Ներսես Աթաբեկյան․ Մանկությունս արթնանում էր տատիս ավելի քստքստոցից

Ներսես Աթաբեկյան․ Մանկությունս արթնանում էր տատիս ավելի քստքստոցից

***

Փոքրիկ քաղաքում, ուր մանկությունս

արթնանում էր տատիս ավելի քստքստոցից,

ու ձյուն էր երազում, որ սահնակ ունենար,

ուր անհնար էր հորիզոնը, ու բլուրների վրա

գնդասեղի նման խրվում էր լուսինը

կամ արևը, նայած՝ օրվա որ եղանակն է,

ամեն ինչ Աստծո մասին էր –

մայունը գառան,

հարևանի քչախոս ավանակը,

աքլորականչը երրորդ՝ լուսաբացից առաջ,

լճի վրա ոտնահետքը թեթև ու արծաթե,

ժամանակը, գինին, հացը՝ թոնրից ելած,

նույնիսկ հետքը խաչի՝

կինոյի շենք դառած եկեղեցու վրա,

նույնիսկ մարդիկ,

որ ուզում էին դրախտ

ընկնել ասեղի ծակով

և ամեն փորձից արթնանում տեղատարափ

ծաղկումի մեջ այգու՝

տատիս ցախավելի քստքստոցից…

Հետևեք մեզ նաև Telegram-ում