USD
EUR
RUB

Սկզբու՞նք թե՞ նպատակահարմարություն․․․

 

Վերջին օրերին բուռն քննարկման թեմա է դարձել “Հայոց Եկեղեցու պատմություն” առարկան առանձին կարգով դպրոցում դասավանդելու նպատակահարմարությունը, որը, սակայն, ըստ էության, նորություն չէ: Այս իմաստով փաստարկների և հակափաստարկների սակավություն էլ գոյություն չունի: Այն պարփակել է ամեն շերտ՝ իրավական կարգավորումներից սկսած, մինչև կրոնական քարոզչություն, ազգային փոքրամասնությունների խտրականության խնդիր, միասնական մեկ պատմության հարց՝ ներառելով այն հայ ժողովրդի պատմություն կամ գրականություն առարկայի մեջ, մինչև “աշխարհիկ կրթության” սկզբունք, գիտատեխնոլոգիական և մրցունակ հանրույթ ստեղծելը, մինչև քաղաքական որոշում և քաղաքական շահարկումներ, “առաջադիմականներ” և “հետադիմականներ” և այլն:
Անձնապես, իմ պատկերացումներն ունեմ այս հարցի և ընդհանրապես կրթության վերաբերյալ, որի մասին այս պահին չեմ բարձրաձայնի՝ թողնելով այն մեկ այլ առիթի, եթե հարկ լինի, այստեղ միայն փորձելով այն պարզաբանել հռետորական հարցադրման կամ հարցադրումների միջոցով:
Ես՝ լինելով “հետադիմական և խավարամիտ” դասի ներկայացուցիչ, ով ուսանել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա պսակավորի կոչում ստացել Անգլիայի Լիդսի համալսարանում, ապա Կանադայի Մոնթրեալ քաղաքի լավագույն բարձրագույն հաստատություններից Կոնկորդիա համալսարանում՝ վկայվելով որպես կենսաբարոյագիտական (bioethics) գիտությունների թեկնածու, ցանկանում եմ հետևյալ պարզ հարցադրումը կատարել.
Ո՞վ է Սուրբ Գրիգոր Նարեկացին և ինչպե՞ս է դասավանդվում հանրակրթական դպրոցում՝ որպես աղոթասա՞ց, գրական հեղինա՞կ, միստիկ աստվածաբա՞ն, վերածնունդի ռահվիրա՞, պատմական կերպա՞ր, քաղաքական գործի՞չ, գիտնակա՞ն, վերջապես հա՞յ, քրիստոնյա՞, դավանանք ունեցո՞ղ թե՞ անդավանանք կերպար: Նույնը Սուրբ Մեսրոպ Մաշտոցի և Սուրբ Սահակ Պարթևի մասին, նույնը սրբոց թարգմանչաց ողջ փաղանգի մասին՝ Սուրբ Մովսես եպիսկոպոս Խորենացի, Սուրբ Դավիթ վարդապետ Անհաղթ, Եզնիկ վարդապետ Կողբացի, Կորյուն, Եղիշե, Մամբրե Վերծանող, Սուրբ Հովսեփ կաթողիկոս Հողոցմեցի, Սուրբ Ղևոնդ Երեց, Սուրբ Հովհան կաթողիկոս Մանդակունի և այլոք: Նույնը Սուրբ Հովհան Օձնեցու, Խոսրովիկ վարդապետ Թարգմանչի, Սահակ կաթողիկոս Ձորափորեցու, Ստեփանոս եպիսկոպոս Սյունեցու, Մաշտոց կաթողիկոս Սևանցու, Անանիա վարդապետ Շիրակացու, Անանիա վարդապետ Սանահնեցու, Անանիա վարդապետ Նարեկացու, Հովհաննես վարդապետ Սարկավագի, Հովհաննես վարդապետ Գառնեցու, Բարսեղ վարդապետ Մաշկևորցու, Գրիգոր վարդապետ Տուտեորդու, Ստեփանոս մետրոպոլիտ Սյունեցի Օրբելյանի, Երանելի Մխիթար Գոշ վարդապետի, Վանական վարդապետ Տավուշեցու, Խաչատուր վարդապետ Տարոնացու, Վարդան վարդապետ Արևելցու, Կիրակոս վարդապետ Գանձակեցու, Վարդան վարդապետ Այգեկցու, Պողոս և Մոմիկ քանդակագործ վարդապետների, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Հովհաննես Արճիշեցի վարդապետ Ոսպնակերի, Ներսես եպիսկոպոս Լամբրոնացու, Կիրակոս վարդապետ Երզնկացու, Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի, Գրիգոր Վկայասեր և Գրիգոր Տղա հայրապետների, Կոստանդին կաթողիկոս Բարձրբերդցու, Թովմա վարդապետ Մեծոփեցու, Մխիթար վարդապետ Հերացի, Ամիրդովլաթ Ամասիացի և Բունիաթ Սեբաստացի բժշկապետերի, Սուրբ Հովհան վարդապետ Որոտնեցու, Եսայի վարդապետ Նչեցու, Ներսես վարդապետ Մշեցու, Սուրբ Գրիգոր վարդապետ Տաթևացու, Սուրբ Մովսես կաթողիկոս Տաթևացու, Հակոբ կաթողիկոս Ջուղայեցու, Սիմեոն կաթողիկոս Երևանցու, Ներսես կաթողիկոս Աշտարակեցու, Գևորգ Դ կաթողիկոսի, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի, Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանի, Կոմիտաս վարդապետի, Կարապետ եպիսկոպոս Տեր Մկրտչյանի, Գարեգին կաթողիկոս Հովսեփյանի և բազմահարյուր այլ մեր մեծ հայրերի մասին:
Անկեղծ ասած վստահ չեմ, որ վերոթվարկված մեր մեծ հայրերից շատերի անուններն անգամ լսած լինեն համապատասխան ոլորտում: Գիտական առումով ևս նրանք եղել են թե՛ իրենց ժամանակների գիտության հիմնարար հեղինակները թե՛ մինչև այսօր մնացել են չգերազանցված և ամուր հիմք են ստեղծել ժամանակակից գիտակրթական նվաճումների համար: Այսուհանդերձ, հարցս վերաբերում է կրթության՝ հանրակրթական և այլապես, մեթոդբանությանը և չափորոշիչներին: Արդյո՞ք, եթե դպրոցում ուսումնասիրում ենք վերոթվարկված հայրերի վաստակը ի՞նչ մոտեցում է ցուցաբերվում նրանց և նրանց ժառանգության նկատմամբ: Եթե սոսկ որպես գրական հեղինակներ և գործեր, արդյո՞ք չի աղճատվում և կեղծվում նրանց ժառանգությունը: Նախ՝ առաջին, եթե սոսկ գրականագիտական արժեքով են ուսումնասիրվում, ապա այն կիսատ և թերարժեք կմնա պարզապես գրաբարի չիմացության պատճառով և այդպիսով անհաղորդ խորքային լեզվամտածողությանը, որով նրանք արարել և ստեղծագործել են: Երկրորդ՝ բնականաբար կեղծված կլինի նրանց ամբողջական կերպարն ու ինքնությունը, հետևաբար նաև ուսումնասիրողի ամբողջական գիտելիքը: Եթե ներկայացվեն որպես աղոթասաց, աստվածաբան և հոգևոր հեղինակներ, արդյո՞ք սա ինքնին արդեն իսկ կրոնական քարոզչություն չէ՞, որը նաև խախտում է այլ դավանանքի և ազգային փոքրամասնությունների երեխաների իրավունքը և վերջապես չի՞ խախտվում այդքան տարփողած “աշխարհիկ կրթության” սկզբունքը: Ինչո՞վ են “մեղավոր” ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որ դպրոցում պարտադրված են հայ գրականություն և հայագիտական առարկաներ ուսումնասիրել: Արդյո՞ք արդեն իսկ չի խախտվել երեխայի սահմանադրական իրավունքը, և հետևաբար, պետք է բացառել նման առարկաների պարտադիր ուսուցումը դպրոցում: Եվ վերջապես որտեղի՞ց է վերցված հայոց առաջին թարգմանությամբ “Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ” նախադասությունը, որն այդքան հպարտորեն զետեղված է հայոց դպրոցների ճակատներին կամ դասասենյակներում: Միթե՞ այն Աստվածաշունչ մատյանի Առակաց գրքից չէ՞, ուրեմն նաև այս արտահայտությունը պետք է հեռացնել, որովհետև կրոնական քարոզչության տարրեր կարող է պարունակել և խաթարել երեխայի դավանական պատկերացումները կամ սահմանադրական իրավունքները:
Անկեղծորեն, հարցադրումների շարքը շատ երկար է, սակայն ես շեշտում և խոսում եմ ՍԿԶԲՈՒՆՔԻ մասին: Եթե վերոբերյալ փաստարկներն են “Հայոց Եկեղեցու պատմություն” առարկայի հանրակրթական դպրոցում դասավանդման աննպատակահարմարության կամ հայոց պատմության կամ գրականության ուսուցանվող առարկաների մեջ ներառելու պատճառները, ապա դրանով վերստին չի՞ խախտվելու աշխարհիկ կրթության” սկզբունքը, ազգային փոքրամասնությունների հանդեպ անխտրական վերաբերմունքը, երեխայի այլ դավանանքի լինելու հանգամանքը կամ սահմանադրական իրավունքը թե՞ այս անգամ վերստին “հին ու բարի” ժամանակների հանգույն կիսատ և կեղծ գիտելիք ենք մատուցելու մեր ինքնության և ինքնաճանաչողության հաշվին:
 Վերոնշյալները, պարզ հարցադրումներ են նպատակ ունենալով զուտ բովանդակային քննարկում ծավալելու՝ հեռու բոլոր տեսակ պաթոսներից և շահարկումներից, և կարծում եմ, վավերական հարցադրումներ են այսօրվա փաստարկների խորապատկերին, որոնք կարիք ունեն համակողմանի քննարկման հստակ և պարզ ՍԿԶԲՈՒՆՔԻ վրա հիմնված: Ի՞նչ ենք մատուցելու՝ կեղծ և կիսատ գիտելիք հարմարեցված ժամանակի պահանջներին կամ թելադրանքներին, թե՞ ազնիվ ուսմունք ինքնաճանաչողության ամբողջական գիտակցությամբ, որը չեմ կարծում թե երբևէ արգելք է եղել գիտատեխնոլոգիական կրթության զարգացմանը:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Հրանտ Մաթևոսյան․ Գոմեշը Ղևոնդ Ալիշան. Հրազդան Deutsche Welle-ն անդրադարձել է Գազայի հատվածի հայազգի լուսանկարչի արխիվին Գիտնականները պարզել են` իրականում ինչ տեսք է ունեցել Ռաֆայել Սանտին Մեր խիղճը կփրկի մեզ Դատաստան, հալածանքների պատճառը Պարույր Սևակ. Անտառի վեպը Սուրբ Բարսեղ Կեսարացի եպիսկոպոսապետի ճառը Սուրբ Երրորդության մասին «Մոսկվայի «Գարաժում» հայ ճարտարապետների կառուցած ամառային կինոթատրոնը շատ զիլ է ստացվել» Թանգարանը կարիք ունի այցելուների, մեր թախիծն է, որ թանգարանը չի գործում նախկին աշխուժությամբ. Ա. Իսահակյանի անվան թանգարանի տնօրեն Ավետիք Իսահակյան․ Թե դեպի կյանքը, թե դեպի մարդիկ Մուշեղ Իշխան․ Տապանագիր ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԿԸ ՊԱՏՐԱՍՏՈՒԻ «ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ»-Ը՝ ՏԻՐԱՅՐ Ծ. ՎՐԴ. ՏԷՐՎԻՇԵԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ Ո՞րն է ձեր ընտրությունը Կամերային կենտրոնը կներկայացնի Ռիշար Գալիանոյի մասնակցությամբ «Տարվա եղանակներ» համերգի տեսագրությունը Երևանի Օղակաձև զբոսայգում ուղղվել և ներկայացվել է սխալ տեղադրված վիշապաքարը Ո՞ւմ կամ ինչի՞ վրա հույս դնել Հրաչյա Թամրազյան․ Փոխակերպություն Ռազմիկ Դավոյան. Ինձ էլ աշխարհից մի բան հասավ «Մինչև ե՞րբ պիտի գամված մնաս, ո´վ ծույլ․․․» Սաղմոս ՃԽԲ Հին Թիֆլիսի երգիչը ՀՀ տարածում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը փաստագրել է մոտ 100 վիշապաքար Համո Սահյան. Անձրև Վահագն Դավթյան. Անի Ապահովություն Զրույց «ոչնչի» շուրջ Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան «Հացի բազմացումը» տեսարանի պատկերագրական դրսևորումը Եղիշե Չարենց․ Մայրամուտներ Պարույր Սևակ․ Անակնկալ հայտնագործություն Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին Քարոզչություն «Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար Ռազմիկ Դավոյան. Արարչություն Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Վստահություն Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է Հավատարմություն
website by Sargssyan