Աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը մենահամերգով հանդես կգա Մոսկվայում

Աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը մենահամերգով հանդես կգա Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում նոյեմբերի 6-ին ելույթ է ունենալու աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Համերգը ղեկավարելու է Ալեքսանդր Սպենդիրյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը: ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ծրագրում ընդգրկված են արիաներ օպերաներից: Համերգի շրջանակում ելույթ է ունենալու նաև տենոր Պավել Պետրովը:

Համերգի կազմակերպիչն է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: Սա Հասմիկ Գրիգորյանի առաջին մենահամերգն է Մոսկվայում:

Հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է։ 1999-ին նա ավարտել է Լիտվայի երաշտության և թատրոնի ակադեմիայի վոկալի բաժինը, ուսանել է նաև ֆրանսիական Նիսսում։ Նա լավագույն դերերն է կատարել Պետերբուրգի Մարինյան թատրոնում։

Լիտվայում և արտասահմանում բազմաթիվ մենահամերգներով է հանդես եկել Լիտվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Լարային քառյակի, կամերային նվագախմբի հետ։ 2009-2011թթ. նա հանդես է եկել Լիտվայի ազգային օպերայում, իսկ դեռ 2006-ին իր դեբյուտն է կատարել Լոնդոնի հայտնի Վիգմոր Հոլլում, նաև Մոսկվայի Մեծ թատրոնում։ 2011-2012-ին հանդես է եկել ավստրիական Գրացի օպերայում, ապա 2012-2013 կրկին վերադարձել է Վիլնյուս, իսկ 2013-2014-ին հանդես է եկել գերմանական Քյոլնի օպերային թատրոնում։

Լիտվայից Հասմիկ Գրիգորյանը «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թվականի «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթողն է: 2016-ին նույն մրցանակաբաշխությունում հաղթել էր «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում