Սուրբ Հովհան Ոսկեբերան. Դատարկության եվ ճոխության մասին

Սուրբ Հովհան Ոսկեբերան. Դատարկության եվ ճոխության մասին

Դատարկաբանության և ճոխության մեջ իր կյանքն անցկացնող մարդուց ավելի անօգուտ բան չկա: Ուտելու և անգործության բավականությունն այնպես չէ, ինչպես թվում է, այլ կարճաժամկետ է և անցողիկ: Չզբաղվենք այդպիսի կյանքով: Նայենք, թե ով է ավելի հաճելի անցկացնում ժամանակը. աշխատողը և աղքատության մեջ ապրո՞ղը, թե՞ ճոխությունների տրվողը, ապա կտեսնենք, որ առաջինը, որովհետև նախ վերջինիս մարմինը փափկության մեջ թմրած է, նրա մարմնական ցանկությունները առողջ վիճակում չեն, այլ թույլ և անկենդան են, իսկ առանց դրա չկա նաև առողջության հաճելի զգացում: Ինչպիսի՞ նավն է օգտակար՝ լողացո՞ղը, թե՞ անշարժ կանգնածը, ինչպիսի՞ երկաթը՝ գործի մեջ օգտագործվո՞ղը, թե՞ անգործածելին: Առաջինը փայլում է արծաթի պես, իսկ մյուսը ժանգոտվում է, դառնում անպիտան և նույնիսկ կորցնում իր նյութի մի մասը: Նման մի բան էլ տեղի է ունենում նաև ծույլ հոգու հետ, կարծես ժանգը ծակում է նրան և ոչնչացնում նրա փայլը: Ինչո՞վ կարելի է ոչնչացնել այդ ժանգը՝ վշտի փորձաքարով, որը հոգուն դարձնում է օգտակար և ամեն ինչի ընդունակ:

Ո՞ւմ կարող է հաճելի լինել իր մարմինը պարարտացրած մարդը: Սա չեմ ասում նրանց համար, ովքեր բնականից այդպիսին են, այլ նրանց համար, ովքեր պարարտացնում են իրենց մարմինը ճոխությամբ և բնականից գեր չեն: Արևը ծագում է, ամենուր տարածում իր լուսավոր ճառագայթները. հողագործն իր բահը վերցրած՝ դուրս է գալիս, բոլորը սկսում են իրենց աշխատանքը, իսկ նա վաղ առավոտից զբաղված է ստամոքսը լցնելով և մտածելով, թե ինչ ճոխ ընթրիք պատրաստի: Արթնանում է, երբ արևն արդեն լուսավորել է ամեն ինչ, երբ արդեն բոլորը բավականին հոգնել են իրենց աշխատանքներից, պառկում է անկողնում՝ օրվա լավագույն ժամերը կորցնելով մռայլ երազների մեջ, այնուհետև երկար ժամանակ նստում է անկողնու մեջ՝ այդպես անցկացնելով օրվա մեծ մասը: Ապա զարդարում է իրեն, դուրս գալիս փողոց, սկսում խոսել և այնպիսի բաներ անել, որ ավելի լավ կլիներ նորից քնելը, քան արթուն մնալը: Եթե նրան որևէ տհաճ բան են ասում, դառնում է դյուրազգաց աղջիկների պես, իսկ եթե հաճելի բան են ասում, ապա դառնում է երեխաների նման թեթևամիտ: Նա պատրաստ է ենթարկվել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են չարիք գործել, եթե նույնիսկ ոչ մարդկանց, ապա կրքերին: Նրան հեշտությամբ են գրավում նաև բարկությունը, հեշտասիրությունը, նախանձը և մյուս կրքերը:

Բոլորը նրան շողոքորթում են, ծառայում՝ առավել ևս կուրացնելով նրա հոգին: Ամեն օր նա ավելացնում է իր հիվանդությունները: Եթե ընկնի դժվարին դրության մեջ, կվերածվի հող ու մոխրի, մետաքսյա հոգուստները նրան ոչ մի օգուտ չեն տա: Այս ամենը ձեզ հենց այնպես չի ասվում, այլ որպեսզի սովորեցնի, որ դատարկախոսությունն ու ճոխությունը ոչ ոքի պիտանի չեն, այլ միայն ծառայում են սնափառությանը և հաճույքներին: Ինչպե՜ս են բոլորն արհամարհում այդպիսի մարդուն, նա բեռ է աշխարհին և ծնվել է իր կործանման և մարդկանց վնասելու համար: Իր բնությամբ հոգին պահանջ է զգում շարժումի և չի կարողանում հանդուրժել անգործությունը: Աստված նրան գործունյա է ստեղծել, գործը հատուկ է նրա բնությանը:

Դատարկությունից և անգործությունից ամոթալի բան չկա, այդ պատճառով էլ Աստված մեզ աշխատանքի անհրաժեշտությունը տվեց: Անգործությունը վնասում է ամեն ինչ, նույնիսկ՝ մարմնի անդամները: Եթե աչքը կամ ստամոքսը կամ մյուս անդամները չեն կատարում իրենց գործը, ապա ավելի վատ հիվանդություններ են առաջանում. այդ ամենը հատկապես հոգին է կրում: Օրինակ, եթե մեկը ոչինչ չուտի, կվնասի իր ատամները և եթե սկսի ուտել անպետք բաները, նույնպես կվնասի: Նույնն է նաև այստեղ. եթե հոգին ոչ մի բան չի անում կամ անում է այն, ինչ հարկավոր չէ, կորցնում է իր ուժը: Այդ պատճառով ջանանք խուսափել թե՛ դատարկությունից և թե՛ այդպիսի գործունեությունից, ինչը դատարկությունից ավելի վատ է: Ի՞նչ գործեր են դրանք. անառակություն, բարկություն, նախանձ և մյուս կրքերը: Հեռու փախչենք այդպիսի գործերից, փութաջանորեն բարեգործություն անենք, որպեսզի արժանանանք մեզ խոստացված բարիքներին:

Ռուսերենից թարգմանեց Գայանե ԹԵՐԶՅԱՆԸ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

Հետևեք մեզ նաև Telegram-ում