Արվեստագետները կհարգեն քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակը նրան նվիրված համերգային ծրագրով

Արվեստագետները կհարգեն քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակը նրան նվիրված համերգային ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով նոյեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երգիչ, երգահան Վահան Արծրունին կներկայացնի «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոյին հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը (խմբավար՝ Կարինե Երզնկյան), ֆլեյտահար Նելլի Մանուկյանը, հոբոյահար Հովհաննես Պապիկյանը, գալարափող կնվագի Մերուժան Տեր-Մինասյանը, իսկ հայկական վիոլա` Գրիգոր Առաքելյանը:

«Բոլորովին վերջերս կյանքից հեռացավ մեծանուն արվեստագետներից մեկը` Արտո Չաքմաքչյանը, որի կյանքը լի էր ինչպես նվաճումներով ու վերելքներով, այնպես էլ` դրամատիկ պահերով: Բազմաթիվ անհարթություններ են եղել Արտո Չաքմաքչյանի և նրա հայրենիքի միջև: Պետական վերահսկողության պատճառով նա մտածել է երկիրը թողնելու և ավելի ազատ պայմաններում ստեղծագործելու մասին»,-համերգի առիթով կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը:

Նրա խոսքով` նման նախաձեռնությունը, որի հեղինակը Վահան Արծրունին է, առիթ է հարգանքի տուրք մատուցելու արվեստագետի հիշատակին:

«Չաքմաքչյանն արվեստագետ է, որն ամփոփում է ինչպես խորը ազգային արմատները, էությունը, այնպես էլ միջազգային տարբեր դպրոցների, տարբեր ուղղությունների, մեծ մշակույթի ազդեցություններն ու շերտերը: Նա կարողանում էր համադրել ամենն այնպես, որ շատ դժվար էր հստակ սահմանագիծ անցկացնել ազգայինի և միջազգայինի միջև»,-շեշտեց նախարարի տեղակալն ու հավելեց` փոխնախարար Նարինե Խաչատուրյանը աջակիցների հետ քայլեր է ձեռնարկել քանդակագործի ժառանգությունը Հայաստան տեղափոխելու համար:

«Պրինտ ինֆո» հրատարակչության տնօրեն նկարիչ Արամ Մեհրաբյանն էլ պատմեց, որ մի առիթով Չաքմաչյանն ասել է` իր քանդակները դերասաններ են, որոնք խոսում են իր մտքերի մասին:

«Նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել զրուցել Արտոյի հետ, կվկայեն, որ դրանք մեծ բավականություն պատճառող զրույցներ են եղել, միևնույն ժամանակ՝ դժվար: Նա ոչ թե խոսում էր, այլ խոսքը վերածում էր հերթական քանդակի, և ստիպված էիր դադար առնել` հասկանալու համար, թե ինչ ասվեց»,-խոստովանեց նկարիչը:

Վահան Արծրունին պատմեց, որ Չաքմաքչյանին հանդիպել է 2004 թվականին Նյու Յորքում: «Մեկ շաբաթ շարունակ նրա հետ շփվելու արդյունքը եղավ այն, որ նա առաջարկեց հետևյալը. ասաց, որ եթե հրատարակեմ «Կոմիտաս. տասը հայտնություն» ալբոմը, ինքը կնկարի գծանկարներ ցանկացած բանաստեղծության համար: Դա տեղի ունեցավ: Ալբոմի յուրաքանչյուր էջին զետեղված են նրա քանդակների պատկերները, գծանկարները: Այս համերգին ներկայացվելու են այն գծագրերը, որոնք Արտոն տրամադրել էր ինձ, և որոնք երբևէ չեն ցուցադրվել»,-եզրափակեց Արծրունին:

Արտո Չաքմաքչյանը հայ ժամանակակից քանդակագործության ամենաերևելի ներկայացուցիչներից մեկն է, որի ստեղծագործություններում կենտրոնական թեմաներ են մարդկային կյանքի դրամատիզմը, տառապանքն ու վիշտը, համամարդկային աղետները, ցեղասպանությունները: Չաքմաքչյանի գործերը ներկայացված են ամբողջ աշխարհում և արժանացել են բարձր գնահատականի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում