Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է

Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  Panorama.am: Այսօր ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1939 թ. Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Էդուարդ Միրզոյանի դասարանը: Եղել է Հայկական ռադիոյի երաժշտական խմբագիրը: 1984 թվականին նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի, իսկ 1986 թվականին՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչումները:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է: 1991-2013թթ. եղել է Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահը: Հեղինակել է ավելի քան 300 երգ, վոկալ շարքեր, օպերետներ («Ատամնաբույժն արևելյան»), երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար:

Հեղինակել է այնպիսի հայտնի և սիրված երգերի երաժշտություններ, ինչպիսիք են օրինակ` «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն: 1998 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2012 թվականին «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի:

Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ: Նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Այստեղ Հայաստանն է» խորագրով համերգը` Արցախի պետական ջազ նվագախմբի (ղեկավար` Տիգրան Լալայան), Արցախի պետական երգչախմբի (ղեկավար` Նինա Գրիգորյան) և Արցախի մեներգիչների մասնակցությամբ: Համերգային ծրագիրը կազմված է Ռոբերտ Ամիրխանյանի հին և նոր ստեղծագործություններից:

Նոյեմբերի 25-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Տարիների սիրված մեղեդիներ» խորագրով երեկո, որին բացի կոմպոզիտորից հանդես կգա նաև կոնտրալտո Սեդա Ամիր-Կարայանը (Գերմանիա):

Հետևեք մեզ նաև Telegram-ում