բոլոր` զարմանք պատճառեց
Այնքան ապերախտ վարմունքն արքայի:

Մյուս օրը շըքով այն զորականին
Սպարապետի սուր տվեց արքան,
Եվ հրամանատար կարգեց բանակին,
Իսկ զորավարին` թիկնապահ նըրան:

Զայրացավ հոգին քաջ զորավարի,
Համհարզները իր սաստիկ զայրացան,
Առավ ընկերներն հին կռիվների,
Եվ հողն հայրենի թողին, հեռացան:

Գնացին նըրա սուրի հետևից,-
Ճակատագիրը սուրն է քաջերի,-
Հողեր գրավեց բռնակալներից
Եվ դառավ իշխան տիրած հողերի:

Եվ երբ հրճվանքով լսեց թշնամին,
Թե անպարտելի զորավարը քաջ
Լըքել է անդարձ երկիրն հայրենի,
Եվ բաց են դռներն արշավի առաջ,-

Մոռացան իսկույն և՛ փորձ, և՛ սարսափ,
Հնչեց շեփորը գոռ պատերազմի,
Հին թշնամու դեմ խոյացան շտապ`
Լուծելու անմոռ վրեժն արյունի:

Սահմաններն անցան և խուժեցին խոր,
Հըրի մատնեցին գյուղեր ու ավան,
Սպարապետը փախավ գլխիկոր,
Զորք ու ժողովուրդ խուճապի ընկան:

Խուռըն խռնվեց հրապարակներում
Ժողովուրդը ողջ, հեղեղանման.
-Ո՜ւր է, գոչեցին, զորավարը մեր`
Սուրբ հայրենիքի փրկիչ ու պաշտպան:

Նախարարներին ու թագավորին
Կարդացին բուռըն, խիստ սպառնալիք,
Որ խնդրեն իրենց քաջ զորավարին,
Պատվով ու փառքով բերեն հայրենիք:

Եվ ավագանին նստեց խորհրդի,
Երեք փորձաշատ ծերեր ընտրեցին,
Որ թագավորի և ծերակույտի
Խնդիրը տանեն քաջ զորավարին:

Պատվիրակները հասան հոգնաբեկ,
Իշխանի առաջ կանգնեցին ոտի,
Ողջույններ տվին զորավարին սեգ
Եվ աղերսները մեծ ծերակույտի:

Զրույց էր անում զորավարը մեծ
Ընկերների հետ իր հավատարիմ,
Եվ պատմում էին հին արկածներից,
Հիշում մարտերը` վարած միասին:

Տարածեց ձեռքը իշխանը փութով,
Լռեց դահլիճը պերճ ապարանքի.
Պատվիրակները պատմեցին վշտով
Թշվառ վիճակը մայր հայրենիքի:

Լսում էր տխուր պատգամը նրանց,
Վարանմունքի մեջ վշտակոծ հոգին,
Վաղեմի քենը բռնկվեց հանկարծ
Եվ ձեռքը ժխտող տարածեց ուժգին:

Ոսոխն օրեցօր մխրճվում է խոր,
Ուր ոտք է դնում` ավեր ու ավար,
Եվ ժողովուրդը վհատ ու մոլոր
Հնար է փնտրում, չի գտնում հնար:

-Մայրենի տաղով, հայրենի հողով
Կերթանք նրա մոտ մեր գուսանն ու ես,-
Ձայնում է ուժով մի ծեր շինական,-
Կբերենք նրան, նա չի լքի մեզ:

Եվ ժողովուրդը ուղի է դնում
Իր հին գուսանին և ծեր գեղջուկին.
-Ողջույններ տարեք, մեր սերը անհուն,
Նա չի մոռանա իր ժողովրդին:

Գնացին նրանք, սահմանը չանցած`
Շինականն արտից առավ մի բուռ հող,
Լցրեց քսակը, և արագընթաց`
Հասան իշխանի ապարանքը ճոխ:

Երեկո էր ուշ. կանթեղները լուռ
Նշույլում էին պերճ ձեղուններից,
Զորավարը հին` նստել էր տխուր,
Ընկերների հետ` մռայլ, թախծալից:

Տավիղն հինավուրց հանելով ուսից`
Գուսանը կանգնեց դահլիճում մարմար,
Զարկեց լարերին թափով, խանդալից,
Եվ լեզու առավ տավիղն ոսկելար:

Հին հայրենիքի մեղեդիներն հին
Մեղմ կարկաչեցին առվակների պես.
Գուսանը վառման` երգեց սրտագին
Ճերմակ լեռների կատարները վես:

Արծըվի կանչը` ժայռի գագաթին,
Ծըփուն արտերի զմրուխտը պայծառ,
Վիթերի վազքը` կիրճերում մթին,
Հոտերը բարի` դաշտերում դալար:

Երգեց ձիերի խրխինջը խրոխտ
Հայրենի փոշոտ ճանապարհներում,
Խաղողը ոսկի, հնձանները հորդ,
Եվ խրճիթների ծուխը ոլորուն:

Երգեց սիրազեղ վարդ-աղջիկներին,
Որոնք կարոտով կանչում են նրան,
Երգում են նըրա փառքը սխրագին,
Որ շողշողում է արևի նման:

Մռայլ ճակատը դողդոջուն ձեռքին
Եվ աչքերը գոց` երազով տարված,
Լսում էր քաջը գուսանի երգին,
Լսում էր` սրտին ականջը դըրած:

Ինչպե՜ս մայրենի խոսքերով անուշ
Կանչում են նրան, կանչում կարոտած.
Եվ վաղուց մեռած մոր ձայնը քնքուշ
Անհուն քաղցրությամբ լսում է հանկարծ:

Եվ թաց աչքերը սրբում է ափով.
Սակայն ծերունին քայլերով ամուր
Մոտեցավ, դրեց քսակը հողով
Իշխանի առաջ և կանգնեց անդորր:

Իշխանը սուզված նայում է անթարթ,
Անհագ հայացքով նայում է հողին,
Հողը խոսում է նըրա սրտի հետ,
Եվ սիրտը նըրա խոսում է հողին:

Հայրենի հողը քաշում է իրան,
Ինչքա՜ն ուժով է, ի՜նչ անպարտելի.
Եվ ինչպե՜ս քաղցըր հուշում է նրան
Վառ մանկությունը` երազներով լի:

Այդ հողն է նրան ծընել ու սընել,
Իր մայրն ու հայրը այդ հողն են դառել,
Եվ հայրենիքն է, ժողովուրդն անմեռ,
Եվ նախնիքները, որ հող են դառել:

Լսում է խորհին այդ անհուն ձայնին,
Մայր ժողովրդի կոչին դարավոր,
Օ՜, ինչքա՜ն ուժով քաշում է նըրան
Հայրենի հողի խորհուրդը հըզոր:

Եվ կարկառում է ձեռները դողդոջ,
Քսակը փոքրիկ վերցնում երկյուղաց,
Զգում է այնպես` թե աշխարհի ողջ
Գանձերը ունի ափի մեջ բռնած:

Աչքերը լցված սրտի արցունքով`
Խոնարհում է հեզ գլուխն արքենի,
Եվ երեք անգամ անհուն կարոտով
Համբուրում է նա հողը հայրենի:

Եվ ապա ընդոստ կանգնում է ոտի,
Հեծնում հըրաբաշ նժույգը ռազմի,
Ընկերների հետ փառքի և վշտի
Սլանում է սուրբ հողը հայրենի:

1920թ.
Ժնև

Լրահոս
Հրաչյա Թամրազյան․ Կյա՜նք` դու զգում ես ինձ․․․ Վահն Տերյան․ Հրաժեշտի խոսքերից Նաղաշ Հովնաթան. Տաղ ի վերայ Գուրջստանայ գօզալներին Ռուբեն Որբերյան․ Հին տնակս Նավումի մարգարեությունը Հախնազարյանները՝ մեկ բեմում Մարզական պարերի առաջնություն. 300 մասնակից Հայաստանից, Արցախից, այլ երկրներից Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում Մոսկվայում ժամանակավորապես կհայտնվի հայ ճարտարապետների նախագծած ամառային կինոդահլիճը Կարպիս Սուրենյան. Մայրենի լեզու և թարգմանություն Վրեժ Իսրայելյան․ Ես, մուսան և անդունդը Մենք մեր երկ­րում պե­տա­կան մա­կար­դա­կով վտան­գում ենք հա­յե­րե­նը «Վկայություններ կան, որ կարևոր որոշումներ կայացնելիս մեր պետության ղեկավարները պարտադիր առանձնազրույց են ունեցել այս կամ այն գրողի հետ» Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթը Դիարբեքիրի կիսաավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է. Ermenihaber Գրքի Երևանյան փառատոնի մեկնարկը՝ շուտով Օրհ­նե­ցե՛ք ձեզ հա­լա­ծող­նե­րին, օրհ­նե­ցե՛ք և մի՛ ա­նի­ծեք Մոսկվայում ավարտվեց հայոց թեմի քահանաների տարեկան ժողովը «Հույսդ դիր Աստծո վրա և բարիք գործիր» Ներկայացվելու են այն գծագրերը, որոնք Արտոն տրամադրել էր ինձ, և որոնք երբևէ չեն ցուցադրվել.Վահան Արծրունի. Ռուբեն Հովսեփյան. «Արագիլները վերադարձան» Եղիշե Չարենց. Ես այն չեմ այլևս Նկարիչ. Բենքսիի աշխատանքն աճուրդում վաճառում են անօրինական «Ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծ» Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարը վերականգնվում է Յուրի Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով Վահե ՔԱՉԱ. Փարիզեան պատկերներ Արվեստագետները կհարգեն քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակը նրան նվիրված համերգային ծրագրով Միայն հայ կոմպոզիտորների գործեր՝ Ջազ նվագախմբի համերգին Ո՛չ, ա­սում եմ ձեզ, սա­կայն, ե­թե չա­պաշ­խա­րեք, ա­մենքդ էլ նույն­պես պի­տի կոր­չեք Ռոման Պոլանսկու ֆիլմի պրեմիերան չի կայացել Վիլյամ Սարոյան. Հանճարը Էրմիտաժում Լեոնարդո դա Վինչիի կտավին փոխարինել է Բոտիչչելիի «Տիրամոր» պատկերը Վահագն Մուղնեցյան. «Ժպտա, երկինք» Հովհան Մանդակունի. Աղքատներին մխիթարելու մասին «Թռիչք կկվի բնի վրայով»՝ հայկական բեմում ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը Դալմայի այգու տարածքում 16-17 դդ քանդված գինու հնձանի վերաբերյալ Քրիստոնյաներին սպանել են մուսուլմանները, հայերը դարձել են ցեղասպանության զոհերի մարմնացումը Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է Ռուբեն Հովսեփյան. Նռներ
website by Sargssyan