USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Դիլիջանի եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը

 

Հոկտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Տավուշի թեմի Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ եկեղեցու հիմնօրհնեքի հանդիսավոր արարողությունը: Եկեղեցու հողօրհնեքը կատարվել էր դեռևս 2015 թվականին: Եկեղեցաշինական ծրագրի իրականացման բարերարներն են տեր և տիկին Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, Մաքսիմ Աթայանցը, Արմեն Կարապետյանը և Նորայր Թևանյանը:

Տավուշի մարզի սահմանագլխին Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և մարզպետ Հայկ Չոբանյանը, որից հետո Վեհափառ Հայրապետն իր շքախմբով ուղևորվեց Դիլիջան: Կառուցվելիք եկեղեցու մոտ Նորին Սրբությանը դիմավորեցին աղուհացի ավանդական արարողությամբ:

Հիմնօրհնեքի սրբազան արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, եկեղեցու բարերարները, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «Ավրորա» միջազգային ֆորումի մասնակիցները, Դիլիջանի բնակիչներ:

Արարողության սկզբում սաղմոսների երգեցողության ներքո կառուցվելիք եկեղեցու հիմքերում տեղադրվելիք 16 քարեր լվացվեցին ջրով ու գինով, ապա հանձնվեցին ընտրված 16 կնքահայրերին: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս Մյուռոնով օծեց վեմքարերը, որոնք կնքահայրերի կողմից տեղադրվեցին առաքյալների, ավետարանիչների և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող վեմերի հիմքում:

Արարողության ավարտին ներկաներին ողջունեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սրբազան Հայրը, իր ուրախությունը հայտնելով Դիլիջան քաղաքի եկեղեցու հիմնօրհնեքի կապակցությամբ, մասնավորապես նշեց.

«Այսօր Դիլիջան քաղաքի 475-ամյակն է: Ես չեմ կարող ասել, թե ի´նչ սկզբնավորությամբ են որոշել 475-ամյակը, բայց վստահաբար կարող եմ վկայակոչել Գրիգոր Մագիստրոս Պահլավունի զորավար մտավորականին, թե այս դրախտավայրում մարդիկ մոռանում են մահվան մասին: Այսօր այս եկեղեցու հիմնօրհնեքով, Վեհափառ Հայրապետի ձեռամբ քարերի օծումով, մենք վերստին վկայում ենք մահվան մասին մոռանալու վերաբերյալ:

Հատկապես ուզում եմ ասել, որ սա արդարության պատասխանն է ժամանակների մեջ գործված այն մեղքին, որ մենք մեր ձեռքերով քանդեցինք աստվածային տներն այս քաղաքում, վերածեցինք ամեն ինչի, բացի Աստծո ներկայության կարևորագույն հոգեվիճակի: Մենք այսօր դրա պատասխանն ենք տալիս՝ փորձելով այս ճանապարհով սրբել մեղքը բոլոր նրանց, ովքեր իմանալով կամ չիմանալով գործեցին այն»:

Բագրատ Սրբազանը նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին Տավուշի թեմի հանդեպ ցուցաբերած հայրական հոգածության համար:

Այնուհետև իր հայրական օրհնությունն ու պատգամը ներկաներին ուղղեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Սիրելիներ, ուրախ ենք այսօր մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներիդ հետ համախմբված լինելու Դիլիջանի եկեղեցու հիմնօրհնեքի արարողությանը: Հոգու բերկրանքով ենք հիշում, որ տարիներ առաջ այսպիսի խանդավառ և աղոթալի միջավայրում կատարեցինք հողօրհնեքի արարողությունը՝ հայցով ու փափագով, որ Տիրոջ օրհնությամբ իրականություն դառնա եկեղեցու կառուցումը՝ դիլիջանցիների հոգևոր կյանքի զորացման ու առաջընթացի համար:

Մեր անկախության վերահաստատմանը նախորդած աստվածամարտ ու եկեղեցահալած հասարակարգի պայմաններում հայրենի շատ գյուղեր ու քաղաքներ զրկվեցին աղոթավայրերից, բարբարոսաբար ոչնչացվեցին ու կործանվեցին վանքեր ու եկեղեցիներ, չարչարանքների ենթարկվեցին ու նահատակվեցին բազմաթիվ հոգևորականներ: Մարդու բարեկեցության, հավասարության, կրթության, համայնավարության գաղափարների տակ տասնամյակներ շարունակ բռնությամբ ճնշվում էին հավատքի, հոգևոր աշխարհայացքի, հոգևոր արժեքներին նվիրվածության դրսևորումները: Դիլիջանը ևս այն քաղաքներից էր, որտեղ ոչնչացվեցին եկեղեցիները: Հավատավոր դիլիջանցիներդ, տասնամյակներ շարունակ եկեղեցի չունենալով հանդերձ, այս վերջին տարիներին ձեր քահանայի նախանձախնդիր և հոգածու առաջնորդությամբ միշտ մասնակից եք եղել պատարագներին, հոգեշահ արարողություններին` պաշտամունքների համար հատկացված առանձին սրահում: Հայոց հոգևոր կյանքի զարթոնքի պատմական այս տարածաշրջանում, մեր հնամենի վանական համալիրների՝ Հաղբատավանքի, Գոշավանքի, Մակարավանքի և մեր նշանավոր այլ սրբավայրերի հայացքի ու շնչի ներքո բնակվող հայորդիներդ ձեր սրտերում վառ եք պահել փափագը աղոթավայր ունենալու, և այսօր Աստծո ողորմությամբ իրականություն է դառնում նվիրական այդ երազանքը:

Մենք գոհունակությամբ ենք հաստատում, որ թեև պատմության հոլովույթներում մեզ պատուհասած փորձությունների ընթացքին Աստծո և հավատքի դեմ մարտնչողները քանդեցին եկեղեցիները, բայց երբեք չկարողացան կործանել հայոց հավատքը, որ թրծվել էր դարեր ի վեր այդ եկեղեցիներում, չկարողացան մեր ժողովրդին հեռացնել իր Աստծուց, իր սրբերից, ազգային-հոգևոր մշակույթի հիասքանչ ժառանգությունից: «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է»: Հիրավի, մեր հոգեղեն եկեղեցին, մեր հավատքը դրված է Քրիստոսի հիմքի վրա, և Տիրոջ խաչելությունն ու հաղթական Հարությունը նաև փորձությունների, ցեղասպանության ենթարկված մեր ժողովրդի ու մեր եկեղեցիների չարչարանաց ու հարության պատմությունն են:

Հալածվելով ու ոչնչացման տարվելով՝ մեր ժողովուրդը խաչվեց, բայց չմեռավ, այլ հարություն առավ: Մեր հայրենի հողում ևս եկեղեցիներ են կրկին վեր հառնում, պայծառանում և իրենց դռները բացում հավատացյալների առջև: Եվ այս հաղթական ընթացքի գրավականը Հիսուս Քրիստոսն է, որի վրա՝ որպես հիմքի, հաստատված է Սուրբ Եկեղեցին: Ընդհանրական Հայրերից Սուրբ Եփրեմ Ասորին ասում է. «Եկեղեցին հոգևոր դրախտ է, որտեղ հաշտության սուրբ խորանը կյանք բխող կենաց ծառն է: Արդ, վայելեք այն շնորհները, որ ձեզ համար պատրաստել է Հայրը և միաբերան փառաբանեք Աստծուն»: Մեր ժողովրդի համար այս ընկալումով եկեղեցին միայն ճարտարապետական կոթող ու քարեղեն կառույց չէ, այլ աստվածային ներկայության, երկնային շնորհների բաշխման, հոգիների մաքրման ու ապաքինման վայր, ժամանակավորի միջից հավիտենության առաջնորդող հաստատություն՝ հիմնված Քրիստոս Վեմի վրա: Մեր եկեղեցական կառույցների հովանու ներքո հաստատված մեր դպրոցներում ու համալսարաններում սերունդներ են կրթվել, զորացել ազգասիրությամբ ու հայրենասիրությամբ: Եվ եկեղեցին՝ Քրիստոսի վրա հաստատված, եղել ու մնում է պատվարն ու հիմնասյունը մեր ազգային-քրիստոնեական ինքնության, հայ ոգու անպարտելիության և մեր փրկության ու հարատևության: Աշխարհի փոթորկահույզ ընթացքների, հակառակությունների մեջ եկեղեցին նաև այն վայրն է, որտեղ բոլորին խաղաղություն է տրվում, համերաշխության ոգին զորանում, միասնությունն ու միաբանությունը ամրապնդվում: Այստեղ աստվածպաշտական արարողություններին հավաքվում են տարբեր հայացքների, տեսակետների, դիրքորոշումների տեր անձեր, ովքեր օրհնյալ միջավայրում միավորվում են հավատքով, աստվածպատվեր նվիրական զգացումներով:

Ուրախալի այս արարողության առիթով մեր հոգիները վկայում են, որ եկեղեցաշեն ու ազգանպաստ իրագործումների համար երկնառաք բյուր պարգևներ պիտի շնորհվեն հավատավոր ազգիս հայոց ի Հայրենիս և ի Սփյուռս աշխարհի: Գոհունակ սրտով Հայրապետական Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում եկեղեցու բարերարներին՝ տեր և տիկին Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, ինչպես նաև՝ մեծարգո տիարք Մաքսիմ Աթայանցին, Արմեն Կարապետյանին, Նորայր Թևանյանին, ովքեր գովարժան հանձնառությամբ իրենց բարի ներդրումն են բերում հոգևոր-եկեղեցական մեր կյանքի պայծառությանը: Ուրախությամբ ենք հաստատում, որ ի մասնավորի մեծարգո տիար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ Վրաստանի Սուրբ Գևորգ եկեղեցու նորոգման իրագործումին գալիս է հավելվելու նաև Դիլիջանում կառուցվող եկեղեցին: Նվիրյալ հայորդու կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները՝ ուղղված կրթության բարելավմանը, տնտեսության զորացմանը, զբոսաշրջության զարգացմանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, և այլ նախաձեռնություններ հանրահայտ բարերարին արժանացրել են մեր հավատավոր ժողովրդի սիրուն ու երախտիքին:

Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում Տավուշի թեմի հոգևոր դասին՝ առաջնորդությամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, իրենց անձնվեր և հոգեխնամ ծառայության արդյունավորման համար: Մեր գնահատանքը նաև մարզային, քաղաքային իշխանություններին՝ մեր Սուրբ Եկեղեցու առաքելությանը աջակցելու համար:

Հայրական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ձեզ, սիրելի հավատավոր զավակներ Մեր, և հայցում, որ Բարձրյալ Տերը ամենախնամ Իր Սուրբ Աջով պահպանի ձեզ՝ պարգևի երջանկություն ու երկնահեղ բարիքներ ձեզ, ձեր ընտանիքներին:

Աղոթում ենք առ Ամենակալն Աստված, որ խաղաղության ու ապահովության մեջ պահի հայրենի մեր երկիրը, հաջողություններով պսակի աշխարհասփյուռ մեր ժողովրդի ազգային, հոգևոր-եկեղեցական կյանքի շինության ու պայծառության համար իրականացվող բոլոր ձեռնարկումները»:

Արարողության մասնակիցներին իր ողջույնը փոխանցեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Վերջինս ընդգծեց, որ այսօր Դիլիջանում հոգևոր տոն է և հոգևոր խորհուրդ, քանի որ տարիներ ու տասնամյակներ հետո բարերարների շնորհիվ քաղաքին վերադարձվում է իր եկեղեցին:

Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճյանը:

Ապա գեղարվեստական ելույթներով հանդես եկան Դիլիջանի համայնքային կենտրոնի «Նազանի» պարային խումբը:

Արարողությունից հետո Նորին Սրբությունն այցելեց նաև Դիլիջանի միջազգային դպրոց:

Աղբյուր՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուկյան էջ:

Տեսանյութը՝ Շողակաթ հեռուստաընկերության

Լրահոս
Եղիշե Չարենց․ Հեռացումի խոսքեր Վահան Տերյան․ Կույր լինելու ցանկություն ԿԳՍՄ նախարարը ունակ չէ կրթական օբյեկտիվ չափորոշիչներ ստեղծել. Տեր Տիգրան քահանա Բադիրյան «Այս որոշումը կբարդացնի քրիստոնյաների և մուսուլմանների կյանքը». Գարո Փայլանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի պիեսներից մեկը կբեմադրվի Ռուսական թատրոնում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ափսոսանք է հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ Փորձագետները գնահատել են պանդեմիայի հասցրած վնասը թանգարաններին «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Մատթ․ 9։29) Գրադարանների վիրտուալ անցուդարձը «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի ոդիսականը. Սերովբե եպիսկոպոս Շառլ Ազնավուրի հրապարակում բացվելու է Աղասի Այվազյանի անվանական աստղը Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները Նոր Խարբերդի դպրոցը պատրաստ է շահագործման Պարույր Սևակ. Լինել, թե չլինել Միսաք Մեծարենց. Առտվան արևի մեջ Օձա­վարս Գոր­գոն մե­դու­զան իր թու­նա­ծա­վալ վար­սե­րը տա­րա­ծել է ամ­բողջ աշ­խար­հում, Պան­դո­րան բա­ցել է կեղ­ծի­քի կոր­ծա­նա­րար սն­դու­կ Մեծ Բրիտանիայում Հռոմի 180-րդ Պապի 700-ամյա կնիքն է հայտնաբերվել Սալոնիկում Աթաթուրքի տունը պետք է դառնա հույների ցեղասպանության թանգարան․ Greek City Times «Կր­թու­թ­յան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը եր­բեք չեն թաքց­րել ի­րենց կեղծ պա­ցի­ֆիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թ­յու­նը» Իմպրեսիոնիզմի խռովկանը՝ Կլոդ Մոնե Մի՛ ստիր, Հայ Եկեղեցու պատմությունը չունի՛ «ծածուկ» էջեր Հայաստանին հաշտության օրակարգ է պետք․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ) Պետությունը չի կարող արշավ սկսել իր իսկ Ազգային Եկեղեցու դեմ, պետք չէ լինել աստվածամարտ. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան Օպերային թատրոնն առցանց կմատուցի Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» երկի համերգային կատարումը Էդգար Շա­հին. ֆրան­սա­հայ­կա­կան օ­ֆոր­տի հրա­ցա­նա­կի­րը Աստվածածնի օգնության մասին Եկե­ղե­ցին գո­յութ­յուն ու­նի 2000 տա­րի և գո­նե ա­ռա­ջի­կա 2000 տար­վա հա­մար պետք է ա­պա­հո­վի ե­կող սե­րունդ­նե­րի հոգևոր կա­րիք­նե­րը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին. «Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն» Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ... Գուրգեն Մահարի. Դաշտերում սեզ ու ծաղիկ Պարույր Սևակ․ Քմծիծաղ «Մերձավորի մահը». մաս 2-րդ Թուրքիան վաղը կհայտարարի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին. թուրք լրագրող Ղևոնդ Ալիշանի 200-ամյակի առթիվ կստեղծվեն անիմացիոն մուլտֆիլմեր «Music 20» դասական երաժշտության փառատոնը Հայաստան է բերում աշխարհահռչակ արտիստների Միքայել Նալբանդյանի գրական ժառանգության թվայնացումը գիտական, կրթական նշանակություն ունի «Մեր թիկունքում գաղտագողի այսպիսի բան են անում. վտանգներ ենք տեսնում ՀՀ քաղաքացու համար». Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան Ղազանչյան. Համաճարակով պայմանավորված պարապուրդը կարող է կործանարար լինել ստեղծագործ կոլեկտիվի համար Գովեստի խոսքերը՝ շարժիչ ուժ
website by Sargssyan