«Հոգուն տանք հոգևորը, իսկ մարմնին՝ մարմնավորը»

«Հոգուն տանք հոգևորը, իսկ մարմնին՝ մարմնավորը»

Փարիսեցիներն ու դպիրները շարունակ որոգայթ էին լարում Հիսուսի շուրջը, խարդախ կերպով ցանկանում էին Նրան հանցանքի մեջ բռնել: Իրենք իրենց խստակրոն օրինապահ և արդար ձևացնելով՝ եկան Հիսուսի մոտ և ցանկանում էին իմանալ Նրա կարծիքը կայսրին տրվող հարկերի մասին: Բացահայտ որոգայթ էր պատրաստվում: Եթե Հիսուսն ասեր, որ հարկ է տուրք տալ, նշանակում է Նա թշնամի է Իսրայելին, եթե ոչ՝ Նրան կարելի է ներկայացնել Պիղատոսի առջև որպես Հռոմի դեմ հրահրիչներից մեկի: Նրանք, շողոքորթելով Ուսուցչին, սկսեցին առաջարկել.

– Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախոս ես և Աստծո կամքը ճշմարտությամբ ես ուսուցանում՝ առանց մտահոգվելու, թե ուրիշներն ինչ կասեն, որովհետև աչառություն չես անում: Ուրեմն ասա՛ մեզ, ի՞նչ ես կարծում, մեր Օրենքի համաձայն՝ կայսրին տուրք պե՞տք է տանք, թե՝ ոչ:

Նրանց կեղծավոր նենգությունը պարզ էր:

– Ինչո՞ւ եք Ինձ փորձում,- ասաց Հիսուսը,- Ինձ մի դահեկան բերեք, որ տեսնեմ:

Հարցնողները, իսկույն գրպաններից հռոմեական մի դահեկան հանելով, ցույց տվեցին Հիսուսին: Դրա վրա կայսեր կողապատկերն էր և լատիներեն արձանագրված դրոշմագիր՝ «Տիբերիոս կայսր Օգոստոս, որդի աստվածային Օգոստոսի»: Հիսուս հարցրեց.

– Այս պատկերն ու արձանագրությունն ո՞ւմն է:

– Կայսրինը:

– Տվե՛ք կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն:

Պատասխանը զարմացրեց նրանց, պապանձվեցին, լռեցին և ոչինչ չկարողացան անել: Որոգայթը չհաջողվեց լարել: Հիսուսը նրանց դրեց անելանելի դրության մեջ (Մատթեոս 22:15-22):

Կարևոր է, որ յուրաքանչյուր ոք կարողանա ի վերուստ տրված ժամանակավոր այս կյանքը հավասարակշռել, տալու «կայսերը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն» (Ղուկաս 20:25) ավետարանական պատվերը: Սակայն, «կայսերը՝ կայսեր» պատվերը քիչ թե շատ կատարվում է, իսկ «Աստծունը՝ Աստծուն» պատգամը գրեթե անտեսված է: Ս. Սերաֆիմ Սարովսկին գրում է. «Պետք է ընթանանք միջին ճանապարհով՝ «չշեղվելով ո՛չ աջ, ո՛չ ձախ» (Առակներ 4:27) և հոգուն պիտի տանք հոգևորը, իսկ մարմնին՝ մարմնավորը, ինչը որ անհրաժեշտ է ժամանակավոր կյանքը պահելու համար»:

Իսկ այն հարցին, թե ի՞նչն է պատկանում Աստծուն, Ալեքսանդր Մենը պատասխանում է. «Աստծուն մարդ պետք է տա իրեն ամբողջությամբ»: Այս պարագայում ազատվում ենք «կայսեր թագավորության» ստրկությունից: Ի տարբերություն «կայսեր թագավորության», Աստծո թագավորության մեջ տիրում է կատարյալ ազատություն: Այս թագավորությունը սերմանում է վստահություն և հույսեր, այն ժառանգում են հաշտարարները, սրտով մաքուրները և ճշմարտության համար հալածվածները: Այնտեղ մխիթարվում են սգավորները, հարստանում են «հոգով աղքատները», հագենում են Ճշմարտությամբ: «Այս թագավորությունից հեռանալ, նշանակում է ընկնել, մահանալ, իսկ դեպի այն ընթանալ՝ նշանակում է հարություն առնել, վերադառնալ ապրելու, բնակվել այնտեղ՝ նշանակում է ապրել» (Ս. Օգոստինոս):

Ճիշտ է Աստծո թագավորությունն այս աշխարհից չէ, այն բարձր է անցավորից, սակայն, միևնույն ժամանակ այն անբաժանելի է այն ամենից, ինչը կատարվում է այս աշխարհում: Եթե մարդը զանց առնի իր երկրային ծառայությունը, դա դավաճանություն կլինի իր կոչմանը: Մյուս կողմից, նրանք, ովքեր բոլոր ուժերը ծառայեցնում են միայն նյութականին, սպասվում է անխուսափելի կործանում: Եվ նախ խնդրե՛ք, որ Աստծո արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված ավելիով կտա ձեզ (Մատթեոս 6:33):

Գայանե Սուգիկյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում