Վահագն Մուղնեցյան. Մենք այնպես ենք ապրում…

Վահագն Մուղնեցյան. Մենք այնպես ենք ապրում…

Մենք այնպես ենք ապրում մեր ծննդյան օրից,
Ինչպես առաքյալը՝ Քրիստոսից հետո.
Հոգու հեռուներում՝ թափառական շներ,
Իսկ մայթերի վրա՝ մարաղ մտած կատու։

ՍՆնք այնպես ենք ապրում մանկությունը շիվար,
Ինչպես վարար գետից մի մազապուրծ առվակ.
Պղտորվում է, կորչում մեր ետդարձի ուղին՝
Խառնվում են իրար լրջություն ու կատակ։

Մենք այնպես ենք ապրում պատանությունը տաք,
Ինչպես ծիածանը՝ շողերի մեջ ամռան.
Ներքաշվում ենք փութով մեր յոթ երազի մեջ,
Իսկ երբ ետ ենք նայում՝ էլ վառ գույներ չկան։

Մենք այնպես ենք ապրում ջահելությունը մեր,
Ինչպես մուրճն է պայթում զնդանների վրա,
Եվ ամեն նոր տարի այն հաշվով է գալիս,
Թե երբ պիտի փչի շունչը անցյալ տարվա։

Մենք այնպես ենք ապրում ծերությունը մեր որբ,
Ինչպես սուտասանը՝ ******ների գրկում.
Եվ որքան էլ ձգվի օրվա դեղին սուփրան,
Մեկ է՝ այգն իր ճամփով մայրամուտ է ձգտում։

Մենք այնպես ենք ապրում, ասես թե չենք ապրում,
Ասես թե ապրում ենք ինչ-որ մեկի հաշվին.
Այդպես հորթն է ապրում՝ ոչինչ չիմանալով,
Թե ինչ գրվեց մի օր իր դաբաղած կաշվին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում