Բաս կիթառահար Սթենլի Քլարքի համերգով կմեկնարկի «Երևան ջազ ֆեստ»-ը

Բաս կիթառահար Սթենլի Քլարքի համերգով կմեկնարկի «Երևան ջազ ֆեստ»-ը

«Երևան ջազ ֆեստ»-ը, որն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 3-ը, հյուրընկալել է հանրաճանաչ երաժիշտների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ հոկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Գրեմմիի» քառակի դափնեկիր, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիրիժոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգով կտրվի Yerevan Jazz Fest 2019-ի մեկնարկը: Սթենլի Քլարքի հետ Հայաստան է ժամանում նրա դաշնակահարը՝ Չիկ Կորեայի աշակերտ Բեկա Գոչիաշվիլին:

Հոկտեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենան շվեդ աշխարհահռչակ բասիստ Լարս Դանիելսոնը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Նոյեմբերի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում կկայանա Վահագն Հայրապետյան և ընկերներ խմբի համերգը, որի ընթացքում կներկայացվի նաև ջազի մասին առաջին հայկական անիմացիոն ֆիլմը:

Yerevan Jazz Fest 2019-ը կուղևորվի նաև Գյումրի: Նոյեմբերի 3-ին «Հայաթ»-ում ելույթ կունենան Վահագն Հայրապետյանն ու Ջոն Մարշալը՝ տեղի ունկնդրին ներկայացնելով ջազային ինքնատիպ գործեր:

Փառատոնն անցկացնում են Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո» փրոդաքշնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում