Երևանի արվեստների կենտրոնն ու Հայկական գրաֆիկայի թանգարանը մեկ հարկի տակ կհրավիրեն արվեստասերներին

Երևանի արվեստների կենտրոնն ու Հայկական գրաֆիկայի թանգարանը մեկ հարկի տակ կհրավիրեն արվեստասերներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մշակութային կյանքի զարգացման գործում իրենց ավանդը կարող են ունենալ Բոյաջյան արվեստների կենտրոնն ու Հայկական գրաֆիկայի թանգարանը, որոնց ցուցասրահներում ներկայացվելու է Վարդգես Բոյաջյանի «XX-րդ դարի գրաֆիկական արվեստի վարպետները» անհատական հավաքածուի հայկական բաժինը: Ընդգրկված են աշխարհահռչակ արվեստագետներ Էդգար Շահինի, Ժան Գառզուի, Ժան Ժանսեմի արվեստի մի քանի հարյուրից ավելի գործեր` գծանկար, վիմագրություն, օֆորտ, նկարազարդ գրքեր։

Ցուցահանդեսը ներառում է նաև արվեստագետ Վարդան Աճեմյանի բացառիկ գրաֆիկական աշխատանքները, որոնք երբևիցե չեն ցուցադրվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկ տանիքի տակ գտնվող մշակութային հաստատությունների բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Սպենդիարյան 4 հասցեում:

Հավաքորդ Վարդգես Բոյաջյանը, խոսելով թանգարանի կարևորության մասին, ասաց, որ այն հայկական գրաֆիկայի միակ թանգարանն է: «Այդտեղ ցուցադրվելու են եվրոպահայ, Հայաստանում ստեղծագործող նկարիչների գրաֆիկական աշխատանքներ: Գառզուի, Ժանսեմի, Շահինի գրեթե ամբողջական հավաքածուներն են ընդգրկված: Կլինեն նրանց նկարազարդումներով եզակի գրքեր, որոնք փոքր տպաքանակով են լույս տեսել»,-շեշտեց նա:

Բոյաջյանի խոսքով` այդ գործերի հանգրվանը Հայաստանն է, ուստի արվեստների կենտրոն և թանգարան բացելն անհրաժեշտություն էր:

Հավաքորդն ասաց, որ արվեստների կենտրոնում էքսպոզիցիան կարող է ժամանակ առ ժամանակ փոխվել. կլինեն ժամանակակից ստեղծագործողների` նկարիչների, քանդակագործների ցուցահանդեսներ: «Նախատեսում ենք կամերային երաժշտության համերգներ, մոնոներկայացումներ, գրական երեկոներ, հետաքրքիր արվեստագետների հետ հանդիպումներ կազմակերպել: Տարածքում գործելու է նաև փոքր սրճարան, որտեղ կմիավորվեն գեղարվեստն ու ժամանցը: Կարծում եմ` այն հետաքրքիր կլինի ոչ միայն տեղացիներին, այլև օտարերկրացիներին: Մարդիկ կարող են առանձնանալ, լավ ժամանակ անցկացնել արվեստի միջավայրում»,-շեշտեց Վարդգես Բոյաջյանը:

Բոյաջյան արվեստների կենտրոնի և Հայկական գրաֆիկայի թանգարանի բացման արարողությանը զուգահեռ նոյեմբերի 22-ին ցուցահանդեսներ կկազմակերպվեն Գյումրիում և Ստեփանակերտում, որոնցում ներկայացված կլինեն նույն հավաքածուից բացառիկ աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում