Երևանում արվեստների կենտրոն ու թանգարան է բացվում

Երևանում արվեստների կենտրոն ու թանգարան է բացվում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Առաջին անգամ Հայաստանում՝ Երևանում, մեկ հարկի ներքո կգործի արվեստների կենտրոն ու թանգարան: Բոյաջյան արվեստների կենտրոնում և Հայկական գրաֆիկայի թանգարանի հավաքածուներում կներկայացվեն Վարդգես Բոյաջյանի «XX-րդ դարի գրաֆիկական արվեստի վարպետները» անհատական հավաքածուի հայկական բաժինը` աշխարհահռչակ արվեստագետների՝ Էդգար Շահինի, Ժան Գառզուի, Ժան Ժանսեմի մի քանի հարյուրից ավելի արվեստի գործեր՝ գծանկար, վիմագրություն, օֆորտ, նկարազարդ գրքեր: Արվեստի կենտրոնը բացվելու է նոյեմբերի 22-ին Սպենդիարյան 4 հասցեում:

Panorama.am-ի հետ զրույցում հավաքորդ Վարդգես Բոյաջյանն ասաց, որ այդ հասցեում մշտապես գործելու է արվեստի կենտրոնն ու թանգարանը, իսկ ներկայացված աշխատանքների հեղինակները հայ մեծանուն արվեստագետներն են:

«Նրանց տեղն այստեղ է: Հայաստան են բերված, որպեսզի մնան այստեղ: Իհարկե, ժամանակ առ ժամանակ կվաճառվեն որոշ աշխատանքները, նոր գործեր կգնվեն ու կբերվեն՝ ներկայացնելու հայաստանյան հանրությանը»,- նշեց նա:

Վ. Բոյաջյանն ընդգծեց, որ այս կենտրոնն այս պահին աշխարհում հայ գրաֆիկայի միակ թանգարանն է ու ողջ հավաքածուն բերված է Եվրոպայից:

«Մեր ընտանեկան հավաքածուն է, հավաքված է Եվրոպայում: Բոլորը բնօրինակ գործեր են ու հազվագյուտ գրքեր»,- նշեց հավաքորդը:

ԲԱԿ-ի և Հայկական գրաֆիկայի թանգարանի բացման արարողությանն զուգահեռ` նոյեմբերի 22-ին, ցուցահանդես կկազմակերպվի Գյումրիում (Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի ցուցասրահ), որոնցում ներկայացված կլինեն նույն հավաքածուից բացառիկ աշխատանքներ, որոնք այնուհետև կրկին կտեղափոխվեն երևանյան մշակութային օջախ:

Վ. Բոյաջյանն ասաց, որ արվեստի կենտրոնի երկրորդ հարկում մշտական թանգարանն է գործելու, առաջին՝ ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ աշխատանքներն անընդհատ փոխվելու են: ԲԱԿ-ում նաև գործելու է արտ-կաֆե «Գառզու», որտեղ արվեստասեր հանրությունը կարող է հանդիպել ու քննարկել մշակութային հարցեր, նախատեսում են կամերային երաժշտության համերգներ, գրական երեկոներ:

Նա նշեց, որ Հայաստանում ներկայացվում է իրենց հավաքածուի միայն մի մասը, ունեն նաև յուղաներկ գործեր, քանդակներ, հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքներ, որոնք ցանկանում են ներկայացնել Եվրոպայում:

«Հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքները տանում ենք Եվրոպա, 20-րդ դարի հայ մեծանուն արվեստագետների աշխատանքները բերում Հայաստան»,- նշեց հավաքորդը:

Վարդգես Բոյաջյանի խոսքով, հայ արվեստը, արվեստագետները գնահատված ու հարգված են Եվրոպայում:

«Սիրված է Էդգար Շահինի, Ժանսեմի, Շառլ Ադամյանի, Գառզուի, Վարդան Մախոխյանի, Արսեն Շաբանյանի, Արշիկ Գորկու արվեստը: Չկա այնպիսի վաճառք՝ աճուրդ կամ անհատական, որտեղ հայտնվեն նրանց աշխատանքներն ու չվաճառվեն»,- ասաց Վ. Բոյաջյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում