Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:

Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով ԵՄ դեսպանին նշանակման առիթով, մաղթեց նրան հաջողություներ իր առաքելության մեջ:

Հայաստանի և ԵՄ-ի միջև ձևավորված սերտ գործակցությունը կարևորելով՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այն կարդյունավորվի նոր ձեռքբերումներով և կնպաստի Հայաստանի առաջընթացին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու և ԵՄ-ի միջև ձևավորված հարաբերությունները կարող են արձանագրել դրական արդյունքներ, քանի որ դրանք խարսխված են մարդասիրական և քրիստոնեական սկզբունքների վրա:

Հայոց Հովվապետն ողջունեց նաև Եվրոպական Միության կողմից Հայասատանում իրականացվող կրթական տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրագործումը:

Այս առիթով Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայ Եկեղեցու համար կարևոր նշանակություն ունի կրթական ոլորտի զարգացումը, և ինչպես անցյալում, այնպես էլ հիմա շարունակելու է իր ներդրումը տվյալ ոլորտի զարգացման գործում՝ հիմնված լինելով քրիստոնեական արժեհամակարգի վրա:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անդրեա Վիկտորինը նշեց, որ ուրախ է կրկին լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հավաստիացրեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ ԵՄ-ը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին և շարունակել իր օժանդակությունը բերել երկրում ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը: Հանդիման ընթացքում դեսպանը մասնավորաբար անդրադարձ կատարեց համընդհանուր արժեքների պահպանության, տարածման և մարդու իրավունքների պաշտպանության գործում ԵՄ պատվիրակության գործադրած ջանքերին՝ այդ հարցերում ակնկալելով նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օժանդակությունը:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությանը, քննարկեցին Հայաստանում առկա խնդիրների հաղթահարման ուղիները:

Աղբյուր՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուկյան էջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում