Հակոբ Մովսես․ Մեր մեջի բանավոր Բան-ա-վորը (Լևոն Ներսիսյան)

Հակոբ Մովսես․ Մեր մեջի բանավոր Բան-ա-վորը (Լևոն Ներսիսյան)

Երբ սբ. Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված իր Բ թղթի երրորդ գլխի վեցերորդ համարում գրում է` «Գիրն սպանում է», – թերևս մի նոր մշակույթի հիմքերն է դնում: Ո՞ր մշակույթի: Ա’յն, որը ո’չ թե «թանաքինն» է, այլ «Աստծո Հոգունը»: Ա’յն, որը գրվում է ո’չ թե «քարեղեն տախտակների» (այսօր` օֆսեթ-թղթե տախտակների), այլ, լսե’նք, «սրտի մարմնեղեն տախտակների վրա»: «Զի գիրն սպանանէ, այլ հոգին կեցուցանէ»,- ասում է առաքյալը` գալիք իմացաբանության մեջ նախանշելով քայլ առ քայլ միտվող Հոգու անձեռակերտ խոսքի պատկերացումը, որում մարդը ոչ թե գրում է, այլ ինքը հենց Բուն Գիր է` գրված մեր սրտերում, ճանաչված և կարդացված բոլոր մարդկանցից: Եվ չէ՞ որ Աստված ոչ թե գրեց, այլ ասաց, երբ ասաց` «եղիցի’»: Եթե գրեր` կլիներ հրաման և կարգադրություն, երբ ասաց` հնչեց իբրև բաղձանք…

Բայց թողնենք սա և անցնենք խոսքի գոյաբանական տեսանկյանը: Լևոն Ներսիսյանի սիրած հեղինակներից էին ֆրանսիացի բարոյագետները, որոնցից մեկի` Լառոշֆուկոյի հատորը ձեռքին նրա մասին իր ամեհի դատողություններն անելիս մի անգամ մեկի այն միամիտ հարցին, թե` «ինչո՞ւ գրի չեք առնում Ձեր մտքերը», նա այսպես… այսպես խոսեց Զրադաշտը. «Մի՞թե ես պետք է իջնեմ գրելու աստիճանին»… Անշո’ւշտ, Լևոն Ներսիսյանի պարագայում խնդիրը նաև գոյաբանական կողմ ուներ: Նիցշեական «գրչի աղվեսների» և «գրող-մրող ամբոխի» այս ժամանակներում, երբ բոլորը կամ գրում են, կամ, առնվազն, կարդում («Որ ամեն մարդ կարդալ սովորելու իրավունք ունի` ոչ միայն գիրն է երկար փչացնում, այլ նաև միտքը» – այսպես խոսեց Զրադաշտը…), նա գերադասեց այն աստիճանն ու աստիճանակարգությունը, որը նրա գերմանացի նախորդներից Էրազմը և Նիցշեն, թերևս հետևելով գնոստիկներին, պահանջում էին ո’չ թե իբրև չգրելու ս կ զ բ ո ւ ն ք, այլ ստեղծագործական, ասել է թե` գրելու մ ե թ ո դ. այո, չգրելը իբրև գրողական մեթոդ: «Լռել և մաքուր մնալ» («Schweigen und rein bleiben»): Գրել` չգրելով: Գրել` լռելով:

Ա­սում եմ` ո’չ սկզբունք, քանզի իբրև այդ` չգրելը վախկոտություն, զգուշավորություն և փոքրոգու­թյուն կլիներ, այսինքն չես գրում, որ չկեղտոտվես կամ, ավելի’ն, կեղտոտ բաներ չասես,- Պիղատոսի նման ձեռներդ լվանաս և մի կողմ քաշվես: Իբրև մեթոդ` չես գրում, որ միտքը չսպանես և թողնես մշտական բաղձանքի վիճակում` «զի գիրն սպանանէ»:

Գումարած, որ գիրը միտքը զրկում է իր անվայրության և անտեղության նվիրականությունից և այն տեղայնացնում և ժամանակավորում է, ինչպես մարմինն ու մարմնավորումն են հոգին կալանում: Հիշե’նք` սրբազան գրքերը չեն գրվել, այլ գրի են առնվել: Եվ դրա համար էլ դրանք Բան-Ավորի հատկություն ունեն. ո’չ թե ընթերցվելիք են, այլ` ուտելիք: Ահավասիկ. «Եվ ես, գնալով հրեշտակի մոտ, նրանից խնդրեցի գիրքը, և նա ինձ ասաց. «Առ սա և կեր»… Եվ հրեշտակից վերցրի բացված գիրքը և կուլ տվի»… (Հայտն., 10, 9-10):

Լևոն Ներսիսյանը մեր մեջի միակ Բանավոր Մարդն էր: Նա հ ա ն դ գ ն ե լ էր դրան: Չլինի՞ ոմանք կարծում են, թե նա հանճարի կամ խղճի պակաս ուներ: «Շան պո’չ, թշվառականնե’ր»: Նա պարզապես նախընտրել էր բանավորը: Նա բանավոր Բան-Ավորն էր: Նա ռապսոդ էր: Նա մի տեսակ խրտնում էր գրավորից, որովհետև գիտեր, որ հակառակ անհատականացնող բանավոր խոսքի` այն այսպես թե այնպես կոլեկտիվաց­նում է: Բավական չէ, որ գրավորը խոսքը տիրաժավորում է, բավական չէ, որ պյութագորասյան սրբազան ավանդույթը խախտելով` սկսեցին գրել, հետո էլ չխորշեցին տպա-գրել: (Իմ այս պատկերացմամբ` առաջին փուլում խոսքը անհատականացմա­ն նվիրականությունից խլելու և այն իբրև գրականություն կամաց-կամաց իր ձեռքը գցելու ճանապարհին զանգվածային ընթերցման համահարթեցման մեջ խեղդելու համար Ահրիմանը երկիր ուղարկեց… Գուտենբերգին):- Այն դեռ կարող է նաև վերապատմվել և վերաշարադրվել: Մինչդեռ բանավոր խոսքը միանգամյա (одноразовый) երևույթ է, ինչես կեսգիշերվա կրծքին սպիի պես բացվող և վայրկենաբար փակվող ասուպը… Բանավոր մարդը սոցիալական իմաստով հանրության անդամ չէ, այլ միայն ինքն է և իր հոգին:

Գրավոր խոսքը անհատին կտրում է ժամանակից և միֆից և դնում է պատմության և մշակույթի մեջ: Այն մարդու առասպելը դարձնում է գրողական կենսագրություն: Գրավոր խոսքը բանավորի արձանն է: Բանավորը բնագիր է, գրավորը պատճեն է: Գրավոր մարդը մեկնելի է` նա իր ժամանակով կարող է մեկնվել: Բանավոր մարդը չի մեկնվում,- մի’ փորձեք, – այդ նրա ժամանակն է, որ հատկանշվում է նրանով: Գրավորը, ի վերջո, տեքստ է, – ա’յդ էր պակաս, որ Լևոն Ներսիսյանը կապվեր որևէ տեքստի կամ տեքստ դառնար: Ա’յդ էր պակաս, որ մտքի այդ Ալեքսանդր Մակեդոնացին անցներ նստակյաց կյանքի և տիտիկ աներ որևէ տեքստի կամ գիտական կոչման մեջ… Նա գիտուն չէր, որ գրեր, նա իմաստուն էր, որ պիտի խոսեր: Նա գրող չէր, նա գրվող էր… Իսկ թե ո՞ւմ կողմից` եկեք դրան չանդրադառնանք… Թվում է, թե նրա պարագայում ամենադիպուկը բանավորությունը ազատության հետ կապելը և, ուրեմն, այսպես ասելը կլիներ` բանավոր մարդը ազատության մարդն է, նրան գրի մեջ դնելը նույնն է, թե բանտ դնես: – Այս ամենը ասելուց հետո, ուրեմն, ես, ինչպես և արդեն հասկանալ տվեցի, Լևոն Ներսիսյանի դասախոսությունները տպագրելու դ ե մ իմ այս խոսքը այսպես եմ ուզում ավարտել. ազնվագույն մղում, սակայն նրա կերպարը պահպանելու զուր ջանք: – Որովհետև գրավոր մարդը, ի վերջո, դպիր և օրենսդիր է, բանավոր մարդը` արտիստ, իսկ Լևոն Ներսիսյանը` այն արտիստը, ով հրաժարվել էր նաև իր դերից:- Ինչու որ` նա տեսել էր այն միակ Գիրը և Դերը, որը մարդու գոյությունը հասցնում է մի ա յ լ` մնեմոնիկական տեքստի աստիճանի, որտեղ մեզանից քչերի (երանելիների՜) կյանքն է, որ դառնում է Արարողություն, Հանդիսանք և Ծես:

Աղբյուր՝ Գրանիշ

Հետևեք մեզ նաև Telegram-ում