Հայուհին «Ձայն տուր ով ծովակ» երգով հիացրել է ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին

Հայուհին «Ձայն տուր ով ծովակ» երգով հիացրել է ռուսական մրցույթի ժյուրիի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայն»-ը նախագծի 8-րդ եթերաշրջանում ելույթ է ունեցել 18-ամյա Իննա Սայադյանը։ Նա դուդուկի հնչյունների ներքո կատարել է «Ձայն տուր ով ծովակ» երգը՝ հիացնելով ժյուրիի անդամներին։

Նրա յուրահատուկ կատարումը կույր լսումների փուլում ստիպեց «Ձայնը» շոուի ժյուրիի բոլոր անդամներին շրջվել: Դեպի Իննան առաջինը շրջվել է վրացի հայտնի պրոդյուսեր և կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն, նրան հետևեցին Սերգեյ Շնուրովը, Պոլինա Գագարինան ու Վալերի Սյուտկինը։

Իննա Սայադյանը նշեց, որ Հայաստանից է, ծնունդով Վայք քաղաքից, բայց ապրում և սովորում է Մոսկվայում։

«Ինձ համար շատ հաճելի է, քանի որ այն, ինչ դուք արեցիք շատ մշակութային էր», – դիմելով Իննային՝ ասաց Վալերի Սյուտկինը։ Այնուհետև նա շարունակեց. «Երբ լսում եմ Թամարա Գվերցիտելիին և Նանի Բրեգվաձեին, ես այն անվանում եմ «երկրի ձայնը»։ Ձեր մոտ նույնպես այդպես ստացվեց»։

«Երբ դուդուկը նվագեց, գործընկերները սկսեցին նայել ինձ։ Դուք այնքան փայլուն երգեցիք, որ եթե այլ գործիք էլ նվագեր, ես կոճակը սեղմելու էի։ Դուք հիանալի երգեցիք և վստահ եմ, որ դուք կարող եք կատարել ոչ միայն ժողովրդական երգեր։ Ես հստակ գիտեմ, թե ինչ պետք է անել ձեզ հետ։ Ես ձեզ հրավիրում եմ իմ խումբ»,- ասաց Կոնստանտին Մելաձեն։

18-ամյա հայուհին որպես մարզիչ ընտրեց հենց Մելաձեին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում