Տաճարեցնենք մեր հոգիներն ու մարմինները

Տաճարեցնենք մեր հոգիներն ու մարմինները

Յուրաքանչյուր քրիստոնյա անհատ Սուրբ Հոգու տաճար է. «Մե՛նք ենք կենդանի Աստծո տաճարը, ինչպես Աստված Ինքն ասաց. «Պիտի բնակվեմ նրանց մեջ և պիտի ապրեմ նրանց հետ: Ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք իմ ժողովուրդը»» (Բ Կորնթ. 6:16) և թե «Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք դուք, և Աստծո Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթ. 3:16): Այս տաճարների մեջ է ծնվում ճշմարիտ հավատը, անխախտ հույսը և անկեղծ սերն Աստվածության հանդեպ: Այս տաճարից առ Աստված են բարձրանում ջերմեռանդ աղոթքներ, ջերմագին խնդրվածքներ և սրբանվեր զգացմունքներ: Մարդը տաճար է Սուրբ Հոգու, և ուր Սուրբ Հոգին է, այնտեղ կլինի և՛ Հայր Աստված, և՛ Որդի Աստված: Սուրբ Հոգու գործունեության բնույթը լավագույնս մեկնաբանում է մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս: Հովհաննեսի Ավետարանում կարդում ենք Նրա հետևյալ խոսքերը. «Եվ Ես պիտի աղաչեմ Իմ Հորը, որ մի ուրիշ Մխիթարիչ տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի: Դա Սուրբ Հոգին է, որ ճշմարտությունն է հայտնում: Աշխարհը չի կարող Նրան ընդունել, որովհետև ո՛չ տեսնում է Նրան և ո՛չ էլ ճանաչում: Բայց դուք ճանաչում եք Նրան, որովհետև ձեր մեջ պիտի մնա և ձեզ հետ պիտի լինի» (Հովհաննես 14:16-17):

Սուրբ է Աստված, և Աստծո բնակության վայրը սուրբ պետք է լինի: Ս. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Դուք տաճար եք, սուրբ տաճար և ավելին՝ Սուրբ Հոգու տաճար: Մի՛ ապականեք սուրբ տաճարը և Աստվածային պարգևը մի՛ գործադրեք անօգուտ»: Մեր մարմնի տաճարները պղծում ենք, երբ այն վերածում ենք ավազակների որջի, երբ այնտեղ հպարտության, նախանձի, ծուլության, ագահության, որկրամոլության, գողության, մատնության և ուրիշ անթիվ ու անհամար մեղքերի սեղաններ են ու աթոռներ: Քրիստոս այդպիսի տաճարից վռնդեց առուծախ անող մարդկանց, կործանեց սեղաններն ու աթոռները և հանդիմանեց նրանց՝ ասելով. «Գրված է. «Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի», մինչդեռ դուք ավազակների որջի եք վերածել այն» (Մատթ. 21:12-13): Այսօր էլ մեր Տերը հանդիմանում և խարազանով դուրս է հալածում այդ մոլությունները: Այս պատճառով է առաքյալը ասում. «Եթե մեկն Աստծո տաճարը քանդի, Աստված էլ կորստի պիտի մատնի նրան, որովհետև Աստծո տաճարը սուրբ է, և դո՛ւք եք այդ տաճարը» (Ա Կորնթ. 3:17): Այդ տաճարը մեր մարմնի տաճարներն են՝ սրբված եկեղեցու սուրբ ավազանի ջրով՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, օծված Սուրբ Մյուռոնով, մաքրված և զորացած Սուրբ Հաղորդությամբ: Այդ պատճառով մենք մեր անձի տերը չենք, այլ Աստված, որ փրկագնով գնեց մեզ համար (Ա Կորնթ. 6:20): «Ուստի,-հորդորում է առաքյալը,-այնպես ապրեցեք, որ Աստված փառավորվի ձեր մարմիններով» (Ա Կորնթ. 6:20), քանի որ Աստծո տաճարը փառաբանության վայր է: Նաև՝ «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:16)»:

Հնարավորինս մաքուր պահենք մեր մարմնի տաճարները, աշխատենք, որպեսզի աստվածավայել լինեն մեր սրտերը՝ իբրև Տիրոջ բնակարան: Ուստի, տաճարեցնել մեր մարմիններն ու հոգիները նշանակում է՝ հեռու մնալ մարմնական և հոգեկան ամեն պղծությունից, մաքրել մեզ կատարելապես՝ ապրելով Աստծո երկյուղով (Բ Կորնթ. 7:1):

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում