USD
EUR
RUB

Առանց Աստծո կամքի որևէ մեկը ո՛չ ծնվում է և ո՛չ էլ մահանում

 

Եկեղեցու հայրերը մերձավորին կորցրած անձանց հիշեցնում են հոգևոր այն մեծ մխիթարության մասին, որ կարող են ունենալ քրիստոնեական հավատի շնորհիվ, իսկ այդ հավատն ասում է, որ Աստված բոլորին կյանք և շունչ է տալիս, Նրանով է, որ մարդ ապրում է, շարժվում և կա (Գործք Առ. 17:25; 28), Տերն է սպանում և ապրեցնում, իջեցնում գերեզման և դուրս բերում այնտեղից (Ա Թագ. 2:6), նաև՝ «Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դահեկանի է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր Հոր գետին չի ընկնում. և ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշվված են: Արդ, մի՛ վախեցեք, քանի որ բազում ճնճղուկներից լավ եք դուք» (Մատթ. 10:29-31): Աստվածաշնչյան այս մեջբերումները պարզորեն ցույց են տալիս, որ առանց Աստծո կամքի որևէ մեկը ո՛չ ծնվում է և ո՛չ էլ մահանում:

Ավետարանական վերոնշյալ համարի հետ կապված եկեղեցու հայրերն ասում են, թե որքան չնչին գումար է մեկ դահեկանը, որի դիմաց վաճառում են երկու ճնճղուկ, բացի այդ այն, ինչ արժեք ունի, առանձին է վաճառվում: Աստված հոգ է տանում անգամ ամենափոքր թռչունին, որ մարդկանց համար որևէ արժեք չունի և նրանց կողմից մոռացված այդ թռչունը թանկ է Աստծո համար: Եթե փոքրիկ թռչունները, որ չնչին գումար արժեն ու չեն որսվում և Աստծո պահպանության ներքո են և նրանցից ոչ մեկը երկիր չի ընկնում առանց երկնավոր Հոր գիտության, ապա այս ամենը ցույց է տալիս Տիրոջ անսահման սերը մարդկանց նկատմամբ: Յուրաքանչյուր անձ բազմաթիվ թռչուններից ավելին արժե և եթե երկավոր Հայրը սիրում է մարդկանց այնքան, որ նրանց գլխի մազերը Նրա կողմից հաշվված են, ապա չպետք է վախենալ, քանի որ մարդկանցից յուրաքանչյուրը գտնվում է Նրա առանձնահատուկ պահպանության ներքո և այն ամենը, ինչ տեղի է ունենում նրա հետ, պատահում է ոչ այլ կերպ, քան Նրա գիտությամբ: Հայրաբանության մեջ նաև կարդում ենք՝ եթե մարդու գլխի մազերը հաշվված են Տիրոջ կողմից, առավել ևս կյանքի օրերը. «Եվ մի՛ վախեցեք, որ կմահանաք մինչ նախասահմանված օրը և հույս մի՛ ունեցեք, որ ձեր կյանքը թեկուզ մեկ օրով կերկարացնեք առանց Աստծո կամքի, Ով հաշվում է և ամեն ինչ գիտի: Այս ամենի գիտակցումը սովորեցնում է մարդուն խոնարհ լինել և Աստծո հանդեպ երկյուղ ունենալ: Եվ եթե ձեր գլխի մազերը հաշվված են, առավել ևս ձեր տառապանքները: Այսպիսով մի՛ վախեցեք, որ չափից առավել տանջվեցիք: Առավել քիչ վախեցեք, որ ձեր դժվարությունները կամ տառապանքները մոռացված և աննկատ կմնան Նրա կողմից, Ով տեսնում է ամեն ինչ: Այս ամենի գիտակցումը սովորեցնում է համբերատար լինել և վստահել բոլորի Արարչին և Նախախնամողին»: Մարդկանց հանդեպ Տիրոջ նախախնամության մասին է վկայում Նրա հետևյալ խոսքերը. «Նայեցե՛ք երկնքի թռչուններին, ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ շտեմարանների մեջ ամբարում, և սակայն ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց: Չէ՞ որ դուք Աստծո աչքին թռչուններից գերազանց եք: Կամ հագուստի համար ինչո՞ւ եք մտահոգվում: Օրինա՛կ վերցրեք վայրի շուշաններից և տեսե՛ք, թե ինչպես են աճում. ո՛չ աշխատում են, ո՛չ հյուսում: Ուրեմն, եթե Աստված այդպես գեղեցիկ է հագցնում դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց է նետվում, նրանցից շատ ավելի լավ չի՞ հագցնելու ձեզ, թերահավատնե՛ր» (Մատթ. 6:26; 28; 30):

Պետք է վստահորեն հավատալ, որ եթե Աստված մարդուց տանում է իրեն հոգեհարազատ մեկին, ապա դա միայն Աստծո մեծագույն սիրո արտահայտությունն է ինչպես մահացածի, այնպես էլ նրա հարազատների հանդեպ: Այդ պատճառով եկեղեցու հայրերը մատնանշում են՝ մի՞թե կարող ենք մտածել, որ Աստված չերկարացրեց մարդու կյանքը, եթե այն անհրաժեշտ լիներ թե՛ նրա և թե՛ հարազատների համար, կամ մի՞թե վերցրեց մեկի կյանքը, օրինակ՝ ժամանակ չտալով ապաշխարության, կամ որ ցավ պատճառի ննջեցյալի հարազատներին և ուրախանա նրանց արցունքներով: Անմտություն է այդպես մտածելը. Աստծո գթասրտությունն անսահման է և Նա է մարդկության սիրող Հայրը: Իրականում մարդը, ում մահը սգում են, եթե կենդանի մնար, կարող էր ենթարկվել ավելի մեծ դժբախտությունների, օրինակ՝ շարունակական ծանր հիվանդության, ինչի դեպքում մահը թե՛ նրա և թե՛ հարազատների համար մեծ բարիք կլիներ, կամ անզղջում սրտով մեղքերի մեջ ապրեր: Եվ Աստված, որ պարզորեն տեսնում է ինչպես ներկան, այնպես էլ ապագան, չի՞ ցուցաբերի մեծագույն սեր՝ ազատելով մարդուն տառապանքից և մեղքերի մեջ ընկնելու փորձությունից, ինչը զրկելու էր նրան հավիտենական երանությունից: Շատ ու շատ օրինակներ այս ամենն են ապացուցում. Սողոմոն արքան իր հոր՝ Դավթի գահին բազմեց մաքուր սրտով: Նա իր ծաղկուն տարիքում շատ իմաստուն էր, սիրում էր Աստծուն և հավատարմորեն հետևում էր հոր արդար ճանապարհին, սակայն ծեր տարիքում ընկավ ցանկասիրության մեղքի, իսկ հետո՝ կռապաշտության մեջ: Խոր անկում կարող են ունենալ անգամ ամենաիմաստուն մարդիկ: Այն, ինչ կատարվեց Սողոմոն արքայի հետ, կարող է կատարվել որևէ մեկի համար սիրելի անձի հետ, եթե Աստված նախապես չվերցնի նրան այս կյանքից՝ տեղափոխելով այլ կյանք: Այս պարագայում փրկարար և բարերար է, երբ Աստված մարդու հոգին իր մոտ է տանում՝ մինչ նա կկորցնի այն հավիտենական կյանքի համար: Այդ պատճառով պետք չէ տրտնջալ և մեղանչել Աստծո իմաստուն նախախնամության դեմ: Բացի այդ քրիստոնեական հավատը նոր մխիթարություն է բերում մարդուն՝ ասելով, որ ննջեցյալը ժամանակավոր է քնել և ընդմիշտ չի բաժանվել իր հարազատներից. «Հաստա՛տ իմացեք, կգա ժամանակ, և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծո Որդու ձայնը, և լսողները կապրեն» (Հովհ. 5:25): Քրիստոսի երկրորդ գալուստին բոլորը կրկին միմյանց կտեսնեն և որքան մեծ էր հարազատների միջև սերը, և որքան տխուր՝ նրանց ժամանակավոր բաժանումը, այնքան ավելի ուրախալի կլինի նրանց հանդիպումը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Լրահոս
Կարպիս Սուրենյան. Մայրենի լեզու և թարգմանություն Վրեժ Իսրայելյան․ Ես, մուսան և անդունդը Մենք մեր երկ­րում պե­տա­կան մա­կար­դա­կով վտան­գում ենք հա­յե­րե­նը «Վկայություններ կան, որ կարևոր որոշումներ կայացնելիս մեր պետության ղեկավարները պարտադիր առանձնազրույց են ունեցել այս կամ այն գրողի հետ» Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթը Դիարբեքիրի կիսաավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է. Ermenihaber Գրքի Երևանյան փառատոնի մեկնարկը՝ շուտով Օրհ­նե­ցե՛ք ձեզ հա­լա­ծող­նե­րին, օրհ­նե­ցե՛ք և մի՛ ա­նի­ծեք Մոսկվայում ավարտվեց հայոց թեմի քահանաների տարեկան ժողովը «Հույսդ դիր Աստծո վրա և բարիք գործիր» Ներկայացվելու են այն գծագրերը, որոնք Արտոն տրամադրել էր ինձ, և որոնք երբևէ չեն ցուցադրվել.Վահան Արծրունի. Ռուբեն Հովսեփյան. «Արագիլները վերադարձան» Եղիշե Չարենց. Ես այն չեմ այլևս Նկարիչ. Բենքսիի աշխատանքն աճուրդում վաճառում են անօրինական «Ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծ» Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարը վերականգնվում է Յուրի Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով Վահե ՔԱՉԱ. Փարիզեան պատկերներ Արվեստագետները կհարգեն քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակը նրան նվիրված համերգային ծրագրով Միայն հայ կոմպոզիտորների գործեր՝ Ջազ նվագախմբի համերգին Ո՛չ, ա­սում եմ ձեզ, սա­կայն, ե­թե չա­պաշ­խա­րեք, ա­մենքդ էլ նույն­պես պի­տի կոր­չեք Ռոման Պոլանսկու ֆիլմի պրեմիերան չի կայացել Վիլյամ Սարոյան. Հանճարը Էրմիտաժում Լեոնարդո դա Վինչիի կտավին փոխարինել է Բոտիչչելիի «Տիրամոր» պատկերը Վահագն Մուղնեցյան. «Ժպտա, երկինք» Հովհան Մանդակունի. Աղքատներին մխիթարելու մասին «Թռիչք կկվի բնի վրայով»՝ հայկական բեմում ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը Դալմայի այգու տարածքում 16-17 դդ քանդված գինու հնձանի վերաբերյալ Քրիստոնյաներին սպանել են մուսուլմանները, հայերը դարձել են ցեղասպանության զոհերի մարմնացումը Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է Ռուբեն Հովսեփյան. Նռներ Թադևոս Տոնոյան․ Հողերկպագու անձս Դե­մոկ­րա­տա­կան օ­րենք­նե­րը կյան­քը խեղ­դող փշա­լա­րեր են Ամենահաջողակ դերասանուհիները Հան­րա­հայտ և ան­հայտ Նի­կո­ղա­յո­սը Ողորմության մասին Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ «Ա­րամ Խա­չատ­ր­յա­նը մեծ ներդ­րում է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի և հա­մաշ­խար­հա­յին մշա­կու­թա­յին կյան­քում» Հայ ջութակահարուհին դարձել է «Դեբյուտների համագործակցություն» երիտասարդական մրցանակի դափնեկիր Վարդան Հակոբյան. Ապրում ենք՝ որպես հիշողությունը մեզնից առաջ ապրածների
website by Sargssyan