Վարանդի «Բերդաքաղաք» վեպ-պոեմը ընթերցողների սեղանին է՝ պատմական դեպքերի յուրովի ներկայացմամբ

Վարանդի «Բերդաքաղաք» վեպ-պոեմը ընթերցողների սեղանին է՝ պատմական դեպքերի յուրովի ներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրողների միության մեծ դահլիճում տեղի ունեցած իրանահայ բանաստեղծ Վարանդի «Բերդաքաղաք» գրքի շնորհանդեսն ընթերցասերների և գրաքննադատների ուշադրությունն էր սևեռում 1921-1922թթ. փետրվարյան ապստամբությանն անդրադարձած ստեղծագործության վրա:

Գրքի գլխավոր կերպարներն են Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Հրաչյա Աճառյանը, Ալեքսանդր Թամանյանը… «1922-ին նրանցից շատերը բանտարկված էին Երևանի բերդում: Գրքում մի շարք նոր բաներ կան, օրինակ՝ ոչ ոք չգիտի, որ Շանթը որոշ ժամանակահատված ապրել ու ստեղծագործել է Պարսկաստանում: Գրքում կան ներկայացված պատմություններ, որոնք թե’ իրական են, թե’ կիսաերևակայական: Գիրքը պատմում է Փետրվարյան ապստամբության մասին, երբ խորհրդային կարգեր հաստատելուց հետո արյան բաղնիքի վերածվեց Հայաստանը, և ինչ-որ առումով կրկնվեց 1915-ը: Գրքում մի հետաքրքիր փաստ կա՝ այդ տարիներին Հայաստանում դահիճ չեն գտել, և որպեսզի իրենց դահճական առաքելությունը կատարեն, Բաքվից բերել են մի թուրք թաթարի: Ոմանք փրկվեցին ու կարողացան Շանթի, Նիկոլ Աղբալյանի ու մյուս նվիրյալների շնորհիվ հասնել Պարսկաստան: Նրանց առաջին հանգրվանը Թավրիզն էլ, որտեղից էլ սկսվում է պատումը՝ ինչպես են նրանց ընդունում, ինչ մարդկանց են հանդիպում»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դահլիճում ներկա հյուրերը, իրենց ոգևորությունն ու հիացմունքն արտահայտելով գրքի մասին, նկատեցին՝ գիրքը պետք էր դասակարգել որպես վեպ-պոեմ և գրքի վերջում փակցնել բացատրական բառարան գրքում առկա հերոսների ինքնության և կենսագրության մասին՝ մատաղ սերնդին տեղյակ պահելու համար: Վանանդն ասաց, որ այս գործը ստեղծելու ցանկությունն առաջացել է տարիների ընթացքում: Հեղինակն Իրանը սփյուռք չի համարում: Իսկ ինչ վերաբերում է անունների բացատրությանը, նա կարծում է, որ իր սերնդակիցները ճանաչել են գրքում հիշատակված անձանց, քանի որ հնարավորություն է եղել տարբեր միությունների անդամակցելով շփումներ հաստատել միմյանց հետ: Որպես օրինակ նա հիշատակեց անվանի հերոս Քեռիին, որը սպանվել է 1916 թվականին: Նա ցավով նշեց, որ Քեռիի կինը օրահացն ապահովելու համար երկու զամբյուղով փողոցում ամսագրեր էր վաճառում: Նրա սերնդակիցների համար գրքում առկա հերոսներն անծանոթ չեն,սակայն նա համաձայն էր այն կարծիքի հետ, որ անվանացանկ պետք է ավելացնել, բայց վերջում և որպես հավելված:

Գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի գնահատմամբ. «Վարանդի թարգմանությունների, գրքերի, նրա և Իրանի գրողների հետ կապերի շնորհիվ մեզ համար լավ ճանապարհ է բացվում դեպի իրանական ժամանակակից գրականություն, իրանական մշակույթ»: Միլիտոնյանը գիրքը կարդացել և շատ է հավանել:

Վարանդը մի շարք այլ գրքերի հեղինակ է: Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Արևի ճամբով», լույս է տեսել 1972 թ.՝ Թեհրանում, ապա հրատարակել է բանաստեղծությունների ու պոեմների ավելի քան երեք տասնյակ հավաքածուներ, որոնցից «Բոհեմական օրագիրը», «Մեղքի վարդերը», «Կրկներեւոյթը» (Միրաժ) եւ «Կարօտի նշխարներ»-ը շահել են «Ս. Ներսէս Շնորհալի», Հայաստանի «Վահան Թեքէեան» եւ Բեյրութի «Գէորգ Մելիտինեցի» գրական առաջին մրցանակները՝ 1998-ին եւ 2012-ին՝ (կրկնակի անգամ)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում