«Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը»

«Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը»

Մարդու բարձրագույն կոչումն, ըստ Սուրբ Գրքի, աստվածային բնությանը հաղորդակից լինելն է (Բ Պետրոս 1:4): «Քրիստոս մեզ համար երկրավոր եղավ, որպեսզի Իրենով երկնավոր լինենք»,- ասել է Ս. Ներսես Լամբրոնացին: Մարդը կոչված է Քրիստոսի հետ միավորյալ կյանք ապրելու և իրականում Նրա մարմնի անդամը դառնալու: Այդ միավորյալ կյանքի մասին է ասում Քրիստոս՝ օրինակ բերելով խաղողի որթատունկը. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը: Ով միացած է Ինձ, և Ես՝ նրան, նա առատ պտուղ կտա, որովհետև առանց Ինձ դուք ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15:5): Քրիստոս, խաղողի որթատունկը համեմատելով Իր հետ, ասում է, որ ինչպես խաղողի ճյուղն առանձին չի կարող պտուղ տալ, եթե միացած չլինի որթատունկին, նույնպես և մարդիկ չեն կարող պտուղ տալ, եթե միացած չլինեն Իրեն (Հովհ. 15:4): Տերը զգուշացնում է նաև այն վտանգի մասին, որին կարող են ենթարկվել նրանք, որոնք միացած չեն Իրեն. «Ով որ Ինձ միացած չի մնա, նա կտրվելով դուրս կնետվի և կչորանա այն ճյուղերի նման, որ հավաքում և կրակը նետելով այրում են» (Հովհ. 15:6): «Տե՛ս, թե Աստված որքա՜ն բարի է և միաժամանակ՝ խիստ: Խիստ է հավատի մեջ կործանվածների հանդեպ և բարի՝ քո հանդեպ, պայմանով, որ շարունակես արժանի մնալ նրա բարությանը, այլապես դու էլ կկտրվես» (Հռոմ. 11:22): Քրիստոս պարզ կերպով իրեն կոչել է խաղողի որթատունկ, որպեսզի մարդն իր մարմնական աչքերով տեսնի այն պարզ օրինակը, որ Նրան միացած անձը ուժ և հնարավորություն կունենա բարին գործելու:

Հիսուս Քրիստոս Իր առաքյալներին ասաց, որ Մարդու Որդին շուտով մեղավորների ձեռքը կհանձնվի և մահվան կդատապարտվի, իսկ առաքյալներն էլ կլքեն Իրեն: Առաքյալները վստահ էին, որ երբեք չեն լքի Տիրոջը, իսկ Պետրոսը համոզված ասում էր, որ եթե նույնիսկ բոլորը լքեն, ինքը չի լքի: Նա շատ էր սիրում Փրկչին, Որից և լսեց հետևյալ խոսքերը. «Ասում եմ քեզ, որ այս գիշեր, աքաղաղը երկու անգամ չկանչած, դու երեք անգամ կուրանաս Ինձ» (Մարկ. 14:30): Այդպես էլ եղավ. Պետրոսն ուրացավ Քրիստոսին: Այդ ամենն, ըստ եկեղեցու հայրերի, եղավ, որպեսզի առաքյալները, նաև բոլոր մարդիկ իրենց հոգուց արմատախիլ անեն մեծամտությունը: Երբ եկան Քրիստոսին ձերբակալելու, առաքյալները լքեցին Նրան ու փախան: Քրիստոս ծանակեց նրանց մեծամտությունը՝ միաժամանակ ուսուցանելով բոլորին հեռու մնալ հոգին կործանող մահացու մեղքից: Քրիստոս առաքյալներին, ապա բոլոր մարդկանց ասաց, որ առանց Իրեն նրանք ոչինչ անել չեն կարող: Տիրոջ խոսքերն իրենց մեջ մեծ ուսուցում են պարունակում: Գուցե Նրա այս խոսքին հակադարձեն՝ ասելով՝ մի՞թե առանց Քրիստոսի չեն գործվել մեծ ու փառահեղ գործեր, մի՞թե քիչ են եղել մարդիկ և ազգեր, որ չեն խոստովանել Տիրոջ անունը և ոչ պակաս գործեր են ստեղծել: Սակայն առանց Տիրոջ ստեղծված փառահեղ գործերը վերջ ի վերջո փուլ են եկել: Ժամանակին գոյություն ուներ Ասորա-Բաբելական հզոր թագավորությունը, որը տիրում էր ողջ աշխարհին: Ո՞ւր է այն այժմ: Շատ վաղուց փուլ է եկել, անհետացել է նրա փառքը, մոռացվել են նրա փառահեղ գործերը: Նույն վիճակին են արժանացել նաև Հռոմեական և այլ կայսրություններ, որոնք առանց Աստծո են հիմնվել: Պարզ է, թե ինչպես են փուլ գալիս այն մարդկային գործերը, որ կառուցվում են առանց Անկյունաքարի, առանց Քրիստոսի և Նրա օրհնության: Այսօր էլ շատերն առանց Աստծո կարող են բարեկեցության հասնել, բայց միայն թե ժամանակավոր: Առանց Տիրոջ մարդը ոչինչ անել չի կարող, և այս խոսքերը վերաբերում են ոչ միայն պետություններին, այլ նաև անհատներին: Հարկ է հիշել, որ ամեն բարիք մարդն Աստծուց է ստանում, ուստի որևէ բարի գործ չպետք է վերագրի իրեն, այլ խոնարհաբար ասի. «Անպիտան ծառաներ ենք, ինչ պարտավոր էինք անել, արեցինք» (Ղուկ. 17:10):

Մի քրիստոսասեր անձ հարցնում է ծերի. «Աստված մարդուն ազատ է ստեղծել, բայց և միաժամանակ ասել է, որ առանց ինձ ոչինչ անել չեք կարող (Հովհ. 15:5): Ինչպե՞ս համաձայնեցնել ազատությունը նրա հետ, որ առանց Աստծո ոչինչ անել չենք կարող: Ծերը պատասխանեց. «Աստված մարդուն ազատ է ստեղծել, որպեսզի մարդն իր ազատ կամքով խոնարհվի դեպի բարիքը, քանի որ ի վիճակի չէ բարին գործել առանց Աստծո օգնության և «դա կախում չունի ո՛չ մարդու կամեցողությունից և ո՛չ էլ նրա թափած ճիգից, այլ միայն Աստծո ողորմությունից» (Հռոմ. 9:16): Երբ մարդն իր սիրտը խոնարհեցնում է դեպի բարին և Աստծուց օգնություն հայցում, ապա Աստված, տեսնելով նրա բարի ջանքերը, ուժ է տալիս՝ գործելու և այդ կերպ մարդը չի կորցնում իր ազատությունը»:

Ինչպես ճյուղը, որթատունկին միացած լինելով, չի կորցնում իր առանձին գոյությունը, այնպես էլ Քրիստոսին միացած անձը չի կորցնում իր անհատականությունը, իր ազատ կամքը: Քրիստոսին միացած անձը, ինչպես Պողոս առաքյալը, կարող է ասել՝ ամեն ինչ կարող եմ տանել Քրիստոսի շնորհիվ, որ զորացրեց ինձ (Փիլիպ. 4:13):

Ինչպե՞ս հասնել Քրիստոսի հետ միավորյալ կյանքի, ինչպե՞ս մուտք գործել աստվածային կյանք: Հատված ճյուղը կրկին Որթատունկին կմիանա, եթե մարդը դառնա Քրիստոսի Մարմնի անդամը, ինչը հնարավոր է միայն եկեղեցու միջոցով: Փրկության ուղին հարթվում է մկրտության, ապաշխարության և հաղորդության խորհուրդների միջոցով: Աստծո Որդին, հանուն մարդկության փրկության, ամեն կիրակի՝ Ս. Պատարագին, Ինքն Իրեն է պարգևում բոլորին: Սուրբ Պատարագի ընթացքում սարկավագը Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվել ցանկացողներին զգուշացնում է. «Երկիւղիւ եւ հաւատով յառա՛ջ մատիք եւ սրբութեամբ հաղորդեցարո՛ւք»: Հավատքով և երկյուղածությամբ, «ներքին մարդու» փոփոխությամբ է, որ պետք է ընթանալ դեպի Տերը, քանի որ «սրտով մաքուրներն են, որ Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5:8): «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է»,- այս մասին ասվել է դեռևս Դավթի և Սողոմոնի օրոք: Այս երկյուղը ստրկական չէ: Ըստ երանելի Մաքսիմ Խոստովանողի՝ այն երկյուղ է մաքրության և բարձրության առջև, այդպիսի զգացումը ծանոթ է բոլոր սիրող սրտերին. «Տիրոջ հանդեպ զգացված երկյուղն ատում է անիրավությունը, թշնամանքն ու հպարտությունը և չարի ճանապարհը» (Առակ. 8:13): Աստծո որդեգրության արժանացածները ջանում են որևէ կերպ չվիրավորել իրենց Երկնավոր Հորը: Աստծո հանդեպ երկյուղի բացակայությունը մեծ աղետի պատճառ կարող է լինել. «Այսուհետև, ով անարժանորեն ուտի այս հացը կամ խմի Տիրոջ բաժակից, մեղանչած կլինի Տիրոջ Մարմնի և Արյան դեմ: Ուստի ամեն մարդ նախ ինքն իրեն թող քննի և ապա միայն ուտի այս հացից ու խմի այս բաժակից, որովհետև ով անարժանորեն է ուտում և խմում, այդ ուտելով ու խմելով դատապարտության է ենթարկում ինքն իրեն, քանի որ զանազանություն չի դնում սովորական հացի և Տիրոջ Մարմնի միջև: Այս է ահա պատճառը, որ ձեր մեջ կան բազում հիվանդներ ու ցավագարներ և շատ են նաև նրանք, որ մեռան նույն պատճառով» (Ա Կորնթ. 12:27-32): Աստծո հանդեպ երկյուղը հնարավոր է միայն հավատքի առկայությամբ. «Առանց հավատի անհնար է Աստծո բարեհաճությունը շահել» (Եբր. 11:6): Սուրբ Հոգու պտուղներից է հավատը (Գաղ. 5:22), հավատը մաքրում է հոգու պատուհանը և «Ամեն ինչ, որ հավատքից չի գալիս, մեղք է» (Հռոմ. 15:23):

«Ով հավատա և մկրտվի, կփրկվի» (Մարկ. 16:16): Քրիստոնեական հավատը նախ և առաջ վստահություն է կենդանի Աստծո հանդեպ, վստահություն այն ուղուն, որով Նա առաջնորդում է մեզ: Միայն Աստծո հետ մշտական հաղորդակցության մեջ գտնվող անձն է, որ կարող է պտուղներ տալ: Եկեղեցական արարողությունների միջոցով Աստված միավորվում է մեզ, իսկ արարողությունների պսակով՝ Ս. Պատարագով, քրիստոնյան ճաշակում է Քրիստոսի Մարմինն ու Արյունը: Մեծագույն պարգևը՝ Քրիստոսի Մարմինն ու Արյունը, հնարավոր է ընդունել միայն սիրով և ապաշխարությամբ: Ապաշխարության կոչով սկսեց Հովհաննես Մկրտիչն իր քարոզը. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատ. 3:2; 4:17): Պետրոս առաքյալը Հոգեգալստյան օրը ներկա գտնվողներին կոչ արեց ներքին փոփոխության. «Փոխեցե՛ք ձեր ընթացքը, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որպեսզի ներվեն ձեր մեղքերը» (Գործք. Առաք. 2:38): Մեղքերն ու կրքերը խոչընդոտում են Աստծո հետ միավորվելուն և Աստվածտեսությանը. «Ինչպես մարդը չի կարող իր դեմքը տեսնել պղտոր ջրում, այնպես էլ հոգին, որ զերծ չէ մեղքերից, չի կարող արտացոլել Աստծուն» (Ս. Բարսեղ Մեծ):

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում