Հայր Էրմես Մարիա Ռոնքի. «Վաղվա բարիքը, երեկվա ամուլությունը»

Հայր Էրմես Մարիա Ռոնքի. «Վաղվա բարիքը, երեկվա ամուլությունը»

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Ելից 3, 1-8.13-15

Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Հոթորի՝ մադիանացիների քրմի ոչխարները։ Նա ոչխարները տարավ անապատ ու հասավ Աստծո լեռը՝ Քորեբ։ Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսեսը տեսնում էր, որ մորենին հրով վառվում էր, բայց չէր այրվում։ Մովսեսն ինքն իրեն ասաց. «Գնամ տեսնեմ այս մեծ տեսարանը։ Ինչպե՞ս է, որ մորենին չի այրվում»։ Երբ Տերը նկատեց, որ Մովսեսը տեսնելու համար մոտ է գնում, մորենու միջից ձայն տվեց նրան ու ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»։ Սա ասաց. «Ի՞նչ է»։ Աստված ասաց. «Մի՛ մոտեցիր այստեղ։ Կոշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետև այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է»։ Եվ ավելացրեց. «Ես քո հայրերի Աստվածն եմ, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը ու Հակոբի Աստվածը»։ Եվ Մովսեսը շուռ տվեց իր երեսը, որովհետև վախենում էր նայել Աստծուն։ Տերն ասաց Մովսեսին. «Ես ականատես եղա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի կրած տառապանքներին, լսեցի վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը, տեղյակ եմ նրանց վշտերին։ Ես իջա, որ նրանց փրկեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այդ երկրից, նրանց տանեմ մի լավ ու ընդարձակ երկիր՝ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Խևացիների, Գերգեսացիների ու Հեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում։ […] Մովսեսն ասաց Աստծուն. «Ես կգնամ իսրայելացիների մոտ ու նրանց կասեմ. «Ձեր հայրերի Աստվածն է առաքել ինձ ձեզ մոտ»։ Եվ եթե նրանք հարցնեն ինձ, թե ի՞նչ է նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»։ Աստված ասաց Մովսեսին. «Ես այն Աստվածն եմ, որ Է»։ Եվ ավելացրեց. «Այսպես կասես իսրայելացիներին. «Որ Է-ն առաքեց ինձ ձեզ մոտ»։ Աստված դարձյալ ասաց Մովսեսին. «Այսպես կասես իսրայելացիներին. «Ձեր հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածն է առաքել ինձ ձեզ մոտ»։ Այս է իմ հավիտենական անունը, որ հիշատակ է ազգից ազգ։

Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Կորնթացիներին 10, 1-6.10-12

Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգիտանաք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի առաջնորդության տակ էին և բոլորն էլ ծովով անցան. և բոլորը, հետևելով Մովսեսին, մկրտվեցին ամպ ու ծովի մեջ. և բոլորն էլ նույն հոգևոր ուտելիքը կերան, և բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև խմում էին հոգևոր այն վեմից, որ գնում էր նրանց հետ և այն վեմը ինքը՝ Քրիստոսն էր։ Բայց նրանցից շատերը չէ, որ հաճելի եղան Աստծուն, քանզի անապատում ընկան մեռան։ Եվ այն որպես օրինակ եղավ մեզ համար, որպեսզի չար բաների ցանկացող չլինենք, ինչպես որ ցանկացան նրանք։ […] Եվ չտրտնջանք, ինչպես տրտնջացին նրանցից ոմանք և կորստյան մատնվեցին մահվան հրեշտակից։ Եվ այս բոլորը իբրև օրինակ պատահեց նրանց հետ, բայց որպես խրատ գրվեց մեզ համար, մեզ, որոնց համար հասել է հավիտյանների վախճանը։ Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի։

Ղուկաս 13, 1-9

Այդ նույն ժամանակ ոմանք եկան և պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արյունը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արյան հետ։ Նա պատասխանեց նրանց և ասաց. «Կարծո՞ւմ եք, թե այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկվեցին, ավելի մեղավոր էին քան բոլոր գալիլիացիները։ Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ։ Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք»։ Պատմեց և այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. և երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտռելու ու չգտավ։ Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտռելու և չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողը զբաղեցնում»։ Այգեգործը պատասխանեց և ասաց. «Տե՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչև որ նրա շուրջը փորեմ և աղբ գցեմ. գուցե թե պտուղ տա. ապա թե ոչ՝ մի տարուց հետո կկտրես այդ»։

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ

Մահվան պատմություններ, Ավետարաններում, և մեծ հարցադրումներ։ Ի՞նչ մեղք ունեին այդ մարդիկ։ Աստված Ի՞նքն է, որ առաջնորդում է սրերով զինվածներին։

Հիսուսը պաշտպանում է և՛ Աստծուն, և՛ սպանվածներին. Աստված չէ, որ զինում է Պիղատոսի ձեռքը, որ արյուն է ավելացնում արդեն թափված արյանը, որ փլում է աշտարակները. հարցը ծածուկ մեղքերի չի վերաբերվում, որոնք իբրև թե հարկավոր է պատժել։

«Ո՞ւր էր Աստված», հարցնում ենք մենք բոլորս, երբ ականատես ենք լինում անմեղ տառապանքի։ Աստված ներկա էր, անկասկած։ Բայց չի կանգնում զոհի ու մարդասպանի միջև, այլ՝ Ինքն էլ կրկին խաչվում է զոհի հետ։ Չի կոտրում մարդասպանների նիզակները, դրանցով Ինքն էլ կրկին խոցվում է Իր զավակների հետ։

Ես սա գիտեմ. Աստված մասնակցում է։ Հզոր՝ ինչպես սերը։ Եվ սիրո նման անզոր։ Իր ամենակարողությունը դա սիրո ամենակարողությունն է, որ կարող է անել միայն այն, ինչ կարող է անել սերը։ Եվ գործում է այնտեղ, ուր ծնվում են վախերն ու ուժը և գութն ու դարձը։

Աստված արցունքներին ամենախորին արտացոլման մեջ է, սահման դնելու համար քո արցունքներին, հույսով։ Հարությամբ։ Խաչված հանձինս Իր զավակների, երկրի անթիվ անհամար խաչերի վրա։

«Եթե դարձի չգաք, բոլորդ էլ կկորչեք»։ Մարդիկ Հիսուսի մոտ են գնում՝ ուրիշների խնդիրների մասին խոսելու, իսկ Նա հրավիրում է նրանց նայելու սեփական հոգու խորքը։ Տեսանք, թե ինչպես փլուզվեցին երկու աշտարակները, մի քանի տարի առաջվա Սեպտեմբերի 11-ին, բայց դրանում միայն պատմական մի իրադարձություն տեսանք, ուրիշներին վերաբերվող մի դեպք, և ո՛չ թե մի կոչ՝ մեր անձնական դարձի։

Ո՞ւր էր Աստված այդ օրը։ Ո՛չ, իրական հարցը սա է. Ո՞ւր էր մարդը։ Եթե մարդը չփոխվի, եթե չսկսի քայլել ա՛յլ ճանապարհներով, եթե դարձի չգա ու չդառնա դաշինք ու ազատություն կերտող, այս երկիրը կկործանվի, որովհետև հիմնված է բռնության ու անարդարության ավազների վրա։

«Եթե դարձի չգաք, բոլորդ էլ կկորչեք»։ Գուցեև ո՛չ աշտարակների ահեղագոչ փլուզման մեջ, այլ՝ ամլության լուռ ողբերգության մեջ։

Վերջին առակը ցույց է տալիս Աստծուն, որ գալիս է այգեգործի համբերության պատկերի մեջ. «Ուզում եմ մի տարի ևս աշխատեմ այս թզենու շուրջը և գուցե կպտղաբերի»։ Եվս մի տարի, ևս մի օր. հույսը տեղաշարժում է օրացույցի ժամանակները, կրկին ընթացք է տալիս կյանքին։

«Թերևս հաջորդ տարի պտուղ կտա»։ Այս «թերևս»ի մեջ ամփոփված է աստվածային գթության հրաշքը. մի փոքրիկ հավանականություն, մի առկայծող պատրույգ, մի կքված եղեգ բավական են Աստծո համար։ Բավարարվում է մի «թերևս»ով, կառչում է մի դյուրաբեկ «գուցե»ի։ Եվս մի տարի է պարգևում իմ երեք տարիների անպտղությանը. և վստահում է ինձ, որևէ հույսից անդին։ Նրա համար վաղվա հնարավոր բարիքն ավելին արժե, քան երեկվա ամլությունը։

Դարձի գալ՝ նշանակում է հավատալ այս Աստծուն, ո՛չ թե մի բռնակալի, որ սպառնում է մահվամբ, այլ՝ վստահասիրտ այգեգործին, ով հոգատարությամբ խնամում է այն հողակտորը, որ իմ սիրտն է։ Աստված վստահում է ինձ, ես վստահում եմ Աստծուն։ Փոխադարձ հավատքի, վստահության այս հանդիպումից, վստահության այս կրկնապատկումից է ծնվում փրկությունը։

Փրկությունը պտղաբերելն է, ուրիշների համար։ Թզենու նման, որն եթե ապրում է միայն ինքն իր համար, չի ապրում։ Որը, ապրելու համար, պետք է տա, ուրիշների քաղցի և ուրախության համար, մի պտուղ, որն ուրիշների համար հնարավոր կդարձնի ճաշակելու կյանքը և հասունացնելու իր սեփական բարի պտուղները։

Հատված Հայր Էրմես Մ. Ռոնքիի « Շնչել Քրիստոսին » (« Respirare Cristo ») գրքից, էջ 54-55.
Աղբյուր՝ Mashtoz.org

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում