Կամերային նվագախումբը և Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը հանդես կգան համերգով

Կամերային նվագախումբը և Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը հանդես կգան համերգով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Գինեսի ռեկորդակիր, միջազգային մրցույթների հաղթող, ջութակահար Նիկոլայ Մադոյանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: «Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգային երեկոն տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 17-ին, ժամը 19:30: Համերգին նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից:

Կհնչեն Պագանինիի և Վիվալդիի ստեղծագործությունները: Համերգային երեկոյին կներկայացվի Վիվալդիի անմահ «Տարվա եղանակներ» ստեղծագործությունը:

Նիկոլայ Մադոյանը 1988թ. դարձել է Պ.Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Պ.Չայկովսկու ջութակի համերգը: 1991թ. դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող: 1988թ. Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ` հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլուր:
2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Նա բազմիցս հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում