Մարդիկ ավելի շատ մտածում են, քան՝ շնչում, մաս 1-ին

Մարդիկ ավելի շատ մտածում են, քան՝ շնչում, մաս 1-ին

(Հոգևոր պայքարի մասին, մաս 1-ին)

Մեր ժամանակներում ապրող սրբակյաց հոգևոր հայրերից մեկը՝ Հայր Նիկոն Աթոսացին, իր հոգևոր զրույցների ժամանակ խոսում է հոգևոր պայքարի տարբեր դրվագների մասին, որոնք օգտակար են ամենօրյա հոգևոր կյանքի և փորձություններից զերծ լինելու համար: Ահա ներկայացնում ենք նրա զրույցներից որոշ հատվածներ: Նա ասում է, որ մարդիկ ավելի շատ մտածում են, քան՝ շնչում: Քանի դեռ թթվածին ենք շնչում, կարող են հազարավոր մտքեր հայտնվել, բայց մենք այդ իրողությանը չենք անդրադառնում: Մեզ հաշիվ չենք տալիս, որ մեր մտքերը ձևավորում են մեր բնավորությունը, անձի պատկերը, ստեղծում՝ ինքնությունը: Մեր ողջ կյանքը մեր մտքերի արդյունքն է: Դրանց օգնությամբ, օրինակ՝ կարող ենք փոխել մեր ապագան: Այն որևէ տեղ գրված ծրագիր չէ, այլ մենք ենք որոշում, թե ինչպես է լինելու: Մեր մտքերով նույնիսկ կարող ենք առիթ դառնալ, որպեսզի Աստված փոխի Իր որոշումը մեր ապագայի վերաբերյալ: Անկախ նրանից, թե որքան անհավատալի է հնչում, սա Սուրբ Գրքի ուսմունքն է: Մենք դա տեսնում ենք, օրինակ՝ Հովնան մարգարեի պարագայում Նինվեի պատմության մեջ: Մեծ քաղաքը մեղքի մեջ էր, և Աստված որոշեց ոչնչացնել դրա բնակչությանը: Նա նման որոշում կայացրեց, և դա պետք է դառնար Նինվեի ապագան: Բայց Հովնան մարգարեն սկսեց ապաշխարություն քարոզել, Նինվեի բնակիչները ապաշխարեցին, և Աստված փոխեց Իր որոշումը: Սուրբ Գրքում բառացիորեն ասվում է. «Եվ Աստված զղջաց» (Հովն. 3.10): Եվ ամբողջ ժողովուրդը փրկվեց: Ահա, թե ինչ կարող է տեղի ունենալ մեր մտքերի փոփոխության դեպքում:

Բայց եկեք տեսնենք մեր և դևերի ուղարկած մտքի տարբերությունը: Հաճախ դրանք նույնացվում են: Ասում են` մի միտք եկավ, ծնվեց: Դրանք, կարծես, նույն բանն են, սակայն չարի կողմից եկած միտքը համառ միտք է, այլ ոչ թե պարզապես անցնում և գնում է: Սա այն միտքն է, որը գալիս է, գնում, վերադառնում, մեզ անհանգստացնում է: Սա այն է, ինչ մենք չար միտք ենք անվանում: Մտքերի ուժը մեծապես ազդում է ոչ միայն մեր ներկա և ապագա կյանքի, այլև՝ մարմնի վրա: Մի վանքի վանականներից մեկը երբեք քնջութի յուղ չէր ուտում, բայց հալվա սիրում էր: Նա այն մեծ հաճույքով էր ուտում: Մեկ այլ վանական նրան ասաց.

– Ինչպե՞ս չես կարող քնջութի յուղը հանդուրժել, բայց հալվա սիրել:

– Իսկ ի՞նչ ընդհանրություն կա դրանց միջև:

– Չէ՞ որ հալվան քնջութի յուղից է պատրաստվում:

Երբ հալվա սիրող վանականը սա լսեց, փսխեց: Ահա այսպես միտքն ազդում է մարմնի վրա: Աթենքի մի լավ հոգեբույժներից մեկը՝ մի հայտնի վարդապետի հոգևոր զավակը, մի տիկնոջ էր բուժում, որը սարսափելի հոգեբանական խնդիրներ ուներ: Նրա համար Հոլանդիայից ինչ-որ հազվագյուտ և թանկարժեք դեղամիջոց էր ստացել և բացատրել.

– Զգո՛ւյշ եղեք, հենց այս դեղահաբերն ընդունեք՝ ըստ իմ նշանակման: Խնդիրը փողի մեջ չէ, այլ պարզապես դժվար է դրանք գտնել:

Այդ կինը նման վերաբերմունքի և հոգատարության համար երախտապարտ էր նրան: Հաբերն ընդունում էր ճիշտ բժշկի ցուցումների համաձայն, և նրա առողջությունը վերականգնվում է: Նա փառք է տալիս Աստծուն և իր շնորհակալությունը հայտնում բժշկին, որ իրեն բուժեց, քանի որ հիվանդությունը նրան տանջել էր տասը տարի: Բայց ի՞նչն էր խնդիրը: Հարցն այն էր, որ այդ դեղահաբերը… սովորական քաղցրավենիք էին: Տեսե՛ք, թե միտքն ինչ կարող է անել: Տեսե՛ք, թե միտքն ինչպես է ազդում մարմնի վրա: Դժբախտաբար, միշտ չէ, որ դրական արդյունք է լինում, ինչպես մեկ այլ դեպքում: Իմ ազգականներից մեկը մի կնոջ մոտ գնաց, որը գուշակություն էր անում բյուրեղների վրա: Այս կինը շատ հայտնի գուշակ էր և նրան ասաց, որ վերջինս սրտի հետ կապված խնդիրներ ունի և հաջորդ լիալուսնի ժամանակ կմեռնի: Իմ ազգականն առողջ, երջանիկ և ուրախ անձնավորություն էր: Եվ այնուամենայնիվ, նա շատ էր վստահում այդ կնոջը, որը մեծ համբավ էր վայելում: Նա ենթարկվել էր գուշակի ներշնչանքին և սարսափի մեջ էր: Այս միտքը նստվածք տվեց նրա ուղեղում: Նա այդ մասին պատմեց այլ մարդկանց, ժառանգությունը կարգավորեց, կտակ գրեց: Եվ այդ սարսափելի ներշնչանքն իրականացավ, որովհետև ամբողջովին հավատաց նրան: Նա լիովին առողջ լինելով՝ մահացավ: Այդպիսին է մտքերի ուժը, ինչպես լավ, այնպես էլ վատ:

Երեք տեսակի մտքեր կան: Առաջինը մեր սեփական մտքերն են: Երկրորդ տեսակի մտքերը նրանք են, որոնք սատանան է մեզ ուղարկում: Ասում ենք, որ մի միտք եկավ, բայց չենք պատկերացնում, թե իսկապես որքան շատ է այդպես լինում տարբեր իրավիճակներում: Իրոք, միտքը եկավ. իսկապես ինչ-որ մեկը բերեց: Չար ոգին կարող է մտքեր սերմանել մեր գլխում: Այսպիսով, մտքեր կան, որ մեր սեփականն են, որոնք մենք ինքներս ենք ստեղծում, կան մտքեր, որոնք սատանան է մեզ ներշնչում, և մտքեր, որոնք Աստված է մեզ ուղարկում: Ինչպե՞ս կարող ենք դրանք տարբերել, որպեսզի կարողանանք գործ ունենալ միայն մեր մտքերի և Աստծու կողմից մեզ ուղարկածների հետ և մերժել սատանայի մտքերը: Իսկապես ինչպե՞ս տարբերել այս մտքերը: Դա հենց այնպես հնարավոր չէ անել: Նման դեպքում ոչ մի կերպ չենք կարող տարբերել, թե որոնք են մեր մտքերը, որոնք են Աստծո կողմից ուղարկվում մեզ, և որոնք՝ սատանայի: Մեզ փորձառություն է անհրաժեշտ, մեծ պայքար: Եկեղեցու հայրերն ասում են, որ մտքերը տարբերելու պարգևը մեծագույն առաքինություն է: Այս դեպքում ինչպե՞ս կարող ենք ընդունել Աստծո մտքերը, որպեսզի ապրենք և մի կողմ վանենք չարերը, որպեսզի ինքներս մեզ չկործանենք: Սկզբունքորեն պետք է ընդունել բարի մտքերը և չարերը մի կողմ վանել: Թվում է, թե պարզ է, բայց այդքան էլ այդպես չէ, քանի որ անմիջապես առաջ է գալիս երկու խնդիր: Նախ՝ ինչպես դիմավորել և մերժել չար մտքերը, և երկրորդ՝ եթե սատանան «բարի» միտք է ուղարկում, ապա ինչպե՞ս հասկանալ, որ սատանայից է: Գիտենք, որ այն ժամանակները, երբ սատանան հայտնվում էր կոտոշներով, անցել են: Այժմ նա փոխակերպվել է, գիտի՝ ինչպես քողարկվել, հայտնվում է խարիզմատիկ անձի, համոզիչ քաղաքական գործչի, տարբեր աղանդավորների տեսքով, որոնք գրավում են իրենց խոսքով, քարոզներով: Ինչպե՞ս հասկանալ, թե որ դեպքերում է սատանան թաքնվում: Երբ միտքը վատն է, մենք այն մերժում ենք, բայց երբ «լավ» միտք է գալիս, ինչպես հասկանալ, որ այն սատանայից է: Սուրբ Գիրքն ասում է. «Ճանապարհներ կան, որ մարդու աչքին ուղիղ են թվում, բայց նրանց վերջավորությունը տանում է դեպի դժոխքի հատակ» (Առակ. 16.25): Կան ճանապարհներ, որոնցով քայլում ես, և քեզ լավ ես զգում, բայց վերջում քեզ մահ է սպասվում: Ինչպե՞ս գործել, որպեսզի չգնանք այդ «լավ» ուղիով, որը մեզ մահվան է տանում: Եկեք հակիրճ քննարկենք վատ մտքերի զարգացումը: Այն շատ պարզ է: Յուրաքանչյուր միտք որոշակի զարգացում ունի: Օրինակ՝ անցնում ենք հասարակաց տան կողքով, և միտքը գալիս է. «Ներս մտնեմ»: Կամ դրամապանակ ենք տեսնում և մի միտք է գալիս. «Վերցնեմ այն»: Մտքի այս փուլը կոչվում է հարձակում: Այն հարձակվում է մեզ վրա, գրոհում է: Դու մերժում ես այդ միտքը՝ ասելով. «Ո՛չ, ես չեմ մտնի», կամ «Ուրիշի դրամապանակը չեմ վերցնի»: Միտքը կրկին պնդում է. «Նե՛րս մտիր, գուցե այնտեղ ինչ-որ գեղեցկություն լինի» կամ «Դրամապանակը կարծես լիքն է, հավանաբար դրա մեջ շատ փող կա»: Դուք նորից վանում եք այս մտքերը և ասում. «Ո՛չ», բայց միտքը վերադառնում է: Սա հարձակում է: Աստծո առաջ մենք պատասխանատու չենք այս չար մտքերի հարձակման համար: Միտքը գալիս է, մենք վանում ենք այն, նորից է գալիս և այդպես շարունակ կրկնվում է: Երկրորդ փուլը պայքարն է: Պայքարում ենք մտքի դեմ: Գրոհի համար պատասխանատու չենք, իսկ [մեր դեմ] պայքարի համար ոչ միայն պատասխանատու չենք, այլև դրա համար Աստծուց պարգևատրվելու ենք: Մենք Աստծուց պարգև կստանանք, քանի որ պայքարում ենք, դուրս ենք մղում այդ միտքը: Սա մեզ համար հաճախ ցավոտ է, քանի որ ուզում ենք անել այն, ինչ ցանկությունն է մղում, բայց Քրիստոսի հանդեպ սիրո պատճառով չենք անում: Աստծուց վարձատրություն կստանանք: Այս պայքարի միջոցով մենք փրկվում ենք: Բայց եթե սկսենք մտովի քննարկել այդ միտքը և ասել. «Լավ, ես կմտնեմ, կնայեմ, միգուցե ինչ-որ գեղեցկություն տեսնեմ: Ես ոչինչ չեմ անի, պարզապես նայեմ և դուրս գամ» կամ. «Ես քսակը կվերցնեմ և ողորմություն կտամ: Դրա մեջ բավականաչափ փող կա, ես բարի գործ կանեմ և ինձ համար էլ կթողնեմ»: Այս փուլը կոչվում է կապակցում: Մենք փորձում ենք արդարացնել իրավիճակը: Մեղքի սկիզբն այն պահն է, երբ ասում ենք. «Ներս մտնեմ», կամ. «Վերցնեմ դրամապանակը և դնեմ գրպանս»: Պատմությունն ավարտվեց: Մենք Աստծո առջև մեղավոր ենք: Կարևոր չէ` իսկապես կմտնենք հասարակաց տուն կամ դրամապանակը կվերցնենք: Դա արդեն կախված է արտաքին գործոններից: Միգուցե ինչ-որ մեկը մեզ տեսնի, մենք ամաչենք, և ներս չմտնենք: Բայց ցավալին այն է, որ չարն արդեն տեղավորվել է մեր մտքում: Ահա այսպես մեղավոր միտքը գրավում է մեզ: Եվ դրա զարգացման չորս փուլերն են՝ հարձակում, պայքար, կապակցում և համաձայնություն: Ամեն ինչ համաձայնության մեջ է: Չկա այնպիսի չարիք, որի հետ նախապես չենք համաձայնվում: Շատ քիչ չար արարքներ, հանցագործություններ, մեղքեր կան, որոնք կատարում ենք մեղքի նկատմամբ անուշադրության, ցրվածության շրջանակներում, քանի որ սատանան մեզ մոտենում է այն պահին, երբ անուշադիր ենք: Իսկ շատ դեպքերում մենք ներքին համաձայնություն ենք տալիս չարիքին: Հետևաբար, մինչև չարիքը մեր մեջ չգործվի, այն երբեք մեզանից դուրս չի գա արտաքին իրողություն: Քրիստոս դա նկատի ուներ, երբ ասաց. «Ամեն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդեն շնացավ նրա հետ իր սրտում» (Մատթ. 5.28): Հետևաբար, Սուրբ Գրքում ասվում է. «Ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է» (Ա Հովհ. 3.15): Նա, ով ատում է իր եղբորը, սպանում է նրան իր սրտում: Նրան որպես մարդասպան են դատելու: Եվ Եկեղեցու հայրերը խոսում են ատելության մահացու ուժի մասին: Երբ ինչ-որ մեկին ատում ես, նախանձում, նրան արդեն սպանում ես քո մեջ: Սա պոտենցալ սպանություն է: Ուստի, Քրիստոս ասում է, որ մենք նախ պետք է ներսից մաքրենք բաժակը, որպեսզի այն մաքուր լինի և արտաքուստ (տես՝ Ղուկ. 11.39-40): Ահա, թե ինչու ենք այդպիսի կարևորություն տալիս մտքերին:

(Շարունակելի)

Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Աղբուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում